ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների ամփոփում․ 2024 թվական

Եթե 2023-ի տարեվերջին հաճախ էր նշվում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել օրերի կամ առաջիկա ամիսների ընթացքում, ապա 2024-ի տարեսկզբից իրավիճակն այլ տրամաբանությամբ էր զարգանում։ Հայկական կողմը տարեսկզբին խոսեց բանակցություններում հետընթացի մասին, դրան հաջորդեցին Ադրբեջանի նախագահի սադրիչ նոր հայտարարություններն ու սպառնալիքները։

Հայաստանի ներքաղաքական և վերլուծական դաշտում դրանք բանակցային միջավայրը խաթարող հիմք էին համարվում, գնահատվում էին որպես ահազանգ Բաքվի իրական նպատակների մասին։

Մինչդեռ միջնորդները շարունակում էին պահպանել լավատեսությունը և հավատալ կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությանը։

2024 թվականի ընթացքում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները անցել են տարբեր փուլերով՝ ինչպես առաջընթացներով, այնպես էլ հետընթացներով: 2023 թվականի վերջին մեծ էին ակնկալիքները պայմանագրի ստորագրման վերաբերյալ, սակայն 2024-ի սկզբին իրավիճակը բարդացավ։ Հայկական կողմը հայտարարեց, որ որոշ հարցերում առաջընթաց չկա, Ադրբեջանն էլ նոր սպառնալիքներ հնչեցրեց:

2024-ի հունվարի 4-ին Հայաստանը պատասխանեց Ադրբեջանի՝ 2023-ի դեկտեմբերի վերջին փոխանցած խաղաղության պայմանագրի առաջարկներին: Ադրբեջանը արձանագրել էր դրական դինամիկա, բայց հայկական կողմը պնդեց, որ կան չլուծված հարցեր: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ որոշ հարցերում առաջընթաց կա, սակայն դա չի արտացոլվում նախագծում, և անհրաժեշտ է հավելյալ աշխատանք:

«Այսինքն, հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնեցրել ենք, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել։ Բայց, ընդհանուր առմամբ, կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել։ Ոչ թե գաղտնիք է, այլ ավելի շատ զուտ բանակցային էթիկայի սկզբունքներից ելնելով, քանի որ մենք շարունակում ենք բանակցությունները, եկեք դա ավելի շատ թողնենք բանակցային սեղանի շուրջ վերջնական համաձայնեցնելու։ Մենք ակնկալում ենք, որ այդ հարցերով ևս մենք կկարողանանք շուտով առաջընթաց գրանցել։ Այն բոլոր հարցերը, որոնց համար մենք լուծումներ չենք գտել, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ակնկալում ենք, որ և՛ փոխանակման, և՛ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիրը վերջնականացնել և կնքել»։

Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները և այլ միջնորդներ ակտիվորեն  փորձում էին աջակցել բանակցային գործընթացին, սակայն Ադրբեջանը որոշ դեպքերում հրաժարվել էր որոշակի միջնորդական առաջարկներից, այդ թվում՝ ամերիկյան։ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն տարածաշրջան այցելեց՝ վաշինգտոնյան հարթակում հնարավորինս շուտ հայ–ադրբեջանական բանակցություններ նախապատրաստելու մտադրությամբ։ Պաշտոնական Բաքուն, սակայն, հրաժարվեց ընդունել Բոնոյին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը ակնկալիքներ ունի ամերիկյան միջնորդությունից, բայց Բոնոյի այցի հետ կապված ադրբեջանական մերժումներին չցանկացավ անդրադառնալ։

«Ես բարձր եմ գնահատում այդ միջնորդությունը և այդ շարունակական ջանքերը պետդեպարտամենտի կողմից, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Բայց նաև ակնկալիքն այն է, որ բավարար ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը ավելի կառուցողական լինի և ստանձնի այն հանձնառությունները, որոնց շուրջ համաձայնություն է տվել ժամանակին խաղաղության հասնելու նպատակով»։

Բաքուն սկզբում հայտարարում էր՝ խաղաղության պայմանագիրը չպետք է դառնա սահմանազատման պատանդը, սակայն հետագայում նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվում են երկու թեմա՝ հաղորդակցության ուղիների բացում և սահմանազատում՝ ընդգծելով, որ հաղորդակցության բացումը խաղաղության գործընթացի անբաժանելի մասն է:

Փետրվարի կեսերին Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքում, փետրվարի 28-29-ին Բեռլինում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ քննարկելով խաղաղության պայմանագրի նախագիծը։ Այնտեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները և համաձայնեցնել պայմանագրի հոդվածները։

Գերմանիայի ակտիվացումը սկսվեց 2023-ի հունիսին Քիշնևի Եվրոպական համայնքի գագաթնաժողովից հետո։ Դրան հաջորդեցին Գրանադան ու Մյունխենը։ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, ակնկալիքներ չուներ Գերմանիայի միջնորդությունից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյան.

