ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանյան տրանսպորտի տոմսերի համար նոր արժեքներ ու կիրառման ժամկետեր են սահմանվել

Երևանի քաղաքապետարանը փոփոխել է հանրային տրանսպորտի համար առաջարկվող սակագները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է գների նոր տարբերակները․ ըստ այդմ՝ տոմսերի ու դրանց փաթեթների կիրառման ժամկետերը երկարել են, արժեքները՝ փոքր-ինչ նվազել։ Քաղաքապետարանի փոփոխություններին ու պարզաբանումներին զուգահեռ՝ սպառողների իրավունքների պաշտպան կառույցներն իրենց վերապահումներն են ներկայացնում՝ մտահոգվելով, որ տոմսի թանկացման հիմքում ներկայացված արժեքներն ուռճացված են, իսկ փետրվարի 1-ից հանրությունը նոր խնդիրների առաջ կկանգնի։

Տրանսպորտը թանկացնում են՝ հիմք ընդունելով այն հաշվարկները, որոնք նախկին իշխանություններն էին արել ու հենց իրենք էլ չէին ընդունել։ Դիտարկումն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանինն է։ Տրանսպորտի ոլորտում ծախսերի հաշվարկի հիմքում քաղաքապետարանի 2013թ. որոշմամբ ստեղծված հանձնաժողովի գնահատումներն են՝ ըստ ուղևորափոխադրումների թվի և ծախսերի։ Ընդ որում՝ դիտարկվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի՝  2013-2024թթ. հաշվարկած միջինացված գնաճը՝ ներկայացրեց Պիպոյանը՝ ընդգծելով, որ սա փոխանցել են քաղաքապետարանից՝ ի պատասխան իր հարցման։

«Այսպիսով, Երևանի քաղաքապետարանն ուղիղ խոստովանել է, որ որևէ նոր հաշվարկ չկա. առաջնորդվել են մի հաշվարկով, որը նախկին իշխանություններն իրենք իրենցով մերժեցին, հասկանալով՝ այդ հաշվարկները սխալ են»։

Տրանսպորտի թանկացման հիմնավորման մեջ, ըստ Պիպոյանի, գազով և դիզելով շահագործվող մեքենաների համար սահմանված է նույն ծախսը։ Դրանք սխալ հաշվարկներ են․ ամեն մակնիշի մեքենայի ծախսը տարբեր է՝ ասում է Պիպոյանը։

«MAN, Zhongtong ու GAZelle Cityմիջին ծախսը նույն ծախսն են ներկայացրել։ Ես հավաստիացնում եմ, որ նույնը չէ։ Ավելին, HAGER-ի ծախսն էլ ավելի շատ է։ Ուրեմն ծախսերը բաղադրիչներով հետևյալ տողերով է բաժանված եղել՝ վառելիքի ծախս, շարժիչի և տրանսպորտի յուղերի ծախս, տեխնիկական սպասարկում և նորոգում, անվադողերի փոխարինում, մարտկոցի փոխարինում, ամորտիզացիոն ծախսեր, վերադիր ծախսեր, աշխատավարձի գծով ծախսեր, հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ։ Ինը տողով է եղել։ Վառելիքի ծախսը հաշվարկում են 600 դրամ։ Քաղաքային իշխանությանն ուզում եմ հարցնել, 600 դրամով դիզելի փոխարեն ուզու՞մ եք 470-ով բերեմ»։

«Երևանցիների Ձայնը» ամենամյա հետազոտության շրջանակում GALLUP միջազգային ասոցիացիայի հայաստանյան կենտրոնն առանձնացրել է երևանցիներին ամենաշատը մտահոգող հարցերը։ Ըստ այդմ՝ առաջնային խնդիրներից քաղաքացիները շեշտել են տրանսպորտի թանկացումը և ուղևորատոմսերի վճարման նոր համակարգին անցնելը, որոնք հավելյալ բարդություններ են ստեղծում՝ ասում է «Գելլափ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

