
Լոս Անջելեսին արևելքից և արևմուտքից սպառնացող երկու վիթխարի հրդեհները կլանել են մոտ 10,000 տուն և այլ շինություններ։
Սանտա Մոնիկայի և Մալիբուի միջև բռնկված հրդեհը քաղաքի արևմտյան թևում, Իթոն հրդեհը արևելքում՝ Փասադենայի մոտ, արդեն համարվում են Լոս Անջելեսի պատմության մեջ ամենաավերիչը։ Կրակի ճիրաններում է հայտնվել 13,750 հեկտար տարածք։
Պաշտոնյաները հաղորդել են 10 մարդու մահվան մասին, թեև Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան ավելի վաղ ասուլիսում ասել էր, որ չի ցանկանում հստակ թիվ նշել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են և, ելնելով ավերածություններ մասշտաբներից, կարծում է, որ թիվը կաճի։
Նա նաև հայտնել էր, որ միայն Իթոն հրդեհը վնասել կամ ոչնչացրել է շուրջ 5000 շինություն: Պաշտոնյաները հայտնել են նաև, որ Պալիսադեսի հրդեհը ոչնչացրել է ևս 5300 շինություն:
Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի խոստացել է, որ դաշնային կառավարությունը 180 օրվա համար 100%-ով կփոխհատուցի վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերը։
«Ես նահանգապետին, տեղական պաշտոնյաներին ասել եմ, որ ոչինչ չխնայեն, անեն այն ամենը, ինչ պետք է հրդեհները տեղայնացնելու համար»,- ասել է Բայդենը Սպիտակ տան ավագ խորհրդականների հետ հանդիպումից հետո:




