Հայաստանում գյուղատնտեսության պես ռազմավարական ճյուղը զարգացնելու համար պետք է ոռոգման համակարգը հանել խայտառակ վիճակից, նվազեցնել ջրի կորուստները։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը։
Լևոն Սարդարյանն ու գործարարը զրուցում են գյուղատնտեսության վիճակի, գյուղնախարարության վերականգման անհրաժեշտության, պետության անելիքների, պարենային անվտանգության մասին։
Ըստ Մնացականյանի, անցած տարին չափազանց վատն էր գյուղատնտեսության առումով՝ կարկտահարություն, հեղեղումներ, կրծողներ։ Անդրադառնալով պարենային անվտանգության խնդիրներին՝ գործարարը նշել է, թե անհրաժեշտ է հողերի խոշորացման ինտենսիվ աշխատանք կատարել, ներգրավել կոմպետենտ անձանց, վերականգնել գյուղնախարարությունը։
«Գյուղատնտեսությունը պահանջում է իրավիճակային լուծումներ՝ կարկտահարության, ցրտահարության, հեղեղումների, միջատների դեմ պայքարի առումով»,— նշել է Մնացականյանը։
Գործարարը նշում է, թե Հայաստանում գյուղատնտեսության պես ռազմավարական ճյուղը զարգացնելու համար պետք է ոռոգման համակարգը հանել խայտառակ վիճակից, նվազեցնել ջրի կորուստները, վարկ վերցնել դրա համար, որքան էլ այդ գործընթացն արժենա։
Անդրադարձել են նաև մսի, անասունների մորթի, ոչ սպանդանոցային միսն առգրավելու հարցերին։ Ըստ Մնացականյանի, սխալ է ամեն ինչ գցել հասարակ մսավաճառի կամ գյուղացու վրա, պետությունը պետք է գործուն մեթոդներ ձեռնարկի, օրինակ, շարժական սպանդանոցներ գնի ամեն մարզի համար մեկական։ Իսկ մեծ ծախսեր չի պահանջում, մեկ միլիոն դոլարով հնարավոր է իրականացնել։




