ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մեքենաների խցանումներին նայում ու Հակարին եմ  հիշում․ Արմինե Տարանյան․ «Կյանքին ասել այո՛»

Արմինե Տարանյանը ծնվել է 1973 թվականին Ստեփանակերտում։ Հաշվապահի մասնագիտություն է ստացել, բայց քիչ է աշխատել, որովհետև ամուսնացել ու  երեք զավակ է մեծացրել։ 2020-ի սեպտեմբերի 27-ին առաջին աշխատանքային օրն էր Ստեփանակերտի ծերերի տուն-ինտերնատում։ Աշխատանքային առաջին օրվա հետ եկավ նաև պատերազմը։ Կանայք երեխաների հետ Գորիս տեղափոխվեցին։ Արմինեի մայրը, որն արդեն ծանր հիվանդ էր, Արցախից եկած լուրերին չդիմացավ ու նոյեմբերի չորսին հեռացավ կյանքից։ 44-օրյայից հետո տուն վերադարձան, վերանորոգեցին տունն ու փորձեցին նորից ապրել։ Ապրեցին անգամ շրջափակման օրերին, օգնեց Արցախի հարուստ բնությունը, որը թշնամուն թողեցին 2023-ի սեպտեմբերին։

Սեպտեմբերի 19-ին խմոր էր հունցել, որ հաց թխի, երբ սկսվեց ռմբակոծությունը։ Հավաքվեցին ու պատսպարվեցին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նկուղում։ «Երբ ամուսինս բարձրացավ տուն, ասացի ճաշն ու խմորը թափի, որ վերադառնանք հոտ չգա, բայց մեր տուն այլևս չվերադարձանք, որովհետև թշնամին արդեն մտել էր մեր թաղամաս՝ Կրկժան»,-պատմում է Արմինեն։ Սեպտեմբերի 23-ին մեկ ճամպրուկով լքեցին Արցախը։ Այժմ ապրում են Երևանում, վարձակալած բնակարանում։ «Շատ դժվար է, ամեն ինչ ինչ-որ մի բան հիշեցնում է․ անգամ մեքենաների խցանումներին նայում ու Հակարին եմ հիշում։ Ամանորին եկեղեցում էինք, տարածքում հնչող հրավառության ձայները սեպտեմբերի 19-ի պայթյունների նույն ձայներն էին հիշեցնում»,-ասում է Արմինեն։ Դժվար է, բայց ուժ են տալիս զավակները, հանուն նրանց պարտավոր է ուժեղ լինել։

Կարդացեք նաև

Back to top button