
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում ստորագրված փաստաթուղթը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կողմերը պատմական են որակում։ Հանդիպումներն ու արդյունքն ապահովելու համար միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները․ գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել՝ պարզաբանել է Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահան Հունանյանը: Արտգործնախարարությունն արդեն հրապարակել է ստորագրված փաստաթուղթը, որը արդեն փորձում են տարբեր կողմերից դիտարկել փորձագետները։
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված փաստաթուղթը տարբեր կերպ է մեկնաբանվում Հայաստանում, թեև գերակաշռող են դրական ու ոգևորիչ կարծիքները։
Մինչև ստորագրման պահը Հայաստանում մանրամասներ հայտնի չէին, թե ինչ բնույթի թուղթ են ստորագրելու Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը։ Այժմ արդեն պարզ է, որ ստորագրվել է ո՛չ համաձայնագիր, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն։ Ըստ այդմ, իր կարևորությամբ հանդերձ, խոսքը ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի կանոնադրության մասին է: Իսկ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը, ըստ ամենայնի, դեռ պետք է լինի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունք:
Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փաստաթղթում արտառոց հնարավորություններ Հայաստանի համար չի տեսել․
«Այն, ինչ նշվեց՝ Հայաստանի սահմանին որոշակի խմբերի աշխատանքի առումով, հստակ չէ, թե այդ աշխատանքն ինչ բնույթ է կրելու։ Խորությունն այս փաստաթղթով որևէ ձևի ներառված չէ և պարզ չէ, թե սա ընդհանուր անվտանգային միջավայրի համար ի՞նչ կարող է տալ։ Տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններին պետք էր փաստաթուղթ, որը պետք է նրանց հնարավորություն տար հիմնավորելու, այսպես ասած, հակառուսական քաղաքականությունը կամ Ռուսաստանի հետ ասոցացվող տարբեր կառույցներից Հայաստանի՝ հետագայում դուրս գալու պրոցեսը»։
Նման պնդումներին և դատողություններին Հայաստանի վարչապետն անդրադարձել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելու մասին գրառմամբ։ Ըստ Փաշինյանի՝ այդպիսի քաղաքականությունը հասնում է իր առաջին հանգրվանին։ Հայաստանի համար առանցքային համարվող 11 արտաքին ուղղություններով աշխատանքները վարչապետը դրական է համարում։
Իր թվարկած կետերից մեկով Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանն առավել քան երբևէ պրակտիկ է համարում՝ դիտարկելով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Հայաստանը նպատակադրված է այդ հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա՝ գրել է վարչապետը՝ սա ընդգծելով այն համատեքստում, որ ԱՄՆ-ի հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
Նախարար Միրզոյանի և պետքարտուղար Բլինքենի ստորագրած փաստաթուղթը կոչվում է «Ռազմավարական գործընկերության կանոնադրություն»։ Այն բաղկացած է երկու կետանոց ներածությունից, 5 բաժնից և ընդհանուր առմամբ 33 կետից։ Ըստ բաժինների՝ առանձնացված են գործակցության ուղղությունները։ Առաջին բաժնով սահմանվել են գործընկերության սկզբունքները, երկրորդ բաժինը վերաբերում է տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցությանը։ Պաշտպանության և անվտանգության մասին երրորդ բաժինը բաղկացած է 5 կետից, ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդում բաժինն ամենամեծն է ըստ կետերի, հինգերորդ բաժինը մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանման մասին է։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը հայ-ամերիկյան հարաբերությունների համար փաստաթուղթն աննախադեպ է համարում․

«Հարաբերությունների այսպիսի մակարդակ երբևէ չենք ունեցել։ Այստեղ մի քանի գործոններ պետք է, իհարկե, հաշվի առնենք։ Նախ՝ Հայաստանը ավելի է ինտեգրվում արևմտյան աշխարհին։ Երկրորդ հանգամանքն այն է, որ սա միայն հայ-ամերիկյան հարաբերություններ չեն։ Անցյալ տարվա ապրիլին եղավ Հայաստան-Եվրամիություն-Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպում և ըստ էության տրամաբանական նաև շարունակությունն է, կարծում եմ, այս համաձայնագիրը։ Սա, ըստ էության, աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության նաև հարց է։ Հայաստանը դա անում է երկու պատճառով։ Առաջինը, որովհետև 2018 թվականից սկսած ժողովրդավարական ճանապարհով է շարժվում և երկրորդը՝ Հայաստանն ունի անվտանգության ապահովման խնդիր»։
Փաստաթղթերի ստորագրումից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ «մինչ օրս Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է շուրջ 3,3 միլիարդ դոլար՝ աջակցելու ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և կայունությանը, ինչպես նաև մարդասիրական օգնությանը, այդ թվում՝ 340 միլիոն դոլար՝ 2021 թվականից սկսած»։ Պետքարտուղարությունն ընդգծում է, որ Միացյալ Նահանգների նպատակն է ավելի դիմացկուն, խաղաղ, անվտանգ և անկախ Հարավային Կովկասը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Բլիքենը X-ի իր էջում գրել է, մեջբերում․ «Ամուր գործընկերությունների միջոցով է, որ կարող ենք օգնել կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն և բարգավաճում»։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ավելի է բացել փակագծերը պաշտոնական էջում նշելով, որ «Կանոնադրությունը նոր ուղիներ է սահմանում երկկողմ համագործակցության համար»։ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ նաև ասվում է, որ պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Միրզոյանը նաև հայտարարել են, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը բանակցություններ են սկսելու Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտին աջակցելու համաձայնագրի շուրջ։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը Հայաստանի համար նաև այս կետն է առանձնացնում․
«Այս փաստաթուղթը հնարավորություն է տալու բարձրացնել Հայաստանի դիմակայության մակարդակը ևս մի քանի աստիճանով։ Պետքարտուղար Բլինքենը հայտարարեց, որ առաջիկա օրերին ամերիկյան պատվիրակություն կժամանի Հայաստան և այդ պատվիրակությունը Հայաստանի սահմանային անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկի։ Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք ավելի առարկայական, ավելի լուրջ հետևանքներ կտեսնենք հայ–ամերիկյան հարաբերություններում ընդհուպ մինչև նաև՝ խաղաղ միջուկային էներգիային Հայաստանը հասանելիություն է ստանալու, հնարավոր է նաև ամերիկյան տեխնոլոգիաներով Հայաստանում ատոմակայան կառուցվի և այլ։ Այս համաձայնագրի օգուտները բազմաթիվ են, մեկ-երկուսը չեն»։
Կանոնադրությունը ստորագրելուց հետո Միրզոյանն ու Բլինքենը նաև առանձնազրույց են ունեցել, օրակարգում նաև՝ ՀՀ-ի ու հարևանների հարաբերությունների կարգավորումը։




