ԿարևորՄիջազգային

ԱՄՆ պետքարտուղարը Պանամայից պահանջում է «նվազեցնել Չինաստանի ազդեցությունը» ջրանցքի վրա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայից պահանջել է «անհապաղ փոփոխություններ» կատարել Պանամայի ջրանցքի վրա Չինաստանի «ազդեցության և վերահսկողության» հարցում, գրում է BBC-ն։

Ամերիկայի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Պանաման պետք է գործի, հակառակ դեպքում ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի երկու երկրների միջև կնքված պայմանագրի շրջանակներում իր իրավունքները պաշտպանելու համար:

Դոնալդ Թրամփի՝ ջրանցքը հետ վերցնելու խոստմանը հաջորդած նախազգուշացումն արվել է Պանամա Սիթիում՝ Պանամայի պահպանողական նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հանդիպման ժամանակ։

Պաշտոնյաները երկու ժամ տևած հանդիպումից հետո հանդես են եկել տարբեր մեկնաբանություններով:

Մուլինոն լրագրողներին ասել է, ամերիկյան ռազմական ուժերի կողմից ջրանցքը գրավելու լուրջ սպառնալիք չի տեսնում՝ ավելացնելով, որ առաջարկել է տեխնիկական մակարդակով բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ Չինաստանի ազդեցության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգությունները փարատելու համար:

Այնուամենայնիվ, ջրանցքը հետ վերցնելու Թրամփի խոստումը զգալի արձագանք է առաջացրել Պանամայում:

Հինգշաբթի օրը Մուլինոն հայտարարել էր, որ ջրանցքի սեփականության հարցը չի քննարկվի Ռուբիոյի հետ:

«Ես չեմ կարող բանակցել կամ նույնիսկ բանակցային գործընթաց բացել ջրանցքի վերաբերյալ: Ջրանցքը պատկանում է Պանամային»,- ասել է նա:

Ջրանցքի մասին հայտարարություններում Թրամփի պնդել է, որ այն շահագործում են չինացի զինվորները: Նա նաև ասել է, որ ամերիկյան նավերից անարդարացիորեն ավելի շատ են վճար գանձում, քան մյուսներից, չնայած այն հանգամանքին, որ նման գործելակերպն անօրինական է պայմանագրային համաձայնագրերի համաձայն:

Ջրուղին իրականում պատկանում և շահագործվում է Պանամայի կառավարության կողմից՝ ԱՄՆ-ի հետ տասնամյակներ առաջ ստորագրված չեզոքության պայմանագրի համաձայն:

Այնուամենայնիվ, չինական ընկերությունները մեծ ներդրումներ են կատարել ջրանցքի մոտ գտնվող նավահանգիստներում և տերմինալներում:

Կարդացեք նաև

Back to top button