
«Խոսում է Երևանը, Երևանն է խոսում»: Արդեն գրեթե 100 տարի այս մասին են ավետում ռադիոընդունիչները բնակարաններից, ինքնաշարժերից, հիմա արդեն հեռախոսներից:
Ի՞նչ է խոսում Հայաստանի ռադիոն, մշտապես երիտասարդ այս ծերուկը, որի 100 տարին կլրանա 2026-ին: Որքան թանկ ձայներ, հոյակապ երաժշտություն, գեղեցիկ երգեր են հնչել ռադիոտան ձայնագրման ստուդիաներում, ինչպիսի մեծություններ են իրենց պատմությունները թողել այստեղ՝ ժապավենների վրա: Այնպես որ, Հայաստանի ամենամեծ ձայնային շտեմարանը մեզ շատ բան ունի պատմելու:
Եվ այսպես՝ խոսում է Երևանը իր նոր «Գրեթե 100 տարի» ռադիոշարքով՝ նվիրված Հայաստանի ամենամեծ ձայնային պահոցին՝ տասնամյակներ շարունակ ժապավեններին ի պահ տրված մեր պատմության ձայնային վկայություններին, որոնց շնորհիվ կարող ենք ետ պտտել ժամանակի անիվը և տեղափոխվել անցյալ, վերհիշել մեր երկրում տեղի ունեցած մեծ ու փոքր իրադարձությունները: Միևնույն ժամանակ անցյալից ներկա բերել բացառիկ մարդկանց խոսքը, լսել նրանց անգին ձայնը, պատմել Ռադիոյի ոսկե ֆոնդի գանձերի մասին և հրամցնել բարձրորակ երաժշտություն և կատարումներ:
Ռադիոտան այսօրվա հասցեում՝ Ալեք Մանուկյան 5, սկսել է ձևավորվել Հայաստանի ռադիոյի երիտասարդության շրջանը:
Ամեն ծննդյան՝ հատկապես հոբելյանական տարեդարձներին, միշտ էլ հետահայաց ես նետում. ոնց ծնվեցիր-մեծացար, ում սիրեցիր, ում հանդիպեցիր, հիշում ես հիասթափություներդ, դժվարություններդ և, իհարկե, վերելքդ:
Հայկական ռադիոյի նախապատմությունը մեզ տանում է 1918թ.՝ Հայաստանի առաջին հանարապետության նախարարների խորհուրդ: Իշխանությունները գիտեին, որ խիստ անհրաժեշտ էր ունենալ տեղեկատվության փոխանակման հուսալի և արագ միջոց: Մանավանդ պատերազմի մեջ գտնվող երկրի համար դա խիստ հրատապ էր: Եվ ուրեմն՝ 1918 թ. նոյեմբերի 16-ին Հ. Քաջազնունու նախագահությամբ հրավիրվեց նախարարների խորհրդի նիստ, հետևյալ օրակարգով.
«Խնդրել Հայաստանի Խորհրդից Երևանում մի Ռադիօկայան կառուցելու համար Ներքին գործոց մինիստրին 200 000 ռուբլի վարկ բացել մասին»։
Շուտով դիվանագիտական ներկայացուցիչները Վարչապետի ստորագրությամբ ստանում են հետևյալ հանձնարարականը.
«Գործուն աջակցութիւն ցուցաբերել, ձեռք բերել և Հայաստան տեղափոխել նորագոյն ռադիոկայան՝ կապը այլ երկրների հետ արդիւնաւէտ կազմակերպելու համար»։
Եվ 1919թ. գարնանը Թիֆլիսից Հայաստանի արտաքին գործերի նախարար Սիրեկան Տիգրանյանը և Արդարադատության նախարար Սամսոն Հարությունյանը հեռագրով զեկուցում են վարչապետի պաշտոնը ստանձնած Ալեքսանդր Խատիսյանին.
