
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել գիտական կադրերի ատեստավորման կարգում, որը կառավարությունը ձեռնարկել էր 2022 թվականին։ Նոր փոփոխությամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատավարձերը նորմավորվել են ըստ գործող ատեստավորման տարակարգի, և 2022 թվականի համեմատ աշխատավարձերի առնվազն կրկնապատկում է գրանցվել, իսկ որոշ պաշտոնների և տարակարգերի համար աշխատավարձը նույնիսկ քառապատկվել է։ Նախարարությունը նաև առաջարկում է փորձնական ծրագիր սկսել մանկապարտեզներում մսուր խմբերի ընդլայնման համար, ինչը երիտասարդ մայրերին հնարավորություն կտա ավելի շուտ աշխատանքի անցնել։
ԿԳՄՍ նախարարությունն արձանագրել է, որ պատմականորեն ամենամեծ ծավալով գիտական հրապարակումները միջազգային հեղինակավոր պարբերականներում գրանցվել են 2023 թվականին։ Աճ է գրանցվել հատկապես հասարական և հումանիտար գիտությունների բնագավառում, կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ այդ ցուցանիշները 2022 թվականից մեկնարկած ատեստավորման արդյունք են։ Այս քաղաքականության արդյունք է նաև գիտության նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածության տենդենցը։ Ըստ նախարարի՝ համակարգի ներդրումից հետո ավելացել է գիտական աշխատանքով զբաղվողների թիվը։ 2022 թվականին գրանցվել է գիտական աշխատանքով զբաղվող 296 նոր հետազոտող։
«Հատկապես բուհերում գիտությամբ զբաղվելու աճ է նկատվում, ինչը շատ ուրախալի է։ Մասնավորապես, 600 հրապարակում միայն ԵՊՀ–ն է ապահովել, ինչը նշանակում է, որ բուհում հետազոտական գործունեությունն ակտիվանում է»։
Կառավարությունը գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխություններ ու լրացումներ է անում։ Ըստ այդմ, կհստակեցվեն միջազգային գիտական շտեմարաններում տեղ գտած հրապարակումների պահանջները, որոնք սահմանվում են գիտական աշխատանքի որակյալ գրախոսման և միջազգային ճանաչելիության ապահովման համար։
Բացի այդ, կարգավորվում է համարժեքությունների համակարգը, համաձայն որի գիտական հոդվածներն ամբողջությամբ չեն կարող փոխարինվել մենագրություններով։
«Գիտական հոդվածների հրապարակումը որոշակի չափով կպահպանվի, որպես պարտադիր պայման։ Հստակեցվում են մասնակի ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտաշխատողներին ներկայացվող պահանջները։ Հայագիտության և հումանիտար գիտությունների համար սահմանվում են առանձնահատկություններ, հաշվի առնելով այս ոլորտների հետազոտական յուրահատկությունը։ Առաջիկա ատեստավորման համար ցածր տարակարգային պաշտոնների պահանջները վերաձևակերպվել են 5 տարվա փոխարեն 2/5 չափով, հաշվի առնելով ընթացիկ ժամանակահատվածը»։
Ինչպես նշեց նախարարը, այս գործընթացը գիտության ոլորտում կառավարության բարեփոխումների և ներդրումների ավելացման քաղաքականության շարունակությունն է: 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատավարձերը նորմավորվել են՝ ըստ գործող ատեստավորման տարակարգի, և դրա արդյունքում 2021 թվականի համեմատ աշխատավարձերի առնվազն կրկնապատկում է գրանցվել, իսկ որոշ պաշտոնների և տարակարգերի համար աշխատավարձը նույնիսկ քառապատկվել է, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատավարձերը գիտական ոլորտի աշխատողների։ Լաբորանտ–ճարտարագետ՝ այդ բարեփոխումից առաջ եղել է 67․000, 2025 թվականի հունվարի մեկից դարձել է 138.000 դրամ։ Ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ՝ 76.000 դրամից փուլերով աճել է և 2025 թվականին դարձել է 179000 դրամ։ Կրտսեր գիտաշխատող՝ 2021 թվականին եղել է 85800 դրամ, այսօր 210000 դրամ»։
Թեև 2021 թվին գիտական աշխատանքով զբաղվողների ատեստավորման վերաբերյալ ընդունած որոշումներն ու բարեփոխումները կատարյալ չեն եղել, աշխատավարձերի մասով բարձրացումներ եղել են՝ ասաց վարչապետը։ Նա նոր փոփոխություններով նոր էական արդյունքներ է ակնկալում։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս մեկ նորություն ներկայացրեց։ ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փորձնական ծրագիր սկսել՝ ընդլայնելու մսուր խմբերը։ Նախարարությունն առաջարկում է 10 խմբի շրջանակում, այսինքն, շուրջ 200 երեխայի համար նոր ծրագիր սկսել մի շարք համայնքներում: Համայնքները և հաստատություններն ընտրվել են ՏԿԵՆ-ի և Երևանի քաղաքապատերանի հետ քննարկման արդյունքում:
«Փորձնական ծրագրի համար կունենանք 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսենք 6-12 ամսականների 1 խմբի կրթության ծրագիրը, Վանաձորում և Գյումրիում՝ 2-ական, իսկ Հրազդանում՝ 1-ական հաստատություններ, որտեղ արդեն, 1 տարեկանից սկսած երեխաները մսուրի ծառայության մեջ կընդգրկվեն»։
Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 175 մլն դրամ: Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում մսուր-մանկապարտեզները 2 տարեկանների համար են, բայց կան նաև նախադեպեր, որ 6 ամսականից է կազմակերպվում երեխաների ընդունելությունը։ Նախագիծը երիտասարդ մայրերին հնարավորություն կտա ավելի շուտ վերադառնալու աշխատանքի։




