
Երևանում կայացավ հնդկական ֆիլմերի 2-րդ փառատոնը։ Փետրվարյան փառատոնը նվիրված էր հայ ֆիլմասերների ավագ սերնդին հայտնի Ռաջ Կապուրի ծննդյան100-ամյակին։ Իսկ մարտին սպասվող միջոցառման հերոսը կլինի մեկ այլ հայտնի հնդիկ դերասան, որին Հայաստանում առավելապես հիշում են 1982թ.-ին նկարահանված «Դիսկո պարողը՝ Ջիմի» ժապավենից։
Երբ ֆիլմարտադրությունը դեռ բիզնես շահ չէր հետապնդում, երկրները «մտերմանում էին» ֆիլմերի միջոցով։ Այդպես, հայերը Ռաջ Կապուրի միջոցով ճանաչեցին Հնդկաստանը, հնդիկներն էլ Մհեր Մկրտչյանի միջոցով՝ Հայաստանը։
Երևանում փետրվարի 7-9 Հնդկական ֆիլմերի փառատոնի շրջանակում նշվեց «հնդկական Չապլինի»՝ Ռաջ Կապուրի ծննդյան100-ամյակը։
Հինդիով հնչում է Կապուրի մարմնավորած հերոսի երգից հատված։
«Երգով են իրեն հիշում միշտ։ Ու ասում են՝ «Թափառաշրջիկը» իր կարևոր ֆիլմերից մեկն է»։
Կատարումը «Հայ-հնդկական բարեկամություն» կենտրոնի ներկայացուցիչ Ռոզա Նավոյանինն է։ Որպես հնդկական ֆիլմերի գիտակ, ասում է՝ հնում դրանք ընտանեկան արժեքների մասին էին, այժմ պետք է շրջանցել սերիալներն ու դիտել բոլիվուդյան պատմական ֆիլմերը։

«Երբ, որ ասում են հնդկական ֆիլմեր, մարդկանց մոտ տպավորված է, որ վերջում խորթ մայրը հարազատ մայրն է լինում, կամ հակառակը։ Հնդկական կինոինդուստիան Բոլիվուդ են անվանում, որը հիմա ավելի շատ նկարահանում է իրական փաստերի հիման վրա ֆիլմեր, այսինքն, իրենց հերոսների պատմությունը։ Տարեկան 1500-ից ավելի ֆիլմեր է դուրս գալիս Բոլիվուդից»։
Հնդիկ հանդիսատեսը խորհրդային տարիներից հիշում էհնդկական ֆիլմերում նկարահանված անվանի դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանին։ «Ալիբաբան և 40 ավազակները» հայտնի ֆիլմում նա տպավորիչ կերպով մարմնավորել է հերոսներից մեկին։
«Բացասական դեր է եղել, ու ասեմ ավելին՝ իրեն հիշում են հենց Մուստաֆայով, քանի որ կերպարը շատ վառ է եղել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա։ «Լեգենդ սիրո մասին» ֆիլմում էլ է նկարահանվել»։
Ռոզա Նավոյանը պատմում է՝ «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունն ու Վրաստանի մշակույթի պալատը Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ նկարահանել են «Ֆրունզիկ Մկրտչյան․ Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2022թ.-ին։

«Բացի Ֆրունզիկից և Սոֆիկո Ճիաուրելիից, ֆիլմում մնացած բոլոր հայտնիները ողջ են, ու մենք անձամբ իրենց հետ հարցազրույց ենք ունեցել, բոլորը պատմել են իրենց տպավորությունների մասին։ Հեմա Մալինին, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Զիտա Գիտա» ֆիլմով, շատ լավ, դրական էմոցիաներով է հիշում Ֆրունզիկին»։
«Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպութունը մի հետաքրքիր վիճակագրություն էլ է առանձնացրել։ Հաշվել է հայերի ու հնդիկների միջև ամուսնությունների թիվը։ Ըստ այդմ, կազմակերպությանը հայտնի պաշտոնապես գրանցված ամուսնությունների թիվը գերազանցում է 100-ը, որոնցում հայ են առավելապես կանայք, իսկ հնդիկ՝ ամուսինները։
«Հիմա հայ ու հնդիկ զույգերն էլ են ավելանում՝ ամիս առ ամիս։ Անձամբ իմ տնօրենը՝ հնդիկ է, կինը հայուհի է, ես շատ ընկերուհիներ ունեմ, որ ամուսնացած են հնդիկի հետ ու ապրում են Հնդկաստանում, գնում գալիս են։ Բայց բացառություններ էլ կան, որ աղջիկն է հնդիկ, տղան՝ հայ։ Նույն ինքը՝ բոլորին երևի հայտնի տիկին Սանթոշը դասավանդում է Սլավոնական համալսարանում, հնդկերեն է սովորացնում»։
Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհան «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ հնդկական ֆիլմերի առաջին փառատոնը մեր երկրում կազմակերպվել է անցած տարվա նոյեմբերին։
«Հնդկական ֆիլմերը սիրված են եղել Հայաստանում, և մենք ուզում էինք վերակենդանացնել այդ կախարդանքը։ Գիտեք որ, հնդկական ֆիլմերի հետ կապված ջերմություն և կարոտ կա: Այսպիսով, մենք մտածեցինք, որ սա լավ ժամանակ է վերակենդանացնելու այդ հիշողությունները։ Այժմ մենք ներկայացնում ենք Ռաջ Կապուրի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, իսկ մարտ ամսին մենք կկատարենք Միթհուն Չակրաբորտիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Դուք նրան ճանաչում եք Ջիմիի դերով»։
Դեսպանը մանրամասնում է՝ դիվանագիտական կորպուսը 2025թ.-ին կկազմակերպի հայ-հնդկական բիզնես ֆորումներ, հագեցած կլինի նաև քաղաքական օրակարգը։




