Վերնատուն

«44 պարտություն․․․»․ եկե՛ք խոսենք պարտության մասին․ «Վերնատուն»

Լույս է տեսել «44․ Պարտություն․ 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» վերնագրով հետազոտությունը։

Հետազոտության նպատակն է հանրային ուշադրությունն ուղղել Արցախյան երկրորդ պատերազմի փաստերին, ինչպես նշում են հեղինակները՝ փորձելով այն հասկանալ և քննության ենթարկել ամենալայն իմաստով՝ պատերազմական գործողություներից, մինչև որոշումների ընդունում, ընկալումների, ռազմավարական մտածողության որակների մակարդակ և այլն։

Երեսունհինգ հարցազրույցի վրա հիմնված հետազոտությունն արվել է քաղաքական և ռազմական գործիչների, փորձագետների, պատերազմի մասնակիցների հետ՝ ամբողջացնելով 44-օրյա պատերազմի մանրամասն ժամանակագրությունը և ռազմական գործողությունների քարտեզը։

Գրքի հեղինակներ՝ Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չըթըրյանը և փիլիսոփայության դոկտոր, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր նախագահ Աշոտ Ոսկանյանը խոսում են գրքի մասին։

Վիգեն Չըթըրյանը նշում է, որ դժբախտաբար Հայաստանում ձևավորվեց քաղաքական դիսկուրս, որը սահմանափակվեց «դավաճան» անվանելով այս կամ այն կողմին և հենց այդ դիսկուրսը կասեցրեց ուսումնասիրման որևէ լուրջ փորձ՝ հասկանալու «ձախողումների մեծ շղթայի պատճառները»։

Աշոտ Ոսկանյանն ասում է, որ առաջացել է պարտության մասին չխոսելու կոնսենսուս «Այս գիրքն ինձ համար նախևառաջ կարևոր է նրանով, որ կոչ է անում․ «եկե՛ք խոսենք այդ մասին», դուրս գալով «գզվռտոցի» սահմաններից»։

«Մենք պիտի մեկ քայլ անդին գնանք և պիտի մասնագիտական աշխատանք տանենք, որ կարողանանք հասկանալ ոչ միայն անցյալի սխալներն ու ձախողումների պատճառները, այլ այդ ամենը օգտագործենք սրբագրելու, այսօրվա և ապագայի սխալներից զերծ մնալու համար», – ասում է Վիգեն Չըթըրյանը։

«44․ Պարտություն․ 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 13-ին, ժամը 18։00-21:00, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Երևան» սրահում։

Կարդացեք նաև

Back to top button