
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների գործով երկու անձ է ձերբակալվել։ Քրեական գործը հարուցվել է սպանության, խուլիգանության, ապօրինի զենքի օգտագործման հոդվածներով։
Այս գիշեր կրակոցներ են հնչել Մերձավանում, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Կրակոցները հնչել են Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ։
Այս գիշեր արշալույսները խաղաղ չէին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ զինված հարձակում է եղել համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Մեկ մարդ մահացել է, մեկը վիրավորվել: Հարևանները պատմում են, որ կրակոցների ձայները լսել են գիշերվա ժամը մեկի շրջակայքում, դրանք երկար են տևել։ Վնասվել են նաև համայնքի ղեկավարի տան մոտակայքում գտնվող խանութի ապակիները։
«Կրակոցների ձայնից ենք արթնացել, եկանք արդեն երեխեն սպանված էր, մյուսն էլ վիրավոր էր։ Սկզբից ինձ թվաց սալյուտ է, ասեցի՝ էս ժամին ո՞վ է սալյուտ խփում»։
Սպանվածը գյուղապետի հորաքրոջ որդին է՝ 30-ամյա Գրիգոր Օհանյանը։
«Երկու եղբայր էին, 4 տարեկան էր, որ հայրը մահացավ, 18 տարեկան էր, բանակում էր, երբ մայրը մահացավ։ Խելոք, աշխատող տղա էր»։
Համայնքապետ Մհեր Ախտոյանը հրաժարվել է խոսել լրագրողների հետ։ Թե որն է միջադեպի պատճառը, առայժմ հայտնի չէ։ Համայնքապետի եղբայրը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ տան ուղղությամբ հարձակում է եղել, այլ մանրամասներ չի ներկայացրել։
«Նախաքննությունը կավարտվի, բոլորը կիմանան»։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության, խուլիգանության, ապօրինի զենքի օգտագործման հոդվածներով։ Ապօրինի զենքի օգտագործման դեպքերի վիճակագրությունն անհանգստացնող է՝ կարծում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա մտադիր է առաջիկայում աշխատանքային քննարկում նախաձեռնել, որի ընթացքում քրեական ոստիկանության պետը զեկույցով կներկայացնի ապօրինի զենք-զինամթերքի վերացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։
«Պետք է տեղեկատվություն ունենանք, թե պատերազմից հետո ինչքան պակասուրդ ունենք, ինչքան զենք է բաժանվել, ինչքան է հավաքվել, որքան է կորել։ Մի կաթիլ մեղրն է․ վիճում են ու հանկարծ ինքնաձիգի կրակահերթ է գնում։ Հետո ասում են՝ քարի տակից երեք ինքնաձիգ գտանք։ Չէ, այլևս քարի տակ պետք չէ, որտեղ պահված է, այնտեղից պետք է հայտնաբերենք․ պայմանավորվածություններն արդեն ի վնաս են աշխատում»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը։
Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանը անցնում է մեկ այլ քրեական գործով ևս։ Ըստ Քննչական կոմիտեի՝ չարաշահել էր ծառայողական լիազորությունները։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր երկամսյա կալանքը, որից հետո այլընտրանքային խափանման միջոց էր կիրառվել:




