Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին կոշտ և էմոցիոնալ արձագանքը սխալ է, նրան պետք է գործով պատասխանել, ավելի շատ զենք բերել, պայմանագիր կնքել Ֆրանսիայի հետ, սպասվում է փաստաթղթի ստորագրում ԱՄՆ հետ։
Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ Ալիևի նպատակը հենց իրավիճակը սրելն է։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը խոսել են Ադրբեջանից հնչող սպառնալիքների, Հայաստանի անելիքների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստանում և Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների մասին։
Գրիգորյանի դիտարկմամբ, Ալիևի վերջին հարցազրույցի հռետորաբանությունը շատ նման էր այն հռետորաբանությանը, որ Ռուսաստանն օգտագործում էր Ուկրաինա ներխուժելուց առաջ՝ դեմիլիտարիզացիայի, դենացիֆիկացիայի պահանջներ ու սպառնալիքներ։
Ըստ քաղաքագետի, Ադրբեջանն այսօր շատ ավելի լուրջ է պատրաստվում էսկալացիային, և Ալիևի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել։ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջսնը մի կողմից Ռուսաստանի, Չինաստանի հետ է խորացնում հարաբերությունները, մյուս կողմից արևմուտքում փորձում ներկայանալ որպես հակակշիռ Ռուսաստանին, և լոբբիստական այդ քայլերն արդյունք են տալիս։
Հայաստանն էլ պետք է լուրջ քարոզչական ու լոբբիստական աշխատանք կատարի բոլոր ուղղություններով։ Հարցին, թե ո՞րն է Ալիևի սպառնալիքների բուն պատճառը, Ստեփան Գրիգորյանը պատասխանել է, թե Հայաստանի իշխանությունը հետ չի կանգնում կոմունիկացիաների բացման հարցում ՀՀ ինքնիշխանությունը պահելու դիրքերից։