 «Մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում բանակցությունների ֆորմատի փոփոխություն, եթե իհարկե, բանակցություններ կան։ Հայկական կողմը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկությունից, Ադրբեջանը Արևմուտքում, մասնավորապես, Բրյուսելից ստանալով այն, ինչ ցանկանում էր, հրաժարվում է մեկնել Բրյուսել, ԱՄՆ-ը հայտարարում է, որ խրախուսում են հայ-ադրբեջանական անմիջական շփումները։ Ավելի պարզ նշանակում է, որ ձեռքերը լվանում են այդ գործընթացից, ասում են՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, մենք ո՛չ երաշխավոր ենք, ո՛չ միջնորդ ենք։ Իրենք բազմաթիվ այլ խնդիրներ ունեն Մերձավոր Արևելք, Ուկրաինա և այլն։ Չգիտեմ, ինչու Գերմանիան ծագեց։ Գերմանիայի թեկնածությունը դեռևս 90–ականների սկզբին էր դիտարկվում, բայց հայկական կողմը համաձայն չէր։ Նաև առաջարկվող թեկնածուի անձով էր պայմանավորված, բայց դա պատմություն է իհարկե։ Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, և ես չգիտեմ ՝Հայաստանին գերմանական միջնորդությունը ինչ կարող է տալ»։

Ինչևէ, արտգործնախարարների բեռլինյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները, այդ թվում սահմանադրության փոփոխությունը։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձեց այդպիսի մոտեցմանը, հորդորելով Ադրբեջանին հրաժարվել բանակցությունների վրա ճնշում գործադրելուց:

 «Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային, և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ։ Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա, մշտապես հարձակումներ էին գործում, փորձելով բանակցությունների վրա ճնշում գործադրել։ Եկեք թույլ չտանք, որպեսզի իրականություն դառնա իր փորձերը մեր երկրում օրակարգ թելադրել։ Ինքը շրջանառության մեջ դրեց «միջանցքը», մենք շատ դժվարությամբ այդ «միջանցքի» խոսույթը հանեցինք, հիմա էլ ասում են՝ դե որ դուք չեք ուզում, դե ուրեմն Իրանով կանցկացնենք այդ միջանցքը։ Տեսեք ոնց են խաղում։ ՀՀ–ն, երբ կորոշի, որ իր Սահմանադրության մեջ կամ օրենսդրության մեջ բան պետք է փոխի, այն ժամանակ կփոխի։ 2020 թվականի սկզբին ես եմ բուկլետի հեղինակը եղել, անձնագրի նման կհիշե՞ք, որ բաժանում էին։ Մենք սահմանադրական գործընթացը սկսել էինք այդ ժամանակ, ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան»։

2024 թվականի մայիսի 10-11-ին Ալմաթիում կայացած բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շարունակեցին քննարկել խաղաղության պայմանագրի նախագիծը, սակայն կողմերի միջև տարաձայնություններ պահպանվեցին, և պայմանավորվեցին շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։ Բանակցությունները կայացան Հայաստանի վարչապետի մոսկովյան այցից հետո, իսկ Ալմաթիում ողջունվեցին ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արևմուտքը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որի մասին շատ մանրամասներ չ հրապարակվեցին։ Բլինքենը հանդիպումը գնահատեց արդյունավետ, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է կնքելու խաղաղության պայմանագիրը։

Հուլիսին Կիպրոսում Հայաստանի արտգործնախարարը կրկին հաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ և հավատարիմ մնալ խաղաղությանը։

 «Մեր դիրքորոշումը և՛ հստակ է, և՛ հետևողական: Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են: Մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»։

Հայաստանի արտգործնախարարը շեշտեց 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացի շարունակականությունը, սակայն Ադրբեջանը սկսեց տարբեր ազդակներ հնչեցրել։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, ելույթ ունենալով Հադսոնի ինստիտուտում, հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր կնքելու, քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել։ Դա նոր նախապայման էր Ադրբեջանի կողմից։

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել այն, ինչ արդեն համաձայնեցված է։ Նա մանրամասն խոսեց խաղաղության օրակարգի, շփումների ձևաչափերի և նոր առաջարկների մասին, որոնք Հայաստանի կողմից արդեն փոխանցվել էին Ադրբեջանին։

«Այսպես, թե այնպես մենք, և երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ խաղաղության կամ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի։ Մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, դա ստորագրել և վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել»։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից մեկ օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին փաստաթուղթն էր ստորագրվել։ Դա կանոնակարգն էր, որով պետք է առաջնորդվեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովները։ Հայաստանի վարչապետը համոզված է, որ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի խաղաղության պայմանագրին հասնելու գործում։

 «Ես ուզում եմ, որ մենք կարևորենք ստորագրված փաստաթուղթը, որովհետև, ըստ էության, առաջին անգամ է, երբ Հայաստանը և Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում։ Սա արդեն մի փաստաթուղթ է, որը վավերացման գործընթացի արդյունքում կունենա իրավական ուժ՝ այստեղից բխող բոլոր արդյունքերով»։

Վարչապետը նշեց, որ սահմանազատումը պետք է հիմնվի 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրի սկզբունքներով՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմամբ, սակայն մինչ օրս Բաքվից միայն բանավոր հայտարարություններ կան, և գրավոր համաձայնություն դեռ չկա, ինչը էական է։

Դեկտեմբերին Հայաստանի արտգործնախարարը հայտնեց, որ համաձայնություն է ձեռք բերվել 17 հոդվածից 15-ի շուրջ։ Ադրբեջանը հաստատեց այս թիվը, նշելով, որ երկու հոդվածի