
Հարավային Կորեայում երկրորդ փորձից հետո ձերբակալել են նախագահ Յուն Սոկ Յոլին, որը դեկտեմբերին խորհրդարանի կողմից իմփիչմենթի էր ենթարկել՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար: Ինքը՝ նախագահը, հայտարարել է, որ ինքնակամ համաձայնել է ներկայանալ հարցաքննության։
Սա Հարավային Կորեայի պատմության մեջ գործող նախագահի առաջին ձերբակալությունն է:
Նախագահական նստավայրում մի քանի ժամ տևած ընդհարումից հետո քննիչները կարողացել են Յունին հարցաքննության տանել:
Յունն ավելի վաղ հրապարակել էր կարճ տեսաուղերձ, որում ասում է՝ դեռևս կարծում է, որ ձերբակալությունն անօրինական է, սակայն որոշել է ենթարկվել քննիչներին և ոստիկանությանը արյունահեղությունից խուսափելու համար:
Նա հավելել էր, որ երկրում խախտվում է օրենքի գերակայությունը, և որ դրա իրավունքը չունեն ոչ իր դեմ գործ հարուցած քննչական մարմինները, ոչ էլ կալանավորման օրդեր տված դատարանը։
Դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի նախագահը ռադիկալ միջոցների կիրառմամբ փորձել էր շարունակել պայքարն ընդդիմության դեմ, որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում. նա երկրում ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձ էր արել։
Դրանից հետո խորհրդարանը Յունին մեղադրել էր ապստամբության փորձի մեջ՝ դեկտեմբերի 14-ին իմպիչմենտի ենթարկելով պետության ղեկավարին։
Սակայն նախագահին պաշտոնանկ անելու համար իմփիչմենտը պետք է հաստատվի Սահմանադրական դատարանում։ Քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել, Յուն Սոկ Յոլը պաշտոնապես մնում է նախագահ։
Քննիչները Յունին առաջին անգամ փորձել էին ձերբակալել հունվարի 3-ին, սակայն նախագահի անվտանգության աշխատակիցներն այն կանխել էին, և մի քանի ժամ տևած ընդհարումից հետո քննիչներն ու ոստիկանները լքել էին նախագահական նստավայրը:
Այս անգամ քննիչներն ու ոստիկանները նստավայր են ժամանել տեղական ժամանակով ժամը 4:20-ի սահմաններում, և ժամեր անց Կոռուպցիայի հետաքննության բյուրոն հայտարարել է, որ Յունը ձերբակալված է:
Օրենքի համաձայն՝ առանց դատարանի համաձայնության քննիչները Յունին կարող են միայն երկու օր կալանքի տակ պահել։




