ԿարևորՄիջազգային

Իսրայելը պատրաստվում է հաստատել Գազայում հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնագիրը

Իսրայելի վարչապետի աշխատակազմը պաշտոնապես հաստատել է, որ Դոհայում պատվիրակությունները հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է իսրայելական մամուլը՝ հղում անելով վարչապետ Նեթանյահուի գրասենյակին։ Նշվում է նաև, որ Իսրայելի կառավարությունը չի կարողանա այն քննարկել և հաստատել մինչև շաբաթ օրը։

Հինգշաբթի ավելի վաղ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը չի կարող քվեարկել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի հաստատման օգտին, քանի որ զինյալ խումբը վերջին պահին հրաժարվել է մի շարք համաձայնագրերից և փորձում է նոր կետեր մտցնել գործարքի մեջ:

Առանց Իսրայելի հավանության՝ համաձայնագիրը չի կարող ուժի մեջ մտնել։

Ինչպես սպասվում էր, համաձայնագրին դեմ են արտահայտվում ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։ Երկուսն էլ հայտնի են իրենց ծայրահեղ աջ հայացքներով և Գազայում ռազմական գործողության աջակցությամբ:

Ավելի վաղ Բեն Գվիրը հայտարարել էր, որ Կատարի համաձայնագիրը հավասարազոր է ՀԱՄԱՍ-ի առաջ Իսրայելի կապիտուլյացիային։ Ե՛վ նա, և՛ Սմոտրիչը սպառնացել են հրաժարական տալ, եթե Իսրայելը հրաժարվի զինյալ խմբավորումն ամբողջությամբ ոչնչացնելու իր նպատակից:

Մինչև հրադադարի հաստատումը Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին։

Իսրայելական թերթերը ենթադրում են, որ Իսրայելը համաձայնությունը կհաստատի միայն շաբաթ օրը, և այն ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հունվարի 20-ից։

Համաձայնագիրը նախատեսում է երեք փուլ, որոնք առայժմ հայտնի են միայն ընդհանուր գծերով։

Առաջին փուլը տևելու է վեց շաբաթ և պետք է սկսվի կրակի ամբողջական դադարեցմամբ: Դրանից հետո տեղահանված պաղեստինցիները, ովքեր լքել են Գազայի հատվածում ակտիվ մարտերի շրջանները, կկարողանան տուն վերադառնալ: Բացի այդ, առաջին փուլում մարդասիրական օգնություն կուղարկվի Գազայի հատված։

Միաժամանակ ՀԱՄԱՍ-ը կսկսի իսրայելցի պատանդների ազատ արձակումը: Առաջին խմբում կլինի 33 մարդ՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ։

ՀԱՄԱՍ-ը փոխարենը պահանջում է 1000 պաղեստինցի բանտարկյալի ազատ արձակում։

Պաղեստինցի պաշտոնյաներն ասում են, որ մնացած պատանդների ճակատագիրը կքննարկվի համաձայնագրի հետագա փուլերում, որը կողմերը կսկսեն հրադադարի 16-րդ օրը՝ պայմանով, որ առաջին փուլն ընթանա նախատեսվածի համաձայն։

Երկրորդ փուլը ենթադրում է պատերազմի ամբողջական ավարտ, բայց քանի որ կողմերը դեռ չեն էլ սկսել դրա քննարկումը, անհասկանալի է, թե կոնկրետ ինչ է նշանակում «ամբողջական ավարտ»:

Այս փուլում Իսրայելի պաշտպանության բանակը պետք է սկսի դուրս գալ Գազայի հատվածից, սակայն մանրամասները հայտնի չեն։

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, որի կարգավորման ծրագիրը հիմք է դրել համաձայնագրին, երկրորդ փուլը պետք է ներառի մնացած իսրայելցի պատանդների և սպանվածների մարմինների վերադարձը։

Իսրայելն իր հերթին խոստացել է ազատ արձակել հազար պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 190-ը ծանր մեղադրանքներով ավելի քան 15 տարվա ազատազրկման են դատապարտվել։

Անհասկանալի է, թե արդյոք բոլո՞ր 1000 բանտարկյալները կվերադարձվեն երկրորդ փուլում, թե՞ Իսրայելը կազատի մի քանիսին առաջին փուլում:

Համաձայնագրի երրորդ՝ վերջին փուլը ենթադրում է Գազայի հատվածի վերակառուցում, որը կարող է տարիներ տևել։

Կարդացեք նաև

Back to top button