
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պահանջել է Իսրայելից դադարեցնել Սիրիայի դեմ ագրեսիան, հայտնում է «Անադուլուն»։
Իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական նիստում նա հայտարարել է, որ Սիրիայի տարածքը «գրոհող բոլոր ուժերը, հատկապես Իսրայելը» անհապաղ պետք է դադարեցնեն այն, հակառակ դեպքում բոլորը կզգան «բացասական հետեւանքները»։
«Թող ձեռքերը հեռու պահեն տարածաշրջանից։ Մեր սիրիացի եղբայրների հետ մենք կարճ ժամանակում կկործանենք «Իսլամական պետությանը», Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներին [քրդերին. խմբ.] եւ այլ ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է նա։
Ըստ Էրդողանի, «ոչինչ այնքան բնական չէ, որքան Թուրքիայի միջամտությունը հարեւան Սիրիայի իրավիճակին, որը արդարացի եւ օրինական է, հատկապես մարդասիրական նկատառումներով»։