«Հաղորդում ենք, որ այժմ հնարաւորութիւն կա Թիֆլիսում հաﬔմատաբար էժան գնով ժամանակակից ռադիոսարքեր, նոր տիպի «Մարկոնի» ռադիոկայան՝ 50.000 ռուբլով ձեռք բերելու համար։ Մենք որպես կանխավճար արդեն մուծել ենք 15.000 ռուբլի»։
Ի միջիայլոց՝ Գուլիելմո Մարկոնին, որի ռադիոկայանը ձեռք բերելու հարցով պարոնայք նախարարները դիմել էին ՀՀ վարչապետին, 1909թ. այս գյուտի համար Կարլ Բրաունի հետ արժանացել էր Նոբելյան մրցանակի։ Մարկոնի սարքն արդեն տեղադրվել էր նաև օվկիանոսային ջրերը ակոսող նավերի շքեղ նավախցերում, որպեսզի քմահաճ ուղևորները կարողանան կապ հաստատել ցամաքի հետ: Որպես անվտանգության միջոց, այս սարքերով կահավորվել էին նաև նավապետերի խցիկները: Եվ հենց Մարկոնիի սարքի շնորհիվ Տիտանիկից, այնուամենայնիվ, փրկվողներ եղան, որոնք S.O.S հնչեցրին մոտակայքում գտնվող նավերին:
Հիմա այս գյուտատար-գիտնականի ստեղծած սարքը գալիս էր Երևան և դրա համար փող էր անհրաժեշտ: Մայիսի 12-ի Ա. Խատիսյանի նախագահությամբ Մինիստրների խորհուրդը հանձնարարում է Ֆինանսների նախարարությանը. «50.000ռ. վարկ բանալ Զինւորական ﬕնիստրութեանը»։
Շուտով սարքավորումները հասնում են Երևան և Թիֆլիսից եկած մասնագետների օգնությամբ բերվում աշխատանքային վիճակի: Դրանից հետո ռադիոկայանը, որին տրվում է «Երևանի ուժեղ ռադիոկայան» անվանումը հանձնվում է Զինվորական նախարարությանը պայմանով, որ այն «…գործածուի Կառաւարութեան ընդհանուր կարիքների համար»։
1919 թվականի հոկտեմբերին Երևանի ուժեղ ռադիոկայանը սկսեց գործել շուրջօրյա: Այն ուներ 9 կիլովատ 17 ամպեր հզորություն: Ալիքները հասնում էին մինչև Թաշքենդ, Հաշտարխան և Բասրա: Մերձավոր Արևեքի այս քաղաքում կապը իրագործվում էր ֆրանսիական ռադիոկայանի ﬕջոցով:
Այդ տարիներին Հայաստանի հանրապետոթյունը դիվանագիտական հարաբերություններ ուներ Դենիկինի կառավարության հետ: Ռազմական օպերատիվ լրատվություն էր փոխանցվում Ռուսատանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի մասին: Օպերատիվ ռադիոկապով նաև լուրեր էին ստացվում Վրանգելի բանակի վերահսկողություն տակ գտնվող Ղրիմից:
Իրավիճակներ էին փոխվում համաշխարհային թատերաբեմում, փոխվում էին նաև մարտահրավերները: Անհրաժեշտություն առաջացավ ռադիոկայանը հանել Զինվորական նախարարության ենթակայությունից և փոխանցել Արտաքին գործերի նախարարությանը: Եվ, անշուշտ, հզորացնել սփռման շառավիղը: Փող էր անհրաժեշտ: Եվ 1920 Ապրիլի 15, Մինիստրների խորհրդի նիստի օրակարգում, ներառվեց Հաղորդակցութեան Մինիստրի զեկուցումը Ռադիօկայարանի կարիքների համար փոխարինաբար 264000ռ. տալու մասին հարցը։ Եվ ստացավ դրական լուծում:
Բայց Հայաստանի անկախությանը քիչ ժամանակ էր մնացել: Շուտով հաստատվեցին խորհրդային կարգեր:
Արդեն 1923 թ. նոյեմբերին կար հրահանգ Երևանում եվրոպական չափանիշներին համապատասխանող ռադիոկայան կառուցել համար: Ալեքսանդր Թամանյանի նախագահությամբ հատուկ հանձնաժողովը այս ու այն կողմ տարածքներ ուսումնասիրելով, նախապատվությունը տվեց Քանաքեռում՝ հրետանային կայազորի հարևանությամբ գտնվող տարածքին։
Միայն 1929-ի վերջին, երկար-բարակ սպասումներից, քաշքշուկից հետո Քանաքեռի ռադիոկայանը շահագործման հանձնվեց: Այս ձգձգման պատճառն այն էր, որ Երևանում սպասում էին Թիֆլիսի Նավթլուղ թաղամասում կառուցվելիք 20 կիլովատ հզորության ռադիոկայանի կառուցմանը, որպեսզի այնտեղի օգտագործված, բայց իբրև որակյալ, 4 կիլովատանոց կայանը տեղափոխվեր Քանաքեռ:
