Վերնատուն

«Մեդիա հանգույց»՝ արևելքից արևմուտք․ Մարկոս Գրիգորյան-100․ «Վերնատուն»

Անցյալ շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի միջև հուշագրի ստորագրումն էր, որի համաձայն Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի Մարկոս Գրիգորյանի  հավաքածուի և ստեղծագործությունների թանգարանը։

Մարկոս Գրիգորյանը հայազգի եզակի արվեստագետներից է, արվեստի տեսաբան, համադրող, կոլեկցիոներ, դերասան, Իրանական մոդեռն և ժամանակակից արվեստի հիմնադիր, նորարար, արվեստի մի շարք փառատոնների ու ցուցադրությունների հեղինակ է, հիմնել է Թեհրանի ժամանակակից արվեստի բիենալեն։

Այս տարի լրանում է արվեստագետի 100 ամյակը, այդ առիթով  արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Նազարեթ Կարոյանը խոսում է նրա ստեղծագործական գործունեությունից և արվեստի առանձնահատկությունից։

Նազարեթ Կարոյանը Մարկոս Գրիգորյանի հետ հանդիպել է 1993 թվականին, երբ  արվեստագետը իր ողջ հավաքածուն Միացյալ նահագներից բերել և նվիրել է Հայաստանին։

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տարածքում այդ տարիներին բացվել է Մարկոս Գրիգորյանի հավաքածուն ներկայացնող Միջին արևելքի արվեստի թանգարանը։ Նազարեթ Կարոյանն ասում է, որ առաջին օրվանից հասկանալի էր, որ այդ տարածքը անհարմար է արվեստագետի հսկայական հավաքածուն և ստեղծագործական աշխատանքները ներկայացնելու համար։

«Թանգարանի հիմնումը քաղաքական մշակութային տեսակետից լավ քայլ է, բայց գործնականում այդ տարածքը մեկ գործ, լուսանկար, արտեֆակտ ցուցադրելու տեղ է, 2.5 հազար առարկա միայն իր հավաքածուն է, չհաշված գործերը», – ասում է Նազարեթ Կարոյանը։ Նա հավելում է, որ մեզանում այսօր շատ թանգարաններ չունեն իրեց տարածքը։

Նազարթ Կարոյանը նշում է, որ Մարկոս Գրիգորյանն իր ստեղծագործությամբ միավորում է տարբեր երկրներ, աշխարհագրություններ, տարբեր ժամանակներ ու ժամանակաշրջաններ, և ոչ միայն ֆիզիկակապես, այլ այս ամենը դրսևորվել է իր ստեղծագործության մեջ։

«Եթե կա մի բառ, որ բնորոշում է Մարկոսի ստեղծագործությունը այդ բառը կոչվում է «չափվել», այսինքն իր մարմնի չափն ու կարողությունները դնել ինչ որ մի վիճակի մեջ, ինչ որ մի առարկայի հետ, ինչ որ մի նյութի հետ հարաբերության մեջ մտնելու և տնօրինելու․ սա և՛ սոցիալական, և՛ մշակութային իմաստով։ Ուր որ գնացել է Մարկոսը փորձել է այդ միջավայրը կազմակերպել, այդ հասարակությանը մարտահրավեր նետել, այդտեղ նորարարություններին միտված հոսանքներն ի մի բերել և ստեղծել ցուցասրահներ, արտիստական ասոցիացաներ, ցուցահանդեսներ, ամեն տեղ Մարկոսը փորձ է անում իր ուժերը չափել ինչ որ մի բան ստեղծելու, միջավայր կազմակերպելու՝ սոցիալական իմաստով, գեղագիտական ու արվեստագիտական իմաստով և դա նաև տեսանելի է իր կատարողական պրակտիկաների մեջ՝ իր մարմնի հետ կապված», – ասում է Նազարեթ Կարոյանը։

«Մարկոս Գրիգորյանն ուզում էր դառնալ մեդիա հանգույց, որտեղ կլիներ փոխանակություն, Գառնիի իր առանձնատանը նա ստեղծել էր միջազգային հաղորդակցության կենտրոն, զրուցելու հաղորդակցվելու, հոգևոր փոխանակության», – հավելում է նա։

Մարկոս Գրիգորյանի գործերն ընդգրկված են նաև Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում, Լոնդոնի Թեյթ Մոդեռնի, Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանում և այլ թանգարաններում և հավաքածուներում։

Կարդացեք նաև

Back to top button