ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

50 000 քաղաքացու՝ Եվրամիությանը միանալու ցանկությունն իրավաբանական փաստաթղթի տեսքով հասավ կառավարության նիստերի դահլիճ

Գործադիրը քննարկել է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը՝ ի սկզբանե արտահայտելով դրական նախատրամադրվածությունը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության անդամներին է ներկայացրել նախագիծն ու դրական դիրքորոշման հիմքերը․

«Վերջին տարիներին ՀՀ-ն և Եվրոպական Միությունը բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել, այդ հարաբերությունները ունեցել են շատ հարուստ բովանդակություն և ընդգրկել են տարբեր ոլորտներ։ Եվրոպական Միությունը տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը։ Եվրոպական Միությունը պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավվել է Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը։ Եվրոպական Միությունը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը»։

Արարատ Միրզոյանը նախագծին կողմ քվեարկելու փաստարկները ներկայացնելիս անդրադարձել է նաև Եվրոպական Միության ու անդամ երկրների հարուստ ժողովրդավարական ավանդույթներին, ուժեղ ինստիտուտներին, ազատ մրցակցային միջավայրին, արդիական տնտեսությանը, առաջադեմ զարգացած գիտությանը։ Այս արժեքները կարևորելով էր Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը նախորդ տարեվերջին մտահոգություն հայտնում ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության փոքր ծավալների առումով։

Այս ամենը բացառելու ու քաղաքական վեկտորը փոխելու ցանկությամբ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի անդամները՝ «Եվրաքվե» անունը ստացած միջոցառմամբ 2 ամսում 50 000-ից ավելի ստորագրություն հավաքեցին, ներկայացրին դրանք ԿԸՀ-ին և փաստաթղթին իրավաբանական տեսք տվեցին։

«Եվրաքվեի» ստորագրահավաքի շտաբի ղեկավար Արամ Սարգսյան․ «Գնդակն արդեն իշխանությունների և ԱԺ-ում ներգրավված քաղաքական ընդդիմության դաշտում է։ Պիտի սպասենք նրանց պատասխանին ու պատրաստ լինենք ցանկացած պատասխանի դեպքում մեր գործողությունների հետագա ընթացքը կազմակերպել։ Չեն բացառվում նոր հանրահավաքները, գործողությունները, որոնք միասին կքննարկենք ու ընդհանուր հայտարարի կգանք»։

Իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 2023-ի աշնանը Եվրոպական խորհրդարանում հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական Միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի։ Հաջորդիվ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման մյուս քայլը՝ 2024-ի ապրիլի 5-ին Եվրամիության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստան- Միացյալ Նահանգներ- Եվրամիություն եռակողմ հանդիպում։ Դրան հաջորդող՝ քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքն արդեն քաղաքացիների ցանկության ամրապնդումն էր՝ ասում է վարչապետը և շեշտում՝ հաջորդիվ ևս քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ է լինելու․

«Դե յուրե կառավարության դիրքորոշումը հնչում է հետևյալ կերպ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ նաև արձանագրենք, որ սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս ուղիղ իմաստով, որովհետև էդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Կարող է լինել միայն հանրաքվեի, միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Եթե մենք նույնիսկ հիմա օրենք ընդունենք, կառավարության որոշում ընդունենք, ինչքանով դրա իրավական լուծումները կգտնենք, դա ուրիշ հարց է, բայց Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշում, մեր Սահմանադրության համաձայն, կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով»։

Այս գործընթացը որոշակի եզրահանգման կհասնի միայն Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվե կազմակերպելու, բավարար մասնակցայնության և բավարար դրական ձայների առկայության պարագայում։ Մինչ այդ օրենքի ընդունման դեպքում Հայաստանը կսկսի Եվրամիության հետ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները, կորոշակիանան հետագա գործողությունները։ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ մյուս կողմից ևս ազգակները դրական են, և այս ճանապարհն անցնելը իրատեսական է․

«Մենք այդ հնարավոր համարելու նշաններն էլ ենք տեսել, նկատի ունեմ և՛ վիզաների ազատականացման մեկնարկը, և՛ մի շարք այլ գործիքներ, որ արդեն կիրառվել են կամ քննարկվում են այժմ մեր և Եվրոպական Միության միջև, օրինակ՝ գործընկերության նոր օրակարգը և այլն։ Եվ ահա, ելնելով այս հանգամանքներից, մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել»։

Կառավարությունը դրական դիրքորոշում արտահայտեց։ Հարցը կքննարկվի նաև Ազգային Ժողովում։

Կարդացեք նաև

Back to top button