
Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմամբ զբաղվող հանձնաժողովները կհանդիպեն՝ «Ռադիոլուր»-ին փոխանցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Սա հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, թեև հանդիպման օրը և վայրը դեռ հայտնի չեն։
Սահմանազատման հանձնաժողովների միջև հանդիպում դեռ չի եղել սահմանազատման կանոնակարգը ստորագրելուց և վավերացնելուց հետո։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կողմերը ստորագրել էին նախորդ տարվա օգոստոսի 30-ին, իսկ վավերացման գործընթացն ավարտվեց հոկտեմբերի 25-ին։
Սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2024-ի տարեվերջին լրագրողների հետ զրույցում հստակեցրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև աշխատանքներն այդ ուղղությամբ չեն դանդաղել և շարունակվում են։ Թեմային առնչվող ուշագրավ հայտարարություններ են այսօր արել թե վարչապետ Փաշինյանը, թե արտգործնախարար Միրզոյանը, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Դրանք փաստացի կարելի է համարել արձագանք Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին սպառնալից հայտարարություններին։
«Անկլավների» թեմա սահմանազատման օրակարգում չկա, կան դրանց մասով մեթոդաբանական այլ լուծումներ․ Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներում կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը․ սահմանազատման հանձնաժողովների՝ հունվարին նշանակված հանդիպմանն ընդառաջ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը քիչ հավանական է համարում, որ հանդիպմանը դիտարկվի սահմանազատումն այսպես կոչված «անկլավներում» կամ ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված հայկական տարածքներում շարունակելու հարցը։
«Մեթոդը և աշխարհագրական տեղը՝ որտեղից ընկալում կա երկուստեք շարունակել աշխատանքները, մի փոքր այլ են և պակաս ռիսկային»։
Հայաստանի արտգործնախարարը մանրամասնում է՝ այսպես կոչված «անկլավների» հարցին սահմանազատման կանոնադրությամբ մեթոդաբանական այլ լուծումներ են տրված։
««Անկլավների մասին» առանձին դրույթ կա մեր միջև ստորագրված փաստաթղթերում։ Գիտենք, որ ՀՀ–ն ունեցել է անկլավներ Ադրբեջանում, գիտենք, որ եղել են ադրբեջանական, ընդունված է ասել, անկլավներ Հայաստանի տարածքում։ Սրանք քաղաքական իրողություններ են, բայց գոյություն ունի հարցի իրավական կողմ էլ։ Ես կարծում եմ, որ հանձնաժողովներին պետք է ժամանակ տանք նաև այդ հարցով զբաղվելու։ Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու, բայց սա թողնում եմ հանձնաժողովներին»։
Զգուշավոր լինել՝ ցանկացած տեղեկություն տարածելիս, սահմանազատման մասին խոսել միայն պայմանավորված․ Գրիգորյան
Սահմանազատման հանձնաժողովները զգուշավոր են տեղեկություն հրապարակելու, տարածելու կամ բացահայտելու առումով։ Այդ գործելաոճը կարևորում է սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․
«Մեր հանդիպումները տեղի ունենալուց հետո մենք հրապարակում ենք մամլո հաղորդագրություններ և փորձում մաքսիմալ մանրամասն ներկայացնել ձեզ և հանրությանը արդյունքների մասին։ Կա պայմանավորվածություն, որը կողմերը, շատ լավ է, որ մինչ օրս պահպանել են, և մամլո հաղորդագրությունների շրջանակներից դուրս որևէ մեկնաբանություն ես չեմ կարող ասել»։
Սահմանազատման աշխատանքներին և խաղաղության պայմանագրի բանակցություններին զուգահեռ՝ կողմերն առանձին փաթեթով շարունակում են քննարկումները տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։
Սպառնալիքներին՝ խաղաղ մեսիջով․ պաշտոնական Երևանը խոսել է տրանսպորտային կոմունիկացիաների բացման մեխանիզմներից
Թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցում դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ից և սպառնալիքներ հնչեցրել նաև այն ուժով վերցնելու մասին, բայց հայկական կողմն այդ ամենին արձագանքել է խաղաղ մեսիջներով, հստակ փաստերով և առաջարկներով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ՝ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ է արել Ադրբեջանին: Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է՝ ասում է Փաշինյանը՝ հավելելով, որ սպասում են Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և կսկսվի երկաթուղու հայկական հատվածների շինարարությունը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հավելում է․
«Պետք է ասեմ, որ առաջարկը, որը մենք արել ենք, հասցեագրում է բոլոր գոյություն ունեցող խնդիրները։ Վերաբերում է, իհարկե, առաջին փուլում Հայաստանի հարավով անցնող երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարածմանը։ Այստեղ մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նաև նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ։ Ադրբեջանական կողմի առաջին արձագանքը, համենայն դեպս այդպիսին էր իմ ընկալումը, բավականին դրական էր։ Ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան այս մասին չենք ստացել։ «Խաղաղության խաչմերուկն», իհարկե, չի սահմանափակվում միայն Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ։ Շատ ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորվում, ուրախությամբ պետք է ասեմ, որ «Խաղաղության խաչմերուկը» ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների կողմից, առանձին երկրների կողմից, կազմակերպությունների կողմից»։
Տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման մասով նաև Հայաստանն ու Թուրքիան են պայմանավորվածություններ ձեռք բերել՝ համատեղ գնահատելով Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
«Ազնիվ չէ»․ Հայաստանը ոչ թե պատնեշ, այլ կամուրջ է տարածաշրջանում՝ ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության իրավունքով
Այս համատեքստում Ադրբեջանի նախագահի մեղադրանքները և Հայաստանին տարածաշրջանում «պատնեշ» դիտարկելը հայկական կողմն ազնիվ չի համարում։ Հայաստանի արտգործնախարարը նորի ց հստակեցնում է Հայաստանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք» խոսույթի առնչությամբ․
«Մեզ համար եւ այդ եզրույթն է անընդունելի, և այն կոնցեպտը, մեծ հաշվով, որը դրվում է այդ եզրույթի տակ։ Ճիշտ հակառակը․ եթե այդ կոնցեպտը չկա, եթե լիարժեքորեն հարգվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, հարգվում է ՀՀ ինքնիշխանությունը ենթակառուցվածքների նկատմամբ բոլոր կոմպոնենտներով, այդ թվում՝ անմիջական անվտանգության ապահովման բաղադրիչով, ինչպես և մյուս երկրների ինքնիշխանություն իրենց ենթակառուցվածքների նկատմամբ, ապա մենք ոչ միայն դեմք չենք, այլև շահագրգիռ ենք էդ տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների օր առաջ շահագործմամբ կամ վերաշահագործմամբ։ Ես ուզում եմ ասել, որ ՀՀ–ն չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, և շահեկան էլ չի լինել պատնեշ։ Մենք ուզում ենք լինել կամուրջ, եթե կարելի է ասել՝ կապող օղակ։ Սա վերաբերում է և աշխարհագրորեն մեզ մոտ, և հեռու գտնվող երկրներին»։
Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին սուր և մեղադրական հայտարարությունները վերլուծաբաններն առավելապես գնահատում են որպես աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում դիրքավորվելու նոր փորձ։ Ադրբեջանը փորձում է օգտվել ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից և տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ավելացումից։




