
Հայաստանի պատմության թանգարանի հրավերով Երևանում է Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի ավագ ֆոնդապահ Իրվինգ Ֆինքելը։ Նա ուսումնասիրում է կավե սալիկի տեսքով աշխարհի բաբելոնյան քարտեզը, որի վրա հիշատակվում է Ուրարտուն։ Բրիտանացի պրոֆեսորը համակարծիք է՝ Ուրարտուն Հայաստանի հնագույն անունն է։
Քարտեզի տեսքով Հայաստանի հնագույն անձնագիրը պահվում է Բրիտանական թանգարանում։ Դրա վրա պատկերված է Հին աշխարհը՝ երբեմնի հզոր Բաբելոնի դիտանկյունից։
Imago Mundi կամ աշխարհի բաբելոնյան քարտեզ․ մ․թ․ա․6-րդ դարին վերագրվող կավե սալիկի վրա գծված է այդ ժամանակ «բացահայտված աշխարհը»։ Գտածոն 19-րդ դարից պահվում է Բրիտանական թանգարանում։ Հայաստանի պատմության թանգարանն ունի դրա կրկնօրինակը, իսկ Նալբանդյան փողոցին հարող այգու սկզբնամասում տեղադրված է քարտեզի քարե տարբերակը՝ մարմարե պատվանդանի վրա։

Քարտեզն այժմ կրկին ուսումնասիրում է Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի ավագ ֆոնդապահ Իրվինգ Ֆինքելը։ Նա Երևանում է Հայաստանի պատմության թանգարանի հրավերով։
«Ռադիոլուրի» հետ զրույցում պրոֆեսորն ասում է․ «Հայաստանի առկայությունը քարտեզի վրա շատ կարևոր հանգամանք է։ Աշխարհը ներկայացված է կլոր տեսքով, որի վրա ներկայացված են այդ ժամանակվա իշխող թագավորությունները։ Դրանցից մեկը Ուրաշտուն է /գրի հնչեղությունը ըստ Ի․Ֆինքելի,-հեղինակ/ կամ, ինչպես հայերն են անվանում՝ Ուրարտու։ Իհարկե, բոլորը գիտեն, որ Հայաստանի հնագույն անունն է։
Քարտեզը ունի դիմային և հետին կողմ։ Բացի այդ, բաղկացած է 3 հիմնական մասերից։ 19-րդ դարից ոչ ոք կարծես չի կարողացել լուծել գլուխկոտրուկը՝ հասկանալ, թե իրականում ինչպե՞ս են փոխկապակցված այդ 3 մասերը։ Կարևոր բացահայտումները կներկայացվեն իմ գրքում, որը շատ շուտով լույս կտեսնի։ Կարծում եմ մեծ «բում» կլինի»։

Բրիտանական թանգարանի պատվերով ցուցանմուշների մասին տեսահոլովակներ պատրաստելուց հետո պրոֆեսորը նկատել է՝ հնագույն քարտեզը առանձնակի հետաքրքրություն է առաջացրել դիտողների շրջանում։ Հենց դա էլ նրան ստիպել է նորովի վերծանել դրա պատկերներն ու գրերը։
«Աշխարհը ներկայացված է շրջանաձև՝ շրջապատված ջրով, 8 ուղղություններով կան նաև կղզիներ՝ ճառագայթի պես ձգվող։ Դրանցից մեկում ես գտա նախկինում պատկերը չնույնականացրած կենդանի՝ ռնգեղջյուր։ Ութ եռանկյունները խորհրդանշում են, թե ինչ կա այդ բոլոր ուղղությունների վրա։
Քարտեզի այդ պատկերի գաղափարի հիմքում այն է, որ շատ ճանապարհորդներ և առևտրականներ ճամփորդել են աշխարհի այլ անկյուններ և վերադառնալով պատմել, թե ինչ են այնտեղ տեսել։ Կարծում եմ՝ քարտեզը պատկերելիս հենց այդ տեղեկություններն են հաշվի առել»։

Կավե սալիկի վրա պահպանված քարտեզի արժեքը, Ուրարտուի թագավորության հիշատակմամբ, մեծապես կարևորում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
«Աշխարհի հնագույն աշխարհացույց քարտեզն է, որը քեզ ցուցադրում է աշխարհի կենտրոնը, դրանից հինը չկա մինչև հիմա։ Դա նաև միակ քարտեզն է, որը տասնյակ հազարավոր կավե սալիկների միջից գտնվել է որպես քարտեզ, և էդտեղ կա 3 երկիր, որոնց անունները նշված են։
Մեկը Ասորեստանն է, մեկը Բաբելոնն է, մյուսն էլ Ուրարտու— Հայաստան, քանի որ նույն ժամանակակից սեպագիր արձանագրության մեջ, որ Դարեհ Մեծը Պարսկաստանում թողել է մեր թվարկությունից 520 տարի առաջ, այնտեղ 3 լեզվով խոսում է իր հարևան երկրի մասին՝ Հայաստանի մասին, և պարսկերենով անունը հնչում է որպես «Արմանիե», էլամերենով նշված է «Հարմինույա», իսկ բաբելոնյան լեզվով՝ «Ուրարտու»։ Այսինքն՝ Ուրարտուն և Հայաստանը դրա հիման վրա արձանագրությունները ցույց են տալիս, որ նույն երկիրն է»։

Շուրջ 60 տարվա փորձառությամբ քարտեզագիրը երբեմնի հզոր հարևանի ստեղծած սալիկը հայ ժողովրդի ծննդյան վկայական է համարում՝ գոնե մինչ այժմ հայտնաբերված։
«Երբ որ անծանոթը հարցնում է՝ ինչպե՞ս կբացատրես՝ հայն ո՞վ է, մենք ասում ենք՝ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, բայց եթե հարց տվողը մուսուլման է, հրեա է, հինդու է, անհավատ է, ինչ կարևոր է առաջին, թե վերջին քրիստոնյան ենք։ Մինչդեռ կենտրոնական աշխարհի հնագույն քարտեզի վրա մեր անունը գոյություն ունի, մյուս 2 երկրները որոնք կային, այլևս գոյություն չունեն։ Այդքանը բավական է, որ բացատրենք այս սալիկի կարևորությունը մեր տեսակետից»։

Ռուբեն Գալչյանը նկատում է՝ երբ Միացյալ Նահանգները 1510թ.-ով թվագրվող թղթյա քարտեզի վրա առաջին անգամ գտավ Ամերիկա անունը, այն ձեռք բերելու համար վճարեց 1 մլն դոլար և անվանեց «երկրի ծննդյան վկայական»։ Նրա դիտարկմամբ՝ մեր ծննդյան վկայականը պահպանվում է Բրիտանական թանգարանում, և տարեկան այն դիտում են միլիոնավոր մարդիկ։ Կավից պատրաստված լինելու շնորհիվ քարտեզը վերապրել է բաբելոնյան հրդեհները, ամրացել և հասել մեր օրերը։




