
Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային շենքերից 57 ընտանիք արդեն բնակարան է ստացել` ԲԳՎ-ների և առկա բնակարանային ֆոնդի միջոցով։ Վթարային 10 շենքում 5 ընտանիք է մնացել, որոնք չեն ընդունել քաղաքապետարանի պահանջները։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ վերոնշյալ քաղաքացիները ոչ իրատեսական պահանջներ են ներկայացրել։
Բնակիչներն էլ այլ բան են պնդում։ Ասում են՝ քաղաքապետարանն մեծ տարածքով բնակարան է առաջարկում, հավելյալ գումարով։ Քաղաքապետարանը նրանց տվյալները ներկայացրել է Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ՝ նշված տարածքը որպես իրացման գոտի ճանաչելու համար։
Մոնիկա Մելքումյանը ամուսնու և չորս երեխաների հետ արդեն 15 տարի ապրում է Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկում։ Տաք ու ապահով բնակարանը բազմազավակ ընտանիքի համար երազանք է։ Քանի դեռ այն չի իրականացել, առաջն հերթին եղանակի կանխատեսումներին են հետևում։ Միայն թե առատ ձյուն ու անձրև չլինի․ հակառակ դեպքում տունը միանգամից կփլվի, ասում է Մոնիկան։
«Բացեք դուռը, չեք կարողանա կանգնել։ Խոնավությունը մի կողմից, մկներն ու առնետները մյուս կողմից են վխտում։ Եթե կատու չպահես, կրծելով ման կգան։ Երկու բալանոց երկրաշարժ եղավ Երևանում, ամբողջ պատերը կիսվեցին։ Ավելի վթարային դարձավ»։
Ասում է՝ սպասում է իրենց հասանելիք մեկ սենյականոց բնակարանին։ Երևանի քաղաքապետարանը բազմազավակ ընտանիքին 38 քառակուսի մետրին համարժեք սերտիֆիկատ է առաջարկում, սակայն ընտանիքը երեք քառակուսի մետրի համար իր միջոցներից վճարի։ Ըստ Մոնիկայի՝ մոտ 2 մլն դրամ։
«Հիմա չգիտեմ՝ դա կլինի, թե՞ ոչ։ Կարող է գան մի օր, ասեն՝ դրանից էլ զրկվեցիք։ Դա էլ ինչ որ մեկը տարավ։ Մենք չենք պատրաստվում դուրս գալ։ 4 երեխաների հետ ինչպես պետք է հանեն մեզ այստեղից։ Չնայած, որ այսքան ժամանակ անտերության ենք մատնված, դա էլ է սպասելի»։
Այս շենքի առաջին բնակիչներից տիկին Ժաննան մոտ 30 քառակուսի մետր տարածքում երկու երեխա է մեծացրել։ Ասում է, բնակարանը փոքր է։
Երկու տարբեր հասցեներով սենյակներն իրար են միացրել, փորձել են հարմարություններ ստեղծել։ Այժմ գրանցված են 4 հոգով՝ աղջկա ու երկու թոռների հետ։ Երևանի քաղաքապետարանի առաջարկած տարբերակին կինը չի համաձայնել։
«Ասեցի՝ մինչև իմ երկու սենյակը չտաք, ես դուրս չեմ գալու։ Քանդվում է, թող քանդվի իմ գլխին։ Թող ճակատագրական միակ անձը լինեմ, որ քաղաքապետարանը մտածի իմ հարցի վերաբերյալ։ Հետո առաջարկեցին երկու սենյակ։ Ես էլ խելոք սպասում եմ»։
Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը գործակարգավարական նիստում հայտարարեց, որ ամեն հնարավոր տարբերակ քննարկել են քաղաքացիների հետ։
«Վերջիններս այնպիսի կառուցվածք են առաջարկում, որը համատեղելի չէ քաղաքապետարանի աշխատանքների հետ»։
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ.10 հանրակացարանային շենքի 66 ընտանիքների վերաբնակեցումն սկսել են 2019 թվականին և շարունակել 2023-ին: 2023 թվականին իրականացվել է նաև Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ.10/1 և նախկին 5-րդ ուսումնարանի սպորտային դահլիճի մասնաշենքի բնակիչների վերաբնակեցումը: Առ այսօր Երևանի բնակարանային ֆոնդից 96 և 27 բնակարանների գնման վկայագրեր են տրամադրել: Բնակարանների գնման վկայագրեր ստացած շահառուները բնակարաններ են ձեռք բերել ինչպես նոր կառուցվող շենքերում, այնպես էլ Երևանի, Հրազդանի և Սևանի պատրաստի բնակելի ֆոնդերից։ ԲԳՎ-ների համար հատկացվել է շուրջ 416 միլիոն դրամ:
«Ռադիոլուրը» բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ գրավոր հարցմամբ դիմել էր քաղաքապետարանին։ Կառույցից պատասխանել էին, որ 2023 թվականին Երևան համայնքին պատկանող բնակարանային ֆոնդում 1 սենյականոց բնակարաններ առկա չեն եղել, ուստի վերաբնակեցման հարցը կարգավորվել է բնակարանների գնման վկայագրերի միջոցով։
Վթարային շենքում մինչև 10, 20, 30քմ մակերեսով տարածք զբաղեցնող ընտանիքներին տրամադրվել է համապատասխանաբար 25քմ, 35քմ, 45քմ մակերեսով բնակարանների գնման վկայագրեր՝ 1 քմ մակերեսի համար սահմանելով 402.000 դրամ։
«Վթարային շենքում՝ 30‑50 քմ մակերեսով տարածք զբաղեցնող ընտանիքներին համապատասխան որոշումներով տրամադրվել են Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանային ֆոնդից 2 սենյականոց, իսկ 50 քմ և ավելի զբաղեցնող ընտանիքներին՝ 3 սենյականոց բնակարաններ»:
Արցախի փողոցի 4-րդ նրբ. հ.10 և հ.10/1 հանրակացարանային շենքերում մինչև օրս բնակվող 5 ընտանիքներից մեկը հրաժարվել է քաղաքապետարանի առաջարկված 2 սենյականոց բնակարանից, իսկ մնացած չորսը՝ բնակարանների գնման վկայագրերից: Այդ ընտանիքների վերաբնակեցման հարցը կարգավորելու համար քաղաքային իշխանությունները միջոցներ են ձեռնարկում վերը նշված հասցեների՝ հանրակացարանային շենքերով ծանրաբեռնված տարածքները հանրության գերակա շահ ճանաչելու ուղղությամբ, հայտնում են քաղաքապետարանից:




