Հայաստանի չորս ղեկավարներն էլ սխալ են բանակցել։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։
Լևոն Սարդարյանն ու Սամվել Բաբայանը խոսել են հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա ընթացքի, 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառների ու հետևանքների, Հայաստանի անելիքների մասին։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի խոսքով, մենք չենք գնահատել մեր նվաճումները, արածը, ինչն այսօր անում է Ադրբեջանը։ Հայերը հույսը դրել էին ուրիշների վրա, մինչդեռ կամ պետք է պատրաստվեին պատերազմին, կամ ճիշտ բանակցեին։ Դրանցից որևէ մեկը չի արվել։
Գեներալ-լեյտանենտը դեռ 2013թ. կետ առ կետ ներկայացրել էր այն, ինչ եղավ 2020թ.։ «Ինքներս ենք մեզ դավաճանել»,- նշում է Բաբայանը։
Անտարբերություն, անպատասխանատվություն, անգրագիտություն. Ըստ Բաբայանի, 44-օրյա պատերազմում պարտության պատճառները հենց սրանք էին։ Սամվել Բաբայանը վստահ է՝ Ադրբեջանը պատերազմի չի պատրաստվում, փոխարենը ուզում է օրակարգ թելադրողն ինքը լինել։ ՊԲ նախկին հրամանատարը կարծում է՝ «Խաղաղության խաչմերուկը» պատերազմի խաչմերուկ է, Հայաստանն այլ բան պետք է անի, կոմունիկացիաներ կառուցի, իրական խաչմերուկ դառնա։




