Ի՞նչ դեր ուներ թատրոնը խորհրդային մշակութային քաղաքականության մեջ, ինչո՞ւ էր այն կարևոր և ի՞նչ գործառույթ էր իրականացնում։
Մշակութաբան Հայկուհի Մուրադյանը խոսում է «Մշակութային քաղաքականությունը խորհրդահայ թատրոնի կայացման գործում. քաղաքականությունը և գաղափարաբանությունը» վերնագրով իր հետազոտության մասին։ Հետազոտությունը «Թեք տեղ» թատրոնի նախաձեռնությունն է, որը թատրոնի մասին ևս երկու հետազոտություն ունի տպագրած։
«Մշակույթի բանաձևը խորհրդային տարիներին սահմավել է 20- ականների սկզբին և այդ բանաձևը հստակ էր․ «մշակույթը կամ կուլտուրան պետք է լինի ձևով ազգային, իսկ բովանդակությամբ սոցիալիստական» և այս մեկ նախադասության մեջ կենտրոնացված է ամբողջ քաղաքականությունը», – ասում է Հայկուհի Մուրադյանը։
Խորհրդային ժամանակներում «կուլտուրա» բառը բարեվարքության, կրթվածության հոմանիշն էր։ Եթե գյուղում մեկը գրել-կարդալ գիտեր կամ հաճախ թատրոն էր գնում՝ համարվում էր գյուղի «կուլտուրական մարդ»։ Հայկուհի Մուրադյանը նշում է, որ խորհրդային տարիներին ձևավովել է նաև մշակույթի սեգմենտային ընկալումը, որ «կուլտուրան» դա գեղանկարչությունն է, թատրոնը, կինոն, երաժշտությունը և այդ մոտեցումը միանգամից չվերացավ, այլ շարունակվեց նաև խորհրդային միության փլուզումից հետո և մինչև օրս էլ մշակույթն ընկալվում է այդ սեգմենտային մոտեցմամբ՝ որպես մի քանի արվեստային ճյուղերի միավորում։
Իր առաջնային խնդիրներով 20-ականների և 30-ականների թատրոնը միմյանցից տարբեր էր։ Այդ տարիներին առաջնային խնդիր է եղել ոչ թե զարգացնել բուն թատրոնը, այլ մշակույթը, հատկապես՝ թատրոնը դարձնել գործիք քաղաքական, սոցիալական և այլ խնդիրների լուծման համար։
«Խորհրդային մշակույթն իր տարբեր դրսևորումներով անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, որովհետև շատ մտածողության ձևեր, որոնք նույնիսկ մենք չենք նկատում, ժառանգել ենք խորհրդային շրջանից և որքան էլ մերժենք խորհրդայինը, այն մեր շրջապատում է․ պետք ճանաչել, ուսումնասիրել և հասկանալ, որ իմանալ ինչը ինչպես փոխել։ Այս առումով ես շատ եմ կարևորում խորհրդային թատրոնի և մշակույթի հետազոտումը իր տարբեր շրջափուլերում» – ասում է Հայկուհի Մուրադյանը։