«32,2 տոկոսը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրները։ Ընդ որում, նույնքան տոկոս 2023 թվականին էր։ Որպես բոլորովին նոր խնդիր նշվել է 2024 թվականին տրանսպորտի գնի բարձրացումը։ 2023 թվականին թանկացման մասին լուր չկար։ Հիմա 30%-ը նշել է, որ տրանսպորտի խնդիրը թանկացումն է։ Նոր խնդիր է նաև տրանսպորտի նոր վճարման համակարգը։ 23,5%-ը նշել է, որ դա խնդրահարույց է»։

Տարեսկզբից ուժի մեջ մտած տոմսային կարգավորումները շարունակում են դժգոհությունների լուրջ առիթ մնալ․ Telcell-ի վճարային համակարգը երբեմն խափանվում է և QR տոմսն անվավեր է համարում, բանկային քարտը շատ դեպքերում սարքը չի ճանաչում։ Ուղևորները՝ հատկապես մեծահասակները, անորոշության մեջ են ընկնում։ Փետրվարի 1-ից արդեն կգործի հասարակական տրանսպորտի տոմսային միասնական համակարգը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր չի լինի 1 ուղևորության դիմաց 100 դրամ վճարել կամ 100 դրամով 1-անգամյա QR տոմս գնել։ Քաղաքացիների մի ստվար զանգված դրան էլ է սրտնեղած սպասում։

Գործարկված transport.yerevan.am կայքի միջոցով քաղաքացիները կարող են վճարային նոր փաթեթներ գնել, հարցերին պատասխաններ և սահմանված արտոնություններ ստանալ ու հատուկ հաշվիչով հաշվարկվել, թե առաջարկվող փաթեթներից որն է ավելի շահեկան։ Սակայն սա էլ անխափան չի գործում։ Խնդիրներ կան արտոնությունների սահմանման առումով․ համակարգը երբեմն չի նույնականացնում անձի տվյալները։ Մեզ դիմած քաղաքացիներից մեկը պատմում է, որ իր 4 երեխաներից 4-րդին համակարգը չի ճանաչում, տվյալները չեն նույնականացվում, ուստի ինքը դեռ չի կարողացել մշտական անվճար իր տոմսը ստանալ։ Երևանի քաղաքապետարանում փոփոխությունների հարցում վճռական են, խնդիրների հարցում՝ օգնության և արագ արձագանքման պատրաստ՝ վստահեցնում են։ Բարվոք տրանսպորտային համակարգ ունենալու համար պետք է թանկացումը՝ տարբեր առիթներով ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

«Մեր տարբեր խմբերի համար սահմանված արտոնությունների ֆոնին մենք շատ դեպքեր ենք ունենալու, երբ վճարը 100 դրամից պակաս է լինելու։ Լայն տարածում գտած թեզը, որ ուղևորափոխադրումները հունվարի 1-ից լինելու են 300 դրամ, ուղղակի իրականությանը չի համապատասխանում»։ 

Իսկ այս ընթացքում տոմսերի փաթեթների համար սահմանված արժեքները նոր փոփոխությունների ենթարկվեցին։ Երևանի քաղաքապետը սոցցանցային գրառմամբ հրապարակել է առաջարկվող 8 տեսակի ուղետոմսերը: Դրանց ժամկետերը երկարել են, գները՝ փոքր-ինչ նվազել։ Ըստ այդմ՝ 10 ուղևորությունը կարժենա 2000 դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր՝ նախորդ 2200 դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 դրամանոց տոմսի օգտագործման ժամկետը 90 րոպեի փոխարեն դարձել է 180 րոպե։ 1 օրվա համար վճարելով 900 դրամ՝ հնարավոր կլինի անսահմանափակ երթևեկել։ 7-օր անսահմանափակ երթևեկելը կարժենա 5000 դրամ։ Քաղաքացիները պետք է ընտրեն 300-ից մինչև 90 հազար, 3 ուղևորափոխադրումից մինչև անսահմանափակ, օրականից մինչև տարեկան փաթեթներից որևէ մեկը։  

Նաև հնարավորություն է տրվել օնլայն տարբերակով

  • ընտրել հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով,
  • հաշվիչի օգնությամբ գտնել ամենաշահավետ տարբերակը,
  • առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տնից դուրս գալու։

Ավինյանը քաղաքացիներին հորդորել է ծանոթանալ մանրամասներին և ավելի արդյունավետ կազմակերպել իրենց երթևեկությունը։

Կարդացեք նաև

Back to top button