«Իսլամական պետությունը» ամենահարուստ ահաբեկչական խմբավորումն է
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր ուժերը կենտրոնացրել է թուրք-սիրիական սահմանին, ինչի պատճառով արևելագետ Սարգիս Գրիգորյանը վտանգավոր գործողություններ է կանխատեսում Սիրիայում: Ըստ նրա՝ այս խմբավորման գործողությունները Հյուսիսային Իրաքում կարող է անկախ Քուրդիստանի ստեղծմանը բերել։ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ թեեւ անկախ Քուրիդստանի ստեղծումը դեռեւս հեռավոր ապագայի խնդիր է, սակայն դրա բոլոր նախանշանները կան։ Իսկ Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանն էլ համոզված է, որ այս պատերազմում իրենց մեղքն ունեն և Իրաքի, եւ Քուրդիստանի իշխանությունները։
Հյուսիսային Իրաքում` իրենց պատմական հայրենիքում, եզդիների զանգվածային կոտորածները դեռևս շարունակվում են: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր առջև խնդիր է դրել իսպառ վերացնել եզդիներին, ասում է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանը։ Կոտորածների արդյունքում՝ հազարավոր փախստականներ փրկություն են փնտրում Սիրիայի և Իրաքի քրդաբնակ շրջաններում։ Արևմուտքի և այլ երկրների կողմից ստացվող մարդասիրական օգնությունն էլ մեծամասամբ տեղ չի հասնում, ասում է Ավդալյանը, և մեկնաբանում` եզդիները կենտրոնացած չեն Սինջար լեռան մի հատվածում, նրանք ցաքուցրիվ են։
Ցեղասպանության նոր վտանգի առջև են կանգնած Իրաքի հյուսիսիային Դերիք շրջանում փախստականների ճամբարում ապաստանած եզդիները։ Իսլամիստները իմանալով, որ այնտեղ եզդիներ կան, կարող են ամեն րոպե հարձակվել ճամբարի վրա:
Հռոմի պապի կողմից Իրաք ուղարկված կարդինալ Ֆերնանդո Ֆիոլիին «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ այս պատերազմում քրիստոնյա ազգերն ավելի քիչ են տուժում, քան՝ եզդիները։ Քրիստոնյաները, որոնք հրաժարվում են դավանափոխությունից, հնարավորություն ունեն լքել բնակավայրերը և հեռանալ Իրաքից, իսկ եզդիների պարագայում այլ է վիճակը` կամ պետք է ընդունել իսլամ, կամ` ենթարկվել կոտորածների։ Կարդինալի խոսքերով` եզդի տղամարդկանց, ովքեր չեն ընդունում մահմեդականություն, սպանում են, իսկ եզդի երեխաներին և կանանց առևանգում են և «սև շուկայում» վաճառում։
Արևելագետ Սարգիս Գրիգորյանը նշում է, որ այս խմբավորման գործողությունները չդատապարտվեցին դեռևս այն ժամանակ, երբ 2012 թվականի վերջից Սիրիայում սկսեցին իրականացնել լայնածավալ գործողություններ: Սարգիս Գրիգորյանի խոսքով` 2014 թվականի սկզբին, երբ «Իսլամական պետություն» խմբավորումն սկսեց ակտիվություն ցուցաբերել Սիրիայում, դեռևս այն ժամանակ նկատվում էր, որ հիմնական թիրախը Իրաքն է: Եվ արդեն վերջին շրջանում սկսվեցին իրաքաբնակ եզդիների զանգվածային կոտորոծներն ու տարածքների գրավումը: Ըստ արևելագետի` կառույցն այսօր բավականին ակտիվ է Սիրիայի հյուսիսում: Իր դիրքերն է ամրապնդում թուրք-սիրիական սահմանին, ինչն էլ ենթադրում է վտանգավոր զարգացումներ Սիրիայում:
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահը վստահ է, որ այս խմբավորումը ստեղծվել է ԱՄՆ կողմից: Արևմուտքի երկակի քաղաքականության արդյունքն է: Մի կողմից զինում են, մյուս կողմից ռմբակոծում: Ըստ Ավդալյանի` այս խմբավորումն իր աջակցությունն է ստանում Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և Իրաքի սունիական բնակչության կողմից: «Իսլամական պետություն»- ը համարվում է աշխսրհի ամենահարուստ ահաբեկչական խմբավորումը: Գերտերությունների թողտվությամբ և Թուրքիայի միջնորդությամբ նրանք շատ էժան նավթ են վաճառում սև շուկայում, իսկ կուտակած գումարներով էլ ձեռք բերում զենք ու զինամթերք։
Արևելագետը չի կիսում Ավդալյանի այն կարծիքը, որ ԱՄՆ զինում է այս խմբավորումը։ Խմբավորման գործողությունները, ըստ Սարգիս Գրիգորյանի, եթե նախկինում անվերահսկելի էին, ապա այսօր նրանց քայլերում ուղղորդումներ է նկատվում արտաքին ուժերի կողմից: Ըստ արևելագետի՝ կառույցի ֆինանսավորումը հիմնականում նավթամթերիք վաճառքից է, առևանգումներից և գյուղատնտեսական ապրանքներից: Սինջարի դիմադրության միավորման հրամանատարը տեղեկություն է տարածել, որ իսլամիստ ծայրահեղականները կուտակում են իրենց ուժերը Սինջարի վրա հարձակվելու համար։