
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունվարի 23-ին ընդունել է Aria Doreen Middle East ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աքբար Ղամխարիին և գործադիր տնօրեն Մահմուդ Թահմասեբիին, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։ Այդ նպատակով մշակվել է բիզնես նախագիծ, որով նախատեսվում է հիմնել 10 հա ջերմոցային տնտեսություն, 10 հազար տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն, ինչպես նաև ստեղծել անասնաբուծական ֆերմա 5000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ բուծելու նպատակով։
Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտը հանդիսանում է առաջնահերթություն, և Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված կլինի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։
Այնուհետև նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնցից կարելի է օգտվել ծրագիրը բարեհաջող իրականացնելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բիզնես նախագծի հիմնական կետերն ու նախաձեռնության իրականացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։
Ընկերության ղեկավարները նշել են, որ դիտարկում են նաև Հայաստանում չրերի և պահածոների արտադրության նպատակով վերամշակման գործարան հիմնելու հնարավորությունը։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Տաթևիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը։