Հեռավորության վրա փոխանցվող ձայնի կախարդանքը հանգիստ չէր տալիս ոչ միայն կառավարություններին, այլև պարզ մարդկանց: Ի հայտ եկավ ռոմանտիկների մի նոր «տեսակ»՝ ռադիոսիրողներ: Ամերիկայում 1912թ. արդեն օրենքով կարգավորված էր ռադիոսիրողների գործունեությունը: Ինքնաշեն սարքերով մարդիկ որսում էին ռադիոալիքները և ունկնդրում աշխարհի տարբեր անկյուններից հեռարձակվող լուրերը: Ռադիոսիրողները ամենուր էին, նաև՝ Հայաստանում: Իշխանությունը հետևում էր նրանց: Ռադիոալիքները երկաթե վարագույրի հակառակ կողմից բերում էին ազատ, գունեղ աշխարհի մասին տեղեկություն: Ռադիոընդունիչների կարճ ու երկար ալիքների արանքից լսվում էին այլախոհ մտքեր և ջազ:
«Կազմակերպությունները և անհատները, ովքեր ցանկանում էին տեղադրել ռադիոընդունիչ պարտավոր էին անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ մոտակա փոստային բաժանմունք և լրացնել անկետա՝ 2 օրինակից»։
Իսկ մի գաղտնի գրությամբ պահանջվում էր անօրինական ռադիոսարքերից օգտվողների ցուցակը: Արգելվում էր կիրառել տնային պայմաններում պատրաստված սիրողական ռադիոընդունիչներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության սարքավորումներ:
Ի դեպ՝ Հայաստանում առաջին ռադիոխմբակները ձևավորվեցին Պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադիր, Պետերբուրգի Լոզանի և Փարիզի համալսարանների պրոֆեսոր Հարություն Չեբոտարյանի՝ Անժուրի ղեկավարությամբ: Այստեղ կրթվեցին ռադիոինժեներներ: Նրանցից մեկն էլ՝ Կոնստանտին Ավետիսյանը, դարձավ նորաստեղծ հանրապետական ռադիոկայանի առաջին վարիչը։
Մոտենում ենք Հայաստանի ռադիոյի ծնունդին: Ռադիոկայանի կառուցման ծախսերի նախահաշիվը պատրաստ էր, այն կազմում էր 51.106 ռ. 12 կոպեկ։
Լավ, այսքան գումար և ջանք է ներդրվելու արդիական ռադիոկայանի կառուցման համար, բայց ինչպես պետք է սովետական քաղաքացին Հայաստանում լսի հայկական ռադիոյի հաղորդումները:
Եվ այս մտահոգությամբ էլ «Խորհրդային Հայաստան» թերթը 1926թ․-ի հունիսի համարներից մեկում, ռադիոսիրող Կոնստատին Ավետիսյանը զետեղում է մի հրապարակում «Լայնահաղորդի խնդիրները Յերևանում» վերնագրով: Պարզ տրամաբանությամբ գրում է, որ լայնահաղորդ սարքավորումների հետ մեկտեղ պետք է պատրաստել լսողական սարքավորումների ցանց:
«…Իսկ մեզ մոտ կառուցվելուց հետո ստիպված ենք միառժամանակ սպասել ցանցի կառուցմանը: …Ընդունող ապարատներից Հայաստանում կան Յերևանում, Լենինականում, Արտաշատում և Ղարաքիլիսայում, ընդամենը՝ 10, վորոնցից կանոնավոր աշխատում են միայն 4-5: …Նախքան լայնահաղորդ ապարատ կառուցելը պետք է բոլոր գավառներում գտնվող մեծ ու փոքր դահլիճներում, ակումբներում, գյուղերում և շրջաններում գտնվող խրճիթ-ընթերցարաններում, կոոպերատիվ խանութներում…կառուցել ռադիոընդունողներ թվով 200-300, որոնց թիվը աստիճանաբար կը լայնանա և կը տարածվի: Հակառակ դեպքում լայնահաղորդ կայանից ստացված յեռանդը և ծախսերը իզուր կը կորչեն և մենք խնայողությոն ռեժիմի տեսակետից մեծ հանցանք գործած կը լինեն»:
Անշուշտ վերջում՝ հավանաբար ապահովագրելով ինքն իրեն պատկան մարմիններին քննադատելու իր համարձակության համար, հիշում է ընկեր Լենինի խոսքերը. «Կառուցել լրագիր առանց թղթի. Ռադիոն կլուսավորի բազմամիլիոն աուդիտորիային»:

