
Պաշտոնական Երևանը Խաղաղության պայմանագրին առնչվող առաջարկների հերթական փաթեթը Բաքու է ուղարկել տարեվերջին ու սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին՝ ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ առաջարկները վերաբերում են փաստաթղթի չհամաձայնեցված հոդվածներին։
«Չունենք ստորագրված փաստաթուղթ, ամիսուկես առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը և սպասում ենք։ 17 քննարկվող հոդվածներից 15-ը համաձայնեցված են, տեսնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանն այն երկուսի վերաբերյալ։ Վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել Ադրբեջանին, որոնք հնարավորություն կտան ամբողջական լուծում տալու գոյություն ունեցող խնդիրներին», -ասել է նախարարը։
Ինչ վերաբերում է սահմանազատման խնդրին, նախարարը տեղեկացրել է, որ փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների հանդիպումը ենթադրաբար տեղի կունենա այս ամիս։
Նրա խոսքով՝ 2024-ին սահմանազատման գործընթացում հաջողվել է առաջընթաց գրանցել, մասնավորապես ստորագրել երկու երկրների միջև երբևէ եղած առաջին միջազգային փաստաթուղթը՝ երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, այնուհետև իրականացնել միջպետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատում:
«Պայմանավորվածություն կա շարունակելու այս աշխատանքը։ Ենթադրաբար, հենց այս ամսվա հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների միջև և նրանց գլխավորած հանձնաժողովների միջև հերթական հանդիպումը: Կա նաև ընկալումը, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- ասել է նա:




