Սերգեյ Փարաջանովի հոբելյանական տարին ամփոփվեց կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանի «Նռան գույնը» ֆիլմի վավերագիր պատմություն» գրքով։ Գիրքը կազմված է արխիվային փաստաթղթերից, Փարաջանովի նամակներից, զանազան գրություններից, ֆիլմի հայտից մինչև գրական և ռեժիսորական սցենար, նկարահանված կադրերի քննարկում՝ «Հայֆիլմի» գեղխորհրդի նիստում և այլն։
Ամփոփելով կինեմատոգրաֆիական տարին, Գարեգին Զաքոյանը, որպես ձեռքբերում նշեց Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում, իսկ կինոնարտադրության մեջ՝ ոչինչ։
Զաքոյանն ասում է, որ կինոն մեկ մարմին չէ, այն բաժանվում է երկու հստակ մասերի․ կոմերցիոն և հեղինակային կինո։ Խորհրդային տարիներին Փարաջանովի արվեստը ժողովրդին անհասկանալի էր, սակայն այսօր էլ այն շատերի համար անհասկանալի է։
«Չկարծեք, թե Փարաջանովին էսօր հասկանում են կամ էսօրվա կինոստեղծողներն են հասկանում, սա ամենակարևոր հարցն է։ Սա հարցերի մի ամբողջ փունջ է, սկսած հանդիսատեսից, որին նույնպես պետք է կրթել և ավարտած մասնագիտական կինոկրթությունից, որը սխալ հիմքերի վրա է դրված և լավ հեռանկար չի կարող ունենալ։ Այն, ինչ հիմա սովորեցնում են, կոմերցիոն կինոյի օրենքներով են սովորեցնում, և նկարում են հոլիվուդյան ֆիլմերի վատ կրկնօրինակներ։ Իսկ դա էն կինոն է, ինչը որ Փարաջանովն անվանում էր ժամանց տնային տնտեսուհիների համար»,– ասում է Զաքոյանը։
Կինոգետը նշում է, որ կինոարվեստը 21-րդ դարում մարդու զարգացման համար կարող է լուրջ դերակատարում ունենալ։ Այսօր աուդիո վիզուալ մտածողության դարաշրջան է և դրա հետ պետք է հաշվի նստել։ Եթե կինոյին նայում ենք ոչ թե ժամանցի տեսանկյունից, այլ լուրջ հասարակություն ունենալու, պիտի կարևորենք հեղինակային կինոարվեստի զարգացումը։ Այս ձեռքբերումները ազգային կինոն ունի արդեն ի դեմս Փարաջանովի, Փելեշյանի և այլոց, սրա հիման վրա պիտի կառուցել ազգային կինոարվեստը և դա կլինի մեծ հաղթանակ։
Գարեգին Զաքոյանին մտահոգում է կինոժառանգության պահպանման խնդիրը, կինոյի ապագան, այսինքն՝ մասնագիտական կրթությունը, հանդիսատեսի կրթվածությունը։ Ու եթե այսօր նոր աշխարհ ենք կառուցում, կինոն էլ նոր ճանապարհով պիտի գնա։




