ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Եկամուտ՝ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու դեպքում․ շարունակում են հնչել բողոքներ ու հիմնավորումներ

Եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ դառնալ։ Բոլոր քաղաքացիները կունենան մինչև 100 000 դրամ հետ ստանալու հնարավորություն՝ կրթությանն ու առողջապահությանն ուղղված ծախսերի համար։ Թեև ակնկալվում է, որ մինչև մայիսի 1-ը ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն հայտարարագրերը, բայց դրա անհրաժեշտության ու համակարգի խնդիրների   վերաբերյալ քննարկումները շարունակվում են։

Խրախուսում․ առաջարկում է պետությունը

Եկամուտների հայտարարագրման դեպքում քաղաքացիները կարող են լրացուցիչ եկամուտ ունենալ․ այսպես է մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամուտների պարտադիր հայտարարագրման պարագայում քաղաքացիներին առաջարկվող կրեդիտային համակարգը՝ 100 000 դրամ ստանալու հնարավորությունը։

«Եկամուտների հայտարարագրումը եկամուտների անուղղակի ավելացման համակարգ է։ Համընդհանուր հայտարարագրման արդյունքում քաղաքացիները իրենց վճարած եկամտային հարկից տարեկան մինչև 100 000 դրամ կարող են հետ ստանալ առողջապահության ապահովագրության, ատամնաբուժության, բուհերում, քոլեջներում ու վճարովի դպրոցներում ուսման վճարների, հանրակրթական դպրոցներում դասագրքերի վարձատրության, մանկապարտեզների վճարների, մարզական և արվեստի խմբակների ու դպրոցների, այլ արտադպրոցական կրթական ծառայությունների, այսինքն՝ իրենց ու իրենց երեխաների առողջապահության ու կրթության համար կատարված վճարների դիմաց»։

«Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան վարչապետը շեշտում է՝ եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ առաջացնել։ Նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է հետ ստանալ տարեկան 100 հազար դրամ՝ առանց որևէ լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն ունենալու․

«Եվ ընդհանրապես, որևէ մեկի համար չի կարող ավելացնել, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ դրույքաչափի փոփոխություն։ Այսինքն՝ այն, ինչ Հայաստանի  օրենսդրությամբ պետք է հարկվեր համընդհանուր հայտարարագրի համակարգի ներդրումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի ներդրումից հետո։ Այդպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, բայց հիմա պիտի հարկվի»։

Խրախուսման դրդապատճառ․ բացատրում է պետությունը

Կառավարությունից շարունակում են ներկայացնել հայտարարագրումը խրախուսող մեխանիզմները, առաջարկել, օրինակ, երեխայի ուսման վարձը կիսել, ամեն մասը վճարել ընտանիքի տարբեր անդամների հաշիվներից, որպեսզի պետությունից հետ ստացած գումարը շատ լինի։ Իսկ ինչո՞ւ է պետությունն այսքան համառորեն ցանկանում քաղաքացիների եկամուտների մասին տեղեկություն ունենալ։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի պատասխանները՝ հաջորդիվ․

«Ամենակարևոր նպատակն այն է, որ ներդրվում է անձի մակարդակով հաշվառման ամփոփ համակարգ, որպեսզի Կառավարությունը կարողանա լավ ճանաչել քաղաքացիներին, նրանց ֆինանսական վիճակը, սոցիալական կարիքները, և ըստ այդմ՝ փաստահեն քաղաքականություն մշակել և հասցեավորված աջակցության գործիքակազմ կիրառել»,- նշում է ֆինանսների փոխնախարարը:

«Որևէ աջակցություն, որ նախատեսում ենք, հիմնվում է ֆորմալ վիճակագրության վրա․ ինչքան լավն է էդ վիճակագրությունը, էնքան աջակցության ծրագրերն ավելի թիրախային են, հետևաբար մարդը պիտի գիտակցի, որ ինքը հայտնվում է պետության հոգատարության կենտրոնում»,-հավելում է ՊԵԿ նախագահը։

Համընդհանուր հայտարարագրումը կարող է կոտրել նաև կոռուպցիոն շղթաները, լույս սփռել ստվերում աշխատող տնտեսվարողների վրա։ Սակայն ընդհանուր հայտարարագրման գաղափարն ու դրա անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկները հաճախ բացասական արձագանք են ստանում։

Սա անիմաստ տանջանք է պնդում են ընդդիմախոսները

Ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն ասում է՝  սա միմիայն քաղաքացու կյանքը բարդացնող մեխանիզմ է․

«Այս և հաջորդ տարվա հայտարարագրումը վերաբերում է չափահաս բոլոր քաղաքացիներին, մոտավորապես 2.3 միլիոն մարդու, իսկ այն նպատակը, որ ընդհանրապես եկամուտների հայտարարագրումը ներառում է՝ կոռուպցիոն ռիսկերի բացահայտում, հնարավոր այլ խնդիրներ, փոքր խումբ մարդկանց պետք է վերաբերի, որն այսօր ունենք՝ պետական պաշտոնյաներ, նրանց հետ փոխկապակցված անձիք, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ։ ՀՀ-ում եկամուտների ճնշող մեծամասնությունը ձևավորվում է աշխատավարձերի տեսքով, որի վերաբերյալ ամբողջական տվյալները ՊԵԿ-ը ամեն ամիս ստանում է, հետևաբար ներկայացվող եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ-ի մոտ որևէ նոր տեղեկատվություն կամ տվյալ, որը կարա ծառայի որևէ ռեֆորմի կամ գործընթացի չի պարունակում։ Սա ուղղակի քաղաքացիներին տանջելու համար մի պարզ մեխանիզմ է, որը ի վերջո որևէ արդյունք չի տալու»։

Մեսրոպ Առաքելյանը կարծում է, որ այս կերպ ստվերը նույնիսկ ավելանալու է, ենթադրում է, որ մարդիկ խուսափելու են բանկային գործարքներ կատարելուց։ Սովորական քաղաքացիներն էլ բախվելու են տեխնիկական խնդիրների։

Ինչն ինչպես և ինչից հետո անել պարզաբանում է ՊԵԿ-ը

Հայտարարագրումը հնարավոր դարձնող համակարգ մուտք գործելու համար քաղաքացին մի քանի գործողություն պետք է անի։ Անհրաժեշտ է պարտադիր ունենալ նույնականացման՝ ID քարտ, մոտանալ ցանկացած բջջային օպերատորի սպասարկման կենտրոն ու ստանալ ID SIM քարտ։ Դրանցից հետո ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը, որի համար գանձվող տարեկան 3000 դրամի պահանջը ՊԵԿ-ը վերացրել է։

Կա մեկ այլ տարբերակ ևս՝ ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ-ից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ PIN և PUK ծածկագրերով, նույնականացման քարտ ընթերցող սարք, ներբեռնել անհրաժեշտ համակարգչային ծրագրերը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը և այդ ճանապարհով կատարել եկամուտների հայտարարագրման պահանջը։

Հիշեցնենք՝ այս տարի նախորդ՝ 2024 թվականին ստացած եկամուտների վերաբերյալ պարտադիր հայտարարագիր պետք է ներկայացնեն վարձու աշխատողները և քաղիրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները։ Ակնկալվում է, որ այս տարի մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնի ավելի քան 700 հազար Հայաստանում աշխատող քաղաքացի։

Կարդացեք նաև

Back to top button