
Երևանում հասարակական տրանսպորտի շուրջ քննարկումները, բարեփոխումներն ու փոփոխությունները շարունակվում են։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել միասնական տոմսային վճարման համակարգի ու Telcell ծառայության հետ կապված խնդիրներին, արձանագրել՝ բարելավելու տեղեր դեռ կան, հենց այդ պատճառով համակարգի ամբողջական ներդրումը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։
Մինչ այդ քաղաքապետարանում հույս ունեն լուծել նաև վարորդների համալրման հարցը, որ շարժակազմն ամբողջությամբ աշխատի ու պարբերականության հարցը լուծվի։ Գրիգորյանն անդրադարձել է նաև մեկանգամյա տոմսերի քառօրյա ժամկետին ն ու դրա վերաբերյալ դժգոհություններին։
Երևանի քաղաքապետարանում տեղյակ են, որ հասարակական տրանսպորտի վճարային համակարգի հետ կապված քաղաքացիները դժվարություն ունեն, Telcell-ի հետ կապված էլ խնդիրներ, այո՛ կան։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասում է՝ հենց սա է պատճառը, որ որոշում կայացվեց ամբողջությամբ տոմսային համակարգին անցնել միայն փետրվարի 1-ից։
«Ես կարծում եմ, որ մինչև փետրվարի կեսը, ընդհանուր առմամբ, արդեն բոլորը կպատկերացնեն՝ ինչ տրանսպորտային փաթեթներից են օգտվում, որտեղից են դրանք ձեռք բերում, որն է իրենց համար ամենամատչելի տարբերակը և այլն։ Մենք շատ հաճախ սիրում ենք ասել, և դա այդպես է, որ մենք շատ խելացի ժողովուրդ ենք, չեմ կարծում, որ սա այնքան մեծ բարդություն է, որ մեր ժողովուրդը գլուխ չհանի»,-ասում է Գրիգորյանը։
Համակարգից ամբողջովին «գլուխ հանելու» համար շուրջ 20 օր է մնացել։ Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի տոմսային միասնական համակարգը կսկսի գործել ու այլևս հնարավոր չի լինի 1 ուղևորության դիմաց 100 դրամ վճարել, կամ 100 դրամով 1-անգամյա QR տոմս գնել։ Մինչ այդ, սակայն, առայժմ համակարգն անկատար չէ։ Telcell–ի վճարային համակարգը երբեմն խափանվում է, QR տոմսն անվավեր է համարում, քաղաքացիները փոփոխություններից հաճախ «գլուխ չեն հանում»։

«Եթե մենք խոսում ենք միասնական տոմսային համակարգից և, եթե մենք խոսում ենք, վերջապես, այդ կանխիկ դրամից, նախնադարյան վճարման միջոցների դաշտից դուրս գալու մասին, այո, մի քիչ էլ անհարմար է լինելու, ժողովուրդ ջան, որովհետև, եթե մենք բարեփոխում ենք իրականացնում, մենք, ըստ էության, փոխում ենք մի բան, որը 30 տարի մենք նույն կերպ էինք անում, և դա միանգամից վերաբերում է 100 հազարավոր քաղաքացիների, և եթե մենք իսկապես ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե ձևական ինչ որ մի բան, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցնելը հաճախ բարդ է լինում»։
Քաղաքապետի տեղակալը հիշեցնում է՝ շաբաթներ առաջ գործարկվել է transport.yerevan.am կայքը, որի միջոցով քաղաքացիները ոչ միայն կարող են վճարային նոր փաթեթները գնել, այլև հարցերի պատասխաններ, սահմանված արտոնություններ ստանալ ու հատուկ հաշվիչի միջոցով հաշվարկվել, թե առաջարկվող փաթեթներից, որ մեկն է ավելի շահեկան։ Քաղաքային իշխանությունը հասարակական տրանսպորտից օգտվողների արտոնյալ մի քանի խումբ է առանձնացրել․ Սուրեն Գրիգորյանը հորդորում է մտնել կայք ու ստուգել արտոնության տրամադրումը, իսկ խնդիրների դեպքում անպայման դիմել «թեժ գիծ»։ Առաջիկայում ավտոբուսներում նաև վալիդատոր սարքերը կավելացվեն, որ վճարելիս հերթեր չառաջանան։
«Մի բան է, որ մենք ասում ենք կա համակարգ, բայց ունի դեռ թերություններ, ընդունում եմ, աշխատում ենք, և այդ թերությունները ավելի շատ էին, ու գնալով ավելի քչանում են, բայց մեկ այլ բան է, որ ասում են՝ կոլապս է, որևէ համակարգ գոյություն չունի։ Կներեք, բայց գոյություն չունեցող համակարգով հնարավոր չէ սպասարկել 161 հազար վճարում։ Հետևաբար, եկեք եղած խնդիրներից խոսենք, բայց այդքան գույները չխտացնենք»,-ասում է քաղաքապետի տեղակալը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար մտահոգություններից մեկը 100-դրամանոց մեկանգամյա տոմսերի վավերականության քառօրյա ժամկետն է։ Արդեն հունվարի 1-ից Telcell-ով գնած QR տոմսը հնարավոր է օգտագործել միայն 4 օրվա ընթացքում։ Սուրեն Գրիգորյանը բացատրում է՝ նմանատիպ հարցերը կարգավորվում են Երևանի ավագանու որոշումներով։ Իսկ ժամկետը սահմանվել է ավագանու 2024թ վերջին նիստում։ Քաղաքային իշխանությունը այս փոփոխության մեջ ոչ մի խնդիր չի տեսնում, հատկապես, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեկանգամյա տոմսերը հենց 3 օրում են օգտագործվում։
«Ամենևին չի ենթադրվում, որ դրանք պիտի շատ երկարաժամկետ լինեն, երբ խոսքը գնում է 1 ուղևորության մասին, և նաև ասեմ, որ այնպես չի, որ միայն Հայաստանում է այդպես։ Բացի այդ, այսօր արդեն կայքում հնարավոր է ձեռք բերել երկարաժամկետ տոմսային փաթեթները, Telcell հավելվածով հնարավոր է դեռ 1000 դրամով 10 ուղևորության դիմաց տոմս ձեռք բերել և 30 օրվա ընթացքում դա օգտագործել, այսինքն, այն մարդիկ, ում համար դա սկզբունքային է՝ միանգամից մի քանի տոմս առնել ու դա երկար ժամանակում օգտագործել, դրա հնարավորությունը ունեն»։
Առկա խնդիրներն ու համակարգային թերությունները հաշվի առնելով, Գրիգորյանն ասում է՝ եթե քաղաքացին ոչ իր մեղքով չի կարողանում վճարումն իրականացնել, ապա միևնույն է օգտվում է տրանսպորտի ծառայությունից, առայժմ խստացված վերահսկողություն չի գործում վերահսկողության մասին կխոսեն միայն այն ժամանակ, երբ համակարգն ամբողջությամբ անթերի գործի։




