ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ի՞նչ նպատակներ են հետապնդում 33–ամյա հայկական բանակի բարեփոխումները  

33 տարի առաջ խիստ ծանր պայմաններում և ժամանակաշրջանում ձևավորված ՀՀ զինված ուժերը դեռ շարունակում են վերափոխվել և կատարելագործվել։ Այսօր Եռաբլուր այցելած նախկին և ներկա պաշտոնյաները շնորհավորանքներին զուգահեռ խոսել են նաև այն խնդիրներից, որոնք հայկական բանակում դեռ պետք է լուծվեն։ Այսօրվա քաղաքականությամբ՝ բանակի խնդիրները փոխվել են և կառույցը այսուհետ պետք է զարգանա նոր ճանապարհով։

Հայոց բանակի կազմավորման օրը իշխանության ներկայացուցիչները հորդորում են հիշել Հայաստանի զինված ուժերի և՛ փառահեղ օրերը, և անհաջողությունները՝ ապագայում ճիշտ ուղղությամբ շարժվելու համար։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ բանակի առաջ դրված խնդիրներն այսօր փոխվել են։

«Բանակը 94-ից հետո լրիվ այլ վիճակի էր բերված, իսկ վաղվա բանակը պետք է լինի այնպիսին, որպեսզի նման խնդիրներ չառաջանան, ինչի առաջ մենք կանգնեցինք 44 օրյա պատերազմի արդյունքում։ Պետք է ունենալ ժամանակակից սպառազինությունը և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն։ Դա է մեր նպատակը, դա է մեր քաղաքականությունը, որը մենք քայլ առ քայլ փորձում ենք դարձնենք իրականություն։ Շատ բարդ ճանապարհ է, որ մենք հիմա ասում ենք, որովհետև 44 պատերազմից հետո մենք արձանագրեցինք, թե որտեղ ենք կանգնած եղել պատերազմից առաջ և ուր պետք է հասնենք, որպեսզի հեռու պահենք հնարավոր բոլոր պատերազմները, եթե այդպիսի ցանկություն ունենան մեր հակառակորդները։ Ամեն մի խաղաղ օրը պետք է ճիշտ օգտագործենք»։

Այդ նպատակով կառավարությունը այս տարվա համար ավելացրել է ԶՈՒ ֆինանսավորումը այնքան, որ այդ հատկացումները աննախադեպ էին գնահատվել։ Ավելի քան 660 միլիարդ դրամ կամ 1 միլիարդ 700 միլիոն դոլարը 20%-ով ավելի է նախորդ տարվա հատկացումներից։

Հայաստանի պաշտպանական բյուջեի զգալի մասը ծրագրված է ուղղել ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, սպառազինության ձեռքբերմանը։ Փաստաթղթում չի նշվում, թե կոնկրետ որքան դրամ է պետությունը տրամադրելու հենց սպառազինությանը։

Այս ամենին գումարվում է նաև ԵՄ «Խաղաղության գործիքից» օգտվելու աննախադեպ առաջարկը։ 10 միլիոն եվրո արժողությամբ այս աջակցության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Հատկացված գումարը Հայաստանն ինքն է տնօրինում, բայց ոչ մահաբեր զենք գնելու համար։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ բանակաշինությանը պետք է նայել դասեր քաղելու տեսանկյունից․

«Շնորհավոր մեր ԶՈՒ 33-ամյակը։ Հպարտությամբ հիշենք մեր և՛ փառահեղ օրերը, և՛ մեր անհաջողությունները, որովհետև հաջողությունը, որպեսզի միշտ մեզ ուղեկցի, պետք է հավատալ այդ հաջողություններին։ Փա՛ռք ու պատի՛վ մեր բանակին, փա՛ռք ու պատի՛վ բանակ ստեղծող Սպարապետին։ Մենք Սպարապետին կթողնենք իր զորքի հետ, որպեսզի մեր երկրի դարպասները մեզ հուշեն, թե որտեղ պետք է չսխալվենք»։

Իշխանության և ընդդիմության ընկալումներում, սակայն, ԶՈՒ զարգացման ճանապարհները տարբերվում են։ Այս հարցում իշխանության հետ բանավիճում է 2008–2016 թթ–ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը․

«Մենք երբևիցե ժանգոտած, անպիտան զենք չենք գնել։ Մենք երբևիցե չենք ունեցել սպառազինություն, որը անպիտան է եղել մարտի դաշտում։ Իրականում խաղաղությունը ոչ իրատեսական է այն պատճառով, որովհետև հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության, այլ ընդհակառակը ձգտում են ճնշումներ գործադրել հայ ժողովրդի վրա»։

Հայկական բանակի բարեփոխումներին և արդիականացմանը զուգահեռ Ադրբեջանից պարբերաբար լսելի են կոնկրետ դժգոհություններ այդ գործընթացից։ Ադրբեջանը փորձում է շահարկել, թե ավելացող սպառազինությունը նոր վտանգներ կարող է բերել տարածաշրջան։ Այդ դժգոհություններին Հայաստանի վարչապետը բազմիցս պատասխանել է, վկայակոչելով միջազգային իրավունքը, որ յուրաքանչյուր պետություն ունի պաշտպանվելու իրավունք։

Բացառապես պաշտպանական սպառազինություն ձեռք բերող Հայաստանի կողքին նույն Ադրբեջանը այլ վարքագիծ է դրսևորում։ Մասնագիտական տարբեր գնահատումներով՝ Հայաստանի պաշտպանական ծախսերը դեռ շեշտակի զիջում են Ադրբեջանի ռազմական բյուջեին, որը 2025-ին գրեթե կրկնակի գերազանցելու է Հայաստանի բյուջեն։

Բաքուն մոտ 3.6 մլրդ դոլար է նախատեսում տրամադրել ռազմական ծախսերին, ընդ որում, չի կաշկանդում իրեն բացառապես պաշտպանողական սպառազինությամբ։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանի հետ սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է գնահատում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Սահմանային խորություններում հակառակորդի ԶՈՒ կուտակումներ չկան և պահպանում է հարաբերական կայունությունը։ ԶՈՒ իրենց առջև դրված խնդիրները կատարում են, ներկա դրությամբ սահմանին կանգնած մեր ժամկետային զինվորները, պայմանագրայինները և սպաները զգոն իրենց խնդիրը կատարում են, ԶՈՒ մշտական տեղակայման վայրերում գտնվող զորամասերը և ստորաբաժանումները նույնպես զգոնության տակ են և նշում են իրենց տոն օրը։ Քաղաքական ղեկավարությամբ գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով, ԶՈՒ–ն էլ շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել։ Ես շնորհավորում եմ բոլոր մեր զինվորականներին առաջին հերթին և ՀՀ ողջ բնակչությանը ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ ամյակի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որպեսզի մեր ԶՈՒ կարողանան էլ ավելի զարգանան, կատարելագործվեն և պատրաստ լինեն իրենց առջև դրված խնդիրները կատարելու»։

Հայոց բանակի կազմավորման տոնին նվիրված պաշտոնական հաղորդագրությունների հիմնական ասելիքը թերևս միասնական մեկ նպատակի մեջ է․ Հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու հայրենասիրության հիմքի վրա, բարդ պայմաններում և ժամանակաշրջանում։ Այժմ նույն ճանապարհն է անցնում բարեփոխվելու և ժամանակակից մարտահրավերներին համապատասխանելու համար, քանի որ Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը, որպես երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավոր։


Կարդացեք նաև

Back to top button