ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Որակյալ մեղրը մեղվապահի ու մեղուների լավ աշխատանքի արդյունքն է

Մեղվապահի հմտությունները Գևորգ Պողոսյանին փոխանցվել են նախնիներից ու դարձել սիրելի զբաղմունք: Մեղուների միջոցով  կապվել է բնությանը. տարվա մեծ մասն անցկացնում է Արագածոտնի ու Շիրակի մարզերի դաշտերում, հասնում մինչև Արագած լեռան լանջեր: Հիմա շուրջ 50 փեթակ ձմեռում է Արմավիրի իր տան ձմեռանոցում, ինքն էլ ուշադիր հետևում է մեղուների հանգստին:

Գևորգ Պողոսյանի ձմեռային մեղվանոցում շուրջ 50 փեթակ կա, որտեղ մեղուները կնճիթները մտցրել են մեղրամոմի բջիջների մեջ ու քնել: Գևորգն ամեն օր զգուշորեն բացում է ձմեռանոցի դուռը, հետևում օդափոխությանը, ստուգում օդի ջերմաստիճանն ու փակում: Այդ ամենը կատարում է հաշված րոպեների ընթացքում:

«+3 աստիճան է, լավ է: Ձմեռանոցը պետք է օդափոխանակություն ունենա, դրա համար ներքևից օդանցքներ եմ բացել, վերևում երդիկ է, որպեսզի օդը լավ շրջանառվի: Կերը փեթակների մեջ է և բավարարում է իրենց: Եթե ջերմաստիճանը բարձրանում է, բացում ենք ձմեռանոցի դուռն ու հովացնում: Ջերմաստիճանը հիմնականում բարձրանում է, քան իջնում»:

Մեղուների ձմեռանոցի ջերմաստիճանը չպետք է գերազանցի +5 աստիճանը: Բարձր ջերմաստիճանի դեպքում մեղուներն արթնանում են: Գևորգն ասում է՝ մեղուները միայն ձմռանն են հանգստանում: Փետրվարից սկսվում է ձվադրման շրջանը: Քանի դեռ մեղուները քնած են, Գևորգը սկսել է նոր շրջանակներ սարքել. մոմաթերթերն ինքն է պատրաստել.

«Տարբերություն կա գնված ու իմ պատրաստած մոմաթերթի միջև: Սա ավելի մաքուր է, ես եմ պատրաստել: Մոմը հալեցնում եմ, մոմահաց է կոչվում, կպցնում ենք շրջանակին: Մեղուն այս բջիջների հիմքով սկսում է հաստացնել, լցնել մեղրով, որդ ու ձու է դնում այս բջիջների մեջ, դրանք կարող են դուրս գալ, նորից մեղր լցնի, ծաղկափոշի է լցնում: Շրջանակն իր աշխատանքի վայրն է»:

Սովորաբար փեթակներում տեղավորվում է 8-12 շրջանակ՝ կախված փեթակի մեծությունից, իսկ երկհարկանի փեթակներում՝ մինչև 24 շրջանակ: Երկարամյա մեղվապահը նկատել է մեղվաընտանիքի կազմակերպված աշխատանքը: Ասում է՝ ամեն մեղու իր գործն ու դերն ունի:  Տարվա մեջ մի մեղվաընտանիքը շատ սերունդներ է տալիս:

«Մայր մեղուն անընդհատ ձվում է, միայն բերքի ժամանակ է քիչ ձվում: Մեղուն 21 օրում է ծնվում: Աշխատելու սեզոնին՝ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին մեղուն մեկ ամիս է ապրում, իսկ մայր մեղուն՝ 2-3 տարի: Մենք ենք իրեն փոխում: Սովորական աշխատող մեղուների կյանքը կարճ է»:

Մայր մեղուն չի աշխատում, իսկ մեղվաընտանիքը պահում է նրան, մասնակցում մեղրի արտադրությանը:

«Երբ նեկտարը բերում են, խառնում ծաղկափոշուն, հետո պետք է այդ նեկտարը պնդացնեն, գոլորշիացնեն՝ մեղուները սկսում են հովացնել թևերի թափահարմամբ: Եթե բերքի ժամանակ նայենք, կտեսնենք, թե ամբողջ գիշեր մեղուները թևիկներով թրթռում են, օդափոխություն են անում ու գոլորշին միջից հանում: Մեղրը պնդացնում են: Այդ գործընթացին նաև բոռերն են մասնակցում»:

Գևորգ Պողոսյանը որակյալ մեղր ստանալու համար մեղուներին տեղից տեղ է փոխում: Գարնանը տանում է Թալինի դաշտեր, հետո տեղափոխում Մարալիկ, բարձրանում Արագած սարի փեշերն ու նորից վերադառնում նույն ճանապարհով: Մեղուները նեկտարը վայրի բույսերի ծաղիկներից են հավաքում:  Անցած տարի  բերքառատ էր. 35 փեթակից Գևորգը 500 կգ մեղր է քամել: Ամռան ընթացքում ավելացրել է փեթակների թիվը:

«Սեզոնին մեղվի հետ ամենօրյա աշխատանք կա. պետք է տեղը լայնացնել, աշխատանքի տեղ տալ, բուժումները, մայրափոխություն է սկսվում: Հետևում ենք, որ մայրերը երիտասարդ լինեն»:

Մեղվաընտանիքներին մեծ վնաս են հասցնում մակաբույծները՝ տզերը: Վարակը վերացնելու տարբեր մեթոդներ է կիրառում:

«Թրթնջկաթթուն տաքացնում եմ ու ծխի ձևով տալիս կամ կարելի է հեղուկով՝ջրով, թույլ չափաբաժնով ներարկել մեղվափեթակի մեջ:  Այս դեպքում տզերը թափվում են: Տիզը շատ վտանգավոր է, որովհետև մեղվից ավելի արագ է զարգանում. Բջջի մեջ ձու է դնում, հետո դուրս գալիս»:

Բուժումները փուլերով է կազմակերպում, մինչև մեղվի նոր սերնդի  դուրս գալը: Առաջին անգամ բուժում է հունիսին,  ապա՝ երկրորդ մեղրաքամից հետո: Երբեմն մեղուները ձագատենդով են բռնկվում ու չեն աշխատում, բայց դրա  փոխարեն նոր սերունդ են  տալիս: Այդ դեպքում էլ մեղվապահները մեթոդներ ունեն, որոնցով ստիպում են  մեղվին վերականգնել աշխատելու բնազդը՝ մեղր արտադրել:

Կարդացեք նաև

Back to top button