ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սահմանապահն ինքը կորոշի՝ թույլ տալ հայ միգրանտին մուտք գործել ՌԴ, թե ոչ․ Ռուսաստանի կառավարության նոր պահանջը

2025 թվականի հունվարի մեկից Ռուսաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Երկու օրենք է ուժի մեջ մտել, որոնք ազդելու են միգրացիոն հոսքերի վրա, ասում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Դրանք փոփոխություններ են ենթադրում մի քանի ուղղություններով՝ միգրանտների շարժ, կեցության ժամկետներ, իրավական նոր ռեժիմ և այլն։ Մասնագետն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ ՌԴ մեկնող յուրաքանչյուր քաղաքացի տեղյակ լինի ընթացակարգերից։

Ռուսաստանը հայտարարել է միգրանտերի համար այս տարվանից գործող նոր փոփոխությունների մասին։ Առաջինը վերաբերում է ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիներին։ Նախկինում, եթե նրանք տարեկան յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել ՌԴ–ում, ապա նոր փոփոխությամբ այդ ժամկետը կրճատվել է, դառնալով տարեկան 90 օր, եթե չեն պատրաստվում աշխատել, չունեն ժամանակավոր բնակության կամ կացության կարգավիճակ։

«Օրենքի այս ուժից կտուժեն մեր այն վարորդները, որոնք  բեռնափոխադրումների ծառայություններում են աշխատում։ Որովհետև տարվա ընթացքում գումարային 90 օր կարող են գտնվել ՌԴ–ում։ Ցավոք, իրենք այլ հիմքեր չունեն ՌԴ–ում գտնվելու։ Իրենք օգտվում էին հատկապես ոչ վիզային ռեժիմի երկրներին տրված այս հնարավորությունից 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու հնարավորությունից։ Որովհետև հաջորդ 90 օրը իրենք պարտավոր էին ՌԴ տարածքից դուրս գտնվել։ Իսկ հիմա, եթե այնպես ստացվի, որ, օրինակ, իրենց աշխատանքն ավելի երկար ժամանակ պահանջի, և 90 օրը լրանա, երբ որ իրենք ՌԴ տարածքում են գտնվում, նրանք ուղղակի մուտքի արգելք կստանան։ Առնվազն 3 տարի այլևս չեն կարող մուտք գործել ՌԴ։»։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է սահմանապահների գործողություններին։ Նրանք սահմանին կարող են իրենց հայեցողությամբ ՌԴ անվտնագությանը սպառնալիք համարող օտարերկրացուն թույլ չտալ, որ մուտք գործի երկրի տարածք։ Որևէ այլ գերատեսչության թույլտվություն չի պահանջվելու։

 «Հայաստանի քաղաքացիներից փորձագետը նման խնդրով ահազանգեր չի ստացել, բայց ղրղզ գործընկերն արդեն ունեն արձանագրված դեպքեր»։

Ի՞նչ է սպասվում փետրվարի հինգից։ Այդ օրվանից ուժի մեջ կմտնի վտարման կամ արտաքսման մասին օրենքը։ Մինչև հիմա վտարումը կատարվել է դատարանի որոշմամբ։ Այսուհետ ոստիկանությունն առանց դատարանի որոշման իրավունք ունի անօրինական գտնվող, քրեական հանցագործության, միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեջ կասկածվող միգրանտիներին 48 ժամով կալանավորելու՝ կասկածը հերքելու կամ հաստատելու համար։ Այնուհետև առանց դատարանի որոշման անձին կարող են վտարել ՌԴ–ից։

«Այսինքն, ինքը ունի ինքնուրույն այդ որոշումը կայացնելու և առանց դատարանի որոշման վտարելու իրավունք ։ Եվ սա փետրվարի 5–ից ուժի մեջ կմտնի»։

Ի՞նչ է անում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միգրանտներին իրազեկելու  ուղղությամբ։ Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովության և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանի խոսքով՝ արտագնա աշխատանքի մեկնելու ցանկություն հայտնող քաղաքացիները միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում կարող են ստանալ նախամեկնումային խորհրդատվություն։ Բացի սա ներկայացվում են նաև հայաստանյան աշխատաշուկայի աշխատանքները։

«Այնուամենայնիվ, անձը, եթե ցանկություն է հայտնում մեկնելու, այս դեպքում մենք առաջարկում ենք մեկ ուրիշ տարբերակ։ Արդեն եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող գործիքակազմին։ Այսինքն, հարթակ ունենք, որը կոչվում է աշխատանք առանց սահմանների, և որտեղ անձը կարող են մտնել և դիտել բոլոր այն թափուր աշխատատեղերը, որը կա ՌԴ–ում, Բելառուսում, Ղազախստանում կամ Ղրղզստանում։ Այդ հարթակը հնարավորություն է տալիս անմիջապես դիմելու գործատուին և գործատուի հետ քննարկելու աշխատանքի տեղավորման հնարավորությունները»։

2024 թվականին ՌԴ ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ օգոստոսի 31-ի դրությամբ իրենց երկրում գտնվում է 246.000 ՀՀ քաղաքացի։ Այդ ցանկում ընդգրկված են բոլորը, բացառությամբ երկքաղաքացիների։ Ոչ պաշտոնական աղբյուրները ՌԴ–ում անօրինական գտնվող 46–ից 48 հազար քաղաքացիների մասին են հայտնում։ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ մինչև ապրիլի 30–ը անօրինական միգրանտները պարտավոր են օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ–ում։

Հակառակ դեպքում միջոցներ են ձեռնարկվելու նրանց արտաքսելու իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկրներ։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետի կարծիքով՝ ոչ բոլորին է հաջողվելու օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ–ում։

«Եթե իրենց, օրինակ, միգրացիոն հաշվառման ժամկետից անցել է 39 օր, 180 օր, չգիտեմ, 270, այս մարդիկ արդեն իսկ ունեին երեք տարի, հինգ տարի, 10 տարի ժամկետով մուտքի արգելք։ Այսինքն, իրենց պարագայում չեն կարող իրենք օրինականացնել իրենց գտնվելը։ Սահմանը հենց հատեն և փորձեն վերադառնալ, երեքից 10 տարի ժամկետով մուտքի արգելքը ուժի մեջ է մտնելու։ Բայց ՌԴ–ում առնվազն միգրացիոն հաշվառման ժամկետի խախտման դեպքում անձին կարող են օրինականացնել իրենց գտնվելը,եթե ունեն ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամ՝ կին, ամուսին, զավակներ կամ ծնողներ»։

Բայց այս դեպքում էլ, ըստ Տաթևիկ Բեժանյանի,  շատ կարևոր է հիմքը, թե ինչի համար են միգրանտները մուտքի արգելք ստացել կամ ինչու է արտաքսման հարց  առաջացել։ Եթե, օրինակ ծանր հանցագործության համար դատապարտված և ազատ արձակված մարդուն իշխանությունները որոշել են ճանաչել անցանկալի, անգամ ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամ ունենալը չի կարող հիմք դառնալ չեղարկելու արտաքսման որոշումը։

Քիչ թվով մարդիկ կկարողանան իրականացնել Պուտինի պահանջը։ Մյուսներին փորձագետը խորհուրդ է տալիս՝ եթե չունեն ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամ, ուղղակի կամավոր վերադառնալ Հայաստան, որպեսզի չհայտնվեն միգրանտների պահման ժամանակավոր վայրերում։

Կարդացեք նաև

Back to top button