Մինչ Ալեք Մանուկյան 5 հասցեում տեղակայված մեր հարազատ ռադիոյի շենքը կկառուցվեր, ռադիոկայանը տեղակայվեց Երևանի երկաթուղային կայարանի վարչական շենքի տարածքում: Դա 1899թ․-ին կառուցված մի շինություն էր, այսօրվա կրկեսի շենքին հարող: Այս շենքը պատմության մեջ մնաց «Նվագախմբի տղաները» ֆիլմի շնորհիվ, որի բազմաթիվ տեսարաններ նկարահանվել են հենց այստեղ՝ շենքից ներս ու դուրս և Հենրիկ Մալյանի և ստեղծագործական ամբողջ խմբի շնորհիվ պահպանվել կիոժապավենի վրա: Այդ տեսարանները և 1-2 լուսանկարները միակ տեսանելի վկայություններն են կայարանի վարչական շենքի, որտեղ նաև տեղակայվել է Հայաստանի ռադիոն: Այն քանդվեց 1960-ից հետո:

Երկաթուղային կայարանի վարչական շենքից Հայաստանի ռադիոն տեղափոխվեց Աբովյան փողոցում գտնվող «Ինտուրիստ» հյուրանոցի 4-րդ հարկ: 2 հարկ ներքև ապրում էր Եղիշե Չարենցը: Հիմա էլ մինչև 1936թ․ Ինտուրիստը կդառնա Հայաստանի ռադիոյի հասցեն:
1926թ. սեպտեմբերի 1-ին եթեր հեռարձակեց 25 րոպե տևողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը։ «Լսեցե՛ք, լսեցե՛ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը», — հնչել է Սուրեն Քանանյանի՝ 1-ին հաղորդավարի ձայնը: Իմիջիայլոց, Ս. Քանանյանը որպես ռադիոտեխնիկ աշխատել է նաև առաջին հանրապետության ռադիոկայանում։ Ցավոք նրա ձայնը, ինչպես նաև Վերգինե Բաբայանի ձայնը, որ Հայաստանի պրոլետգրողների ընկերակցության քարտուղար նաև պետական թատրոնի տնօրեն Գևորգ Աբովի կինն էր, չեն պահպանվել:
Հեռարձակված առաջին հաղորդումները հիմնականում տեղական կարճ լուրեր էին և երգ-երաժշտություն: Բոլոր հաղորդումները կենդանի էին, երգիչ-երգչուհիները բարձրախոսի առջև կանգնած երգում էին ուղիղ եթերում: Դրանք գուցե չեն էլ ձայնագրվել: Բայց այնուամենայնիվ Հանրային ռադիոյի պահոցում կան շատ-շատ հին գրամոֆոնային ձայնագրություններ, որոնք ժամանակ առ ժամանակ եթեր են տրվել: Օրինակ՝ 1902թվականին թողարկված երգերը:

Շուտով Ռադիոստուդիան տեղափոխվում է այլ հասցե:
«Հյուրանոցի շենքից Ռադիոստուդիան տեղափոխել նոր շենք (Փոստի շենք)։ Պարտավորեցնել Ռադիո Հաղորդման կոﬕտեյին, Արվեստի վարչության հետ միասին վերանայել քաղաքային յեվ շրջանային հաղորդուﬓերի ռեպերտուարը այն հաշվով, վորպեսզի ապահովվի գեղարվեստական, քաղաքական, գրական հաղորդուﬓերի ավելի բարձր վորակ»։
Իջեցվում են մի քանի հանձնարարականներ՝ օրինակ՝ 1936-ի սեպտեմբերից կազմակերպել ինքնուրույն կամերային նվագախումբ։ Եթեր հեռարձակվող երաժշտական հաղորդուﬓերը հարստացնելու նպատակով նոր գործեր պատվիրել կոմպոզիտորներին, թարգմանել գրականության դասականների լավագույն գործերը, համաﬕութենական Ռադիոյից ձեռք բերել տոնֆիլﬔրի ժապավեններ և գրամոֆոնային սկավառակներ, ստեղծել մանկական բազմազան հաղորդումներ, և այլն:
Փոստի շենքում Հայաստանի ռադիոն գործեց մինչև 1956 թվականը, երբ շահագործման հանձնվեց Հովհաննես Մարգարյանի նախագծով կառուցվող այսօրվա Ռադիտունը: Այստեղ՝ 3-րդ հարկի սենյակների դարակներում կամաց-կամաց հայտնվեցին առաջին ձայնագրությունները՝ 78 արագությամբ, հետո արդեն՝ 36: Այսպես սկսվեց ձայնադարանի պատմությունը: 1965-ից հիմնադրվեց ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը: Հետո հիմնվեց ռադիոյի Ոսկե ֆոնդը՝ մեծարժեք ձայնագրությունների, կատարումների, ընթերցումների, հարցազրույցների մի իսկական գանձարան: Ռադիոյի ձայնադարանը հիմա թվայնացման եռուզեռի մեջ է:
Այդ եռուզեռի արդյունքների մասին էլ նպատակ ունենք պատմելու այս հաղորդաշարի հաջորդ թողարկումներում: Վստահեցնում եմ, ձեզ սպասվում են կարոտալի ձայնային հանդիպումներ և շատ հետաքրքիր տեղեկություններ:




