
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական երկրորդ նիստը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դատաքննությունը սկսվել էր հունվարի 17-ին: Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության առնչությամբ Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Բաքվի զինվորական դատարանում ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատը ավելի «ճոխ» և ավելի «տպավորիչ» դարձնելու համար Ադրբեջանն օգտագործում է այնպիսի մեղադրանքներ, որոնց շրջանակում կարողանում է օգտագործել «ցեղասպանություն», «բնակչության ոչնչացում», «ճորտատիրություն», «խոշտանգումներ» և նմանատիպ այլ ձևակերպումներ։ Ճաղերի այն կողմում հայտնված 15 հայ գերիների դեմ դատարանում տեղավորվում է «տուժած» կոչվածների ընդամենը մի մասը։ Ադրբեջանական կողմի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ գործով անցնում է 531 հազար տուժած՝ «Ղարաբաղում սպանվածների ընտանիքի անդամներն ու հարյուրավոր վիրավորներ»։
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջրվել 2 548 դրվագով։
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի չի բացառում, որ հնարավոր է գա մի օր, երբ ադրբեջանական գերությունից նախկին բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնան հայրենիք։ Հավանական ժամկետը Ալեն Սիմոնյանը դատավարության ավարտն է համարում։
«Դե ինչ կա այդտեղ արձագանքելու, ակնհայտ է, թե այնտեղ ինչ է տեղի ունենում։ Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությությունն ավարտից հետո հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու և ազատելու քննարկում ունենալ»։
Հայաստանի իշխանությունը քննադատվել է այն առումով, որ Բաքվում շինծու դատավարության մեկնարկի օրերին ամենաբարձր մակարդակով դատապարտող հայտարարություններ չի արել։ Մինչդեռ իշխող խմբակցության անունից այդպիսի հայտարարություն տարածել էր ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը, ասում է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Ադրբեջանի հետ բանակցություններին մասնակցողները չեն կարող նման հայտարարություններով հանդես գալ բանակցություններին չվնասելու համար։ Իշխանական պատգամավորն ասում է, որ ցավ են պատճառում Բաքվից հրապարակված կադրերը, բայց որպես իշխանության ներկայացուցիչ մեղքի զգացում իրավիճակի համար նա չունի։
«Շատ մեծ ցավ էր, որ ես այդ կադրերը տեսա ու, բնականաբար, ես շատ կուզենայի, որ այդ ամենը տեղի ունեցած չլիներ, և ես շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, և ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիր ուժերին ու չգնային Սոֆիա»։
Աղմկահարույց դատավարության առաջին նիստից հետո ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ենթադրում է, թե ինչու է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելու և պատասխանները տեսաձայնագրելու վրա։ Պատգամավորը ենթադրում է, որ մեղադրանքն ուղղվում է Հայաստանի վարչապետի դեմ։ Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի՝ Բաքվում ընթացող դատավարության մեխը Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է, ինչն էլ հերթական էսկալացիայի հիմք կարող է դառնալ։
Այս դատողություններն ԱԺ նախագահն անպատասխան է թողնում, փոխարենը հաստատում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ քննարկում է միջազգային իրավական ատյաններից հայցերի փոխադարձ հետքաշման հարցը։
«Որոշում կա քննարկել և մենք դա քննարկում ենք հասկանանք՝ արդյո՞ք ՀՀ–ին ձեռք է տալիս նման տրամաբանությամբ առաջ գնալը, թե՞ ձեռք չի տալիս։ Կքննարկենք, կհասկանանք։ Դուք մոռանում եք, որ նաև մեր երկրի դեմ հայցեր կան չէ՞ ներկայացված։ Տիգրան Աբրահամյանի մեկնաբանությանը չեմ ուզում անդրադառնալ, կասեմ միայն, որ Տիգրան Աբրահամյանը ավելի լավ է անհանգստանա Սերժ Սարգսյանի քրեական գործերով և դատավարություններով ՀՀ–ում և իրենց իշխանության ժամանակ կարկառուն դեմքերին»։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն ի դեպ, հայտարարում է, որ հետեւում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրոպական դատարան և Արդարադատութնան միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ։
Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանության հարցով Հայաստանը 2022 և 2024 թվականներին երկու միջպետական գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Միաժամանակ շարունակում են ուժի մեջ մնալ Արդարատության միջազգային դատարանի 2021 թ․ դեկտեմբերի 7-ի և 2022 թ․ հոկտեմբերի 12–ի որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ՝ ի թիվս այլնի Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անտվանգությունը և օրենքի առջև հավասարությունն ապահովելու վերաբերյալ։
Բաքվում ընթացող ցուցադրական դատավարության առնչությամբ «Ռադիոլուր»–ը հարցեր էր ուղղել ՄԱԿ-ի «Հասարակություն վտանգի տակ գտնվող ժողովուրդների համար» մարդու իրավունքների միջազգային կազմակերպության ղեկավար Սառա Ռեինկեն։
Նա պատասխանում նշել է, որ վերջին տարիներին նկատում են Ադրբեջանի վրա աչք փակելու միտում։
Բաքվում ընթացող դատավարության վերաբերյալ միջազգային իրավական մեխանիզմների կիրառման հնարավորության առումով Սառա Ռեինկեն «Ռադիոլուր»–ին, մասնավորապես, ասել է։
«Սա դժվար է։ Գործընթացը պետք է մոնիտորինգի ենթարկվի, և իրավունքների խախտումները պետք է փաստագրվեն։ Որպես հաջորդ քայլ կարելի է դիտարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը։ Ցավոք, դատարանի բազմաթիվ վճիռները Ադրբեջանի դեմ ցույց են տալիս, որ պետությունը պատրաստ չէ դրանք իրականացնել։ Այնուամենայնիվ, արդարադատության Եվրոպական դատարանում վարույթը և նաև վճիռը ազդեցություն են ունենում: Դուք կարող եք այն օգտագործել քաղաքական դաստիարակության համար և միշտ անդրադառնալ դրան»։
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը «Ռադիոլուր»–ին փոխանցել է, որ Բաքվում պահվող 23 հայերի կալանքը անօրինական է։
«Մենք գիտենք, որ Ռուբեն Վարդանյանին ստիպել են կեղծ խոստովանական ցուցմունքներ ստորագրել և կալանքի մեծ մասն անցկացնել մենախցում: Ներկայում խախտվում է արդար դատաքննության իրավունքը։ Բանտարկյալների հայտարարությունների համաձայն՝ խախտվել է նրանց ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը։ Նրանք ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։ Ինչպես գրում է Ռուբեն Վարդանջանը, նա ազատ շփում չի ունեցել իր փաստաբանի հետ, ոչ էլ բավարար ժամանակ՝ իր դեմ ներկայացված մեղադրանքին ծանոթանալու համար»։
ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության «15»–ի գործից։ Նրա դատավարությունը կընթանա առանձին։ Այն նշանակված է հունվարի 27-ին։
Արցախի նախկին պետնախարարը նիստի նախօրեին ահազանգել էր, որ բանտում ճնշումների է ենթարկվել, իսկ հարցաքննությունների արձանագրությունները կեղծ են, եւ դրանց տակ իր ստորագրությունները դնելու համար ճնշումների է ենթարկվել: Վարդանյանը նշել է, որ 400 հատորանոց գործին իր տիրապետած լեզուներով ծանոթանալու հնարավորություն չի ունեցել:




