ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Թեհրանը չի ուզում այնպիսի «սխալ» անել, որից կօգտվեն հակառակորդները․ փորձագետ

Իրանը բազմիցս հայտարարել է՝ հարևանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է իր համար, նաև ընդգծել, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Հերթական անգամ այս մասին շեշտել է Իրանի նախագահը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։ Փորձագետները, սակայն, փորձում են հասկանալ, թե ինչ կարող է անել Իրանը, եթե զարգացումներն այլ ընթացք  ստանան։

Վերջին ամիսներին Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածություն էր նկատվում, որը Բաքուն այժմ փորձում է մեղմել՝ կարծում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչներից մեկի կողմից  հակաադրբեջանական ու հակաթուրքական հայտարարությունների վերաբերյալ տեղեկատվության ֆոնին էր այդ լարվածությունը։ Բայց ողջ հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանը կարծես թե կառավարելի լարվածության վարչարարություն էր ընտել ամբողջ տարածաշրջանում, միաժամանակ մի քանի ուղղություններով՝ Հայաստանի հետ հարաբերություններում, Ֆրանսիայի Ռուսաստանի և նաև Իրանի հետ հարաբերություններում։ Ինչ վերաբերում է Իրանի հետ դիրքորոշման փոփոխությանը, դա ես պայմանավորում եմ «Զանգեզուրի միջանցք» կոչված ծրագրով կամ եթե իրավական չեզոք  եզրաբանությամբ  նշենք՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայի վերջին ակտիվացումներով, որը կարծում եմ պայմանավորված է նաև Թուրքիայի դիրքորոշմամբ»։

Փորձագետի գնահատմամբ՝ Ալիևը վերջին հայտարարությունները հստակ ուղերձ են պարունակում, որ Բաքուն չի հրաժարվել միջանցքային տրամաբանությունից։ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Բաքուն երկու մարտավարություն է կիրառում իր նպատակին հասնելու համար։ Նախ՝ հասկացնում է ուժի միջոցով այդ նպատակին հասնելու մտադրության մասին, հետո շանտաժի լեզվով խոսում, նշելով, որ եթե Հայաստանը չհամաձայնի ադրբեջանական տարբերակին, ապա Բաքուն այդ ճանապարհը կապահովի Իրանի միջոցով։ 

Ի հակադրություն սրան՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ հստակեցրել է՝ Իրանը երբեք չի համաձայնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխության:

Իսկ ի՞նչ պետք է անի Թեհրանը նման հայտարարություններին ի պատասխան՝ հարցնում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

«Գլխավոր հարցն այն է թե ինչ է անելու Իրանը, եթե ամեն դեպքում այս խախտումը տեղի ունենա։  Եվ այստեղ պետք է արձանագրել՝ ցանկությունը և կարողությունը ինչ-որ բան անելու նվազում է։ Վերջին ամիսների ընթացքում փոփոխություն կա, հատկապես Սիրիայի անկումից հետո, և պետք է հաշվի առնել այն, որ Իրանի խոսքը առաջ շատ ավելի հիմնավորված էր ռազմական ուժով, հիմա՝ շատ ավելի դիվանագիտական արտահայտությամբ»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ ՝ Թեհրանն իրոք խուսափում է ուժի միջոցով հարցերը լուծելու մոտեցումից։

«Աշխարհաքաղաքական այս լուրջ փոփոխությունների  ժամանակահատվածում Իրանն ունի անփոփոխ ռազմավարություն՝ խուսափում է ռազմական գլխացավանքի մեջ ընկնելուց  կամ այնպիսի քայլից,  որը կարող է թիրախավորել իր տարածքը։ Սա Իրանի առանցքային մոտեցումն  է տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների, այդ թվում նաև «Զանգեզուրի միջանցքի» կամ տարածաշրջանում ապաշրջափակման վերաբերյալ։  Եվ բնական է, որ Իրանի քայլերը չեն կարող շեղվել այս մոտեցումից և կլինեն հիմնականում դիվանագիտական, քաղաքական կամ քարոզչական մակարդակում»։

Փորձագետների գնահատմամբ՝ Իրանից ռազմական միջամտություն չպետք է սպասել, քանի որ Թեհրանի հակառակորդները հենց նման, այսպես ասենք,  սխալի են սպասում։ 

Կարդացեք նաև

Back to top button