ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հանրային խորհրդի «ռեստարտը»․ կառույցը կուսումնասիրի 1991–2023 թվականների խախտումները

Կառավարությունը Հանրային խորհրդի 15 նոր անդամ է նշանակել՝ թերևս դրանով արձանագրելով կառույցի աշխատանքային նոր փուլը։  Տևական ժամանակ է՝ մի քանի տարի, ինչ Սահմանադրության 161–րդ հոդվածով նախատեսված մարմինն իրականում անգործության է մատնված։ Կառավարությունն իր վերջին նիստում որոշեց նոր գործառույթներ վերապահել այդ մարմնին՝ հանրային հնչեղության հարցերը հենց քաղհասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացնելու և լուծումներ գտնելու նպատակով։ Աշխատանքները, ի դեպ, «հետահայաց» են լինելու՝ դիտարկելով հարցեր՝ սկսած դեռ 1994 թվականից։ Հանրային խորհուրդը, որպես կառույց, համարվում է անցումային արդարադատության գործիք։

Կառավարությունը որոշել է «ռեստարտ» անել վերջին տարիներին անգործության մատնված Հանրային խորհուրդը։ Կառույցն արդեն ունի 15 նոր անդամ և կունենա լրացուցիչ լիազորություններ։ Գործադիրը նախատեսում է 45 անդամից բաղկացած  խորհրդի կազմում ձևավորել 7 հոգանոց փաստահավաք հանձնաժողով, որը զեկույց կկազմի ՀՀ–ում 1991-ի սեպտեմբերի 21–ից մինչև 2023- ը ներառյալ  որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների մասին։ Հետագայում այն կներկայացվի կառավարությանը՝ համակարգային լուծումներ տալու համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն ընդունել է  Հանրային խորհրդի կազմում նշանակվելու գործադիրի առաջարկը, թեև մեծ հույսեր կառույցի ապագայի հետ դեռ չի կապում։

«Միգուցե Հանրային խորհրդը աշխատի, բայց ես վստահություն չունեմ։ Ենթադրությունս այն է, որ Փաստահավաք հանձնաժողովը պետք է գործի Հանրային խորհրդի կազմում և պարզի վերջին տասնամյակներում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մանրամասները։ Հանրային խորհուրդն այդ գործառույթն է ստանում, և ենթադրում եմ, որ այդ կոնտեքստում կառավարությունը փորձում է ակտիվացնել Հանրային խորհուրդը։ Բայց ես վստահ չեմ, որ այդ գործառույթը Հանրային խորհրդին վերապահելը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ այդ գործառույթը պետք է վերապահված լիներ Ազգային ժողովին, որովհետև անցումային արդարադատության այդ կարևոր մեխանիզմը չի կարող վերապահվել մի մարմնի, որն ընդամենը խորհրդատվական է և, մեծ հաշվով,  այդպիսի լուրջ մանդատով օժտված չէ»։

Այս տարվա համար արդեն գործադիրը կառույցին խոստանում է անհրաժեշտ ֆինանսավորում, թեև կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կոնկրետ գումար չի նշում․

«Բնականաբար, ըստ ընթացակարգերի և կանոնակարգերի, որոնցով կաշխատեն Հանձնաժողովը և Հանրային խորհուրդը, կպահանջվեն լրացուցիչ ծախսեր, բնականաբար, մենք դրանք կնախատեսենք, որովհետև այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է»։

Հանրային խորհուրդը պետբյուջեից ֆինանսավորում մշտապես ստացել է․ 2023–ին՝ 12 մլն դրամ, նախորդ տարիներին՝ 2-8 մլն դրամ։

ԱԺ-ում քննարկման ժամանակ Արդարադատության արդեն նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը դեռ 2024–ի ավարտին հստակեցնում էր, թե որ ոլորտներն է կարևորում գործադիրը, և թե որ հարցերի վրա պետք է կենտրոնանա հանրային խորհրդի փաստահավաք հանձնաժողովը։

«Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումը և անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետական կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը»։

Նշված նպատակներում ընդդիմադիրները միտում են տեսնում։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը չերևացող խնդիրներից է խոսում․

«Փորձ է արվում  դա տեղավորել Հանրային խորհրդի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների տիրույթում։ Գաղտնիք չէ, որ այս ԱԺ ձևավորման պահից չի գործել Հանրային խորհուրդը, չի աշխատել, չկա Խորհուրդ։ Այդ ինչո՞ւ հանկարծ որոշեցիք, որ եթե հերթական ընտրություններով ենք գնում, մնացել է տարի ու կես, ու հանկարծ որոշվեց, որ այս Հանրային խորհուրդը հիմա պետք է վերակենդանացվի։ Իսկ անցումային դրույթներում նշում եք, որ այսօրվա եղած Հանրային խորհուրդը պետք է ցրվի, նոր հանրային խորհուրդ ստեղծվի, ինչո՞ւ չեք սպասում տարի ու կես»։

Մինչդեռ իշխող թիմում հույս ունեն, որ նորացված Հանրային խորհուրդը նոր շունչ կստանա։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյան․

«Այո, Հանրային խորհուրդն իրապես չի աշխատում, բայց այս առումով մի փոքր լավատես եմ․ մենք սկսել ենք Հանրային խորհրդում բարեփոխումներ իրականացնել, դրա կարիքը կա բացի այս փաստահավաք հանձնաժողովի հիմնումից։ Ամեն դեպքում լավատես եմ, որ մի օր այս Հանրային խորհուրդն իրապես կաշխատի, ու պետք է մի օր շարժել տեղից այդ խորհրդի աշխատանքը»։

Իսկ երեք տարի առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նպատակահարմար չէր գտնում Հանրային խորհրդի աշխատանքը։

«Ես համարում եմ, որ այդ կառույցը, ես ներողություն եմ խնդրում այդ միգուցե սուր բառի համար, բայց այդ կառույցն անիմաստ է ոչ թե նրա համար, որ ես եմ այդպես ասում,  այլ նրա համար, որ եթե դուք տեսնեք այդ կառույցի գործունեությունը, ես չգիտեմ, կա՞ լրագրող, որը կնշի հիմա մի քանի գործողություն, որ այդ կառույցը արել է, և ՀՀ հանրային կյանքում դա նշանակություն է ունեցել»։  

Հանրային խորհուրդը ստեղծվել է 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո։ Նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը սա ժողովրդավար լինելու գործիք էր համարում՝ ցույց տալու, թե հասարակություն-իշխանություն կապը խզված չէ։ Իրականում կառույցը լիարժեք չաշխատեց ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը 44–օրյա պատերազմից հետո միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Մանուկյանից հետո Հանրային խորհրդի նախագահությունը ստանձնած Ստյոպա Սաֆարյանը բացահայտ հայտարարեց, որ պատերազմից հետո կառույցի որոշ անդամներ սահմանադրական այս մարմինը ցանկանում էին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Սաֆարյանն ինքը ճգնաժամում գտնվող կառույցի նախագահությունից հեռացավ 2021–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատճառով։

2021 թվականի մայիսից Հանրային խորհուրդը նախագահ չունի, թափուր էին նաև անդամների տեղերը:  

Կարդացեք նաև

Back to top button