
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ահազանգում է քրեակատարողական հիմնարկներում և Զինված ուժերում ինքնավնասումների ու ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդիրների մասին՝ շեշտելով անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիքը: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՄԻՊ-ը կարևորել է ինչպես ազատությունից զրկված անձանց պայմանների բարելավման, այնպես էլ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառման հարցերը՝ ընդգծելով պետության պարտականությունն այս ուղղությամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդիրներ ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք է տեսնում: Պաշտպանն այս եզրակացությանը եկել է քրեակատարողական հիմնարկներ կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում։
«Ինքս արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Բայց դրանով չի սահմանափակվում: Խնդիրներ են առկա նաև, օրինակ, հացադուլի վարման և ընդհանրապես պայմանների առնչությամբ»։
Բացի աշխատակազմի ընթացիկ, պարբերական այցերից՝ իրականացվում են նաև անձնական այցեր։ Պաշտպանն ասում է՝ տարին սկսել է քրեակատարողական հիմնարկներ առավել հաճախ այցելելով, քանի որ ցանկանում է անձամբ դատապարտյալներից, ազատությունից զրկված անձանցից լսել խնդիրները:
«Կարծում եմ, որ համակարգային խնդիրներ են առկա ինքնավասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված: Կարծում եմ՝ համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի: Շատ մեծ խնդիրներ են առկա ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կախված: Եվ այստեղ միանշանակ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս պահի դրությամբ համակարգը, կարծում եմ, շատ խնդրահարույց է»։
Մանասյանի խոսքով՝ պաշտոնատար անձինք ու կառույցները, որոնք իրավասու են այդ հարցերով որոշումներ կայացնել, պետք է պատշաճ իրացնեն իրենց լիազորությունը:
Պաշտպանը պետական կառույցների պատշաճ աշխատանքը կարևորում է նաև ԶՈՒ-ում ինքնասպանություններն ու ինքնավնասումները կանխարգելելու գործում ։
«Շատ խնդիրներ ի հայտ են գալիս այն պատճառով, որ Զինված ուժերում միջավայրը երբեմն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է ունենում, որ հանգեցնում է, օրինակ, ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով, ինքնասպանությունների, ինքնանվանումների դեպքերի և այլն: Սա ընդհանուր դաշտն է դարձնում խնդրահարույց, նաև քաղաքացիների մոտեցումներն այս հարցի վերաբերյալ»։
Իհարկե, պետք է քաղաքացիների պարտականության մասին խոսել, բայց միանշանակ պետք է խոսել նաև պետության պարտականության մասին՝ բացառելու այդ դեպքերը, հավելեց Մանասյանը:
«Այս առումով, միգուցե, որոշակի զարգացումներ ունենք, բայց ես համարում եմ, որ այս առումով ունենք նաև շատ խնդրահարույց թերություններ և դրանց զարգացման ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ իրականացնենք: Այսինքն՝ դեֆորմացիայի պատճառները կարող են տարբեր լինել, բայց պետությունն իր պարտավորությունները պետք է անմիջականորեն կատարի»։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր բանակից ապօրինի ազատման դեպքերի և այդ առումով «դեֆորմացիայի» գործընթացի մասին: Պաշտպանը կարծում է, որ շատ խնդիրներ ի հայտ են գալիս ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով: Դրանք բացառելու հարցում, կարծում է, խիստ կարևոր է պետության դերակատարումը։
«Պետությունը պետք է ամեն ինչ պատշաճ մակարդակով անի, որ ԶՈՒ-ում բացառի ոչ կանոնակարգային հարաբերությունները, ինքնասպանությունները, ինքնավնասումները և ցանկացած տեսակի վատ վերաբերմունքի դրսևորում»։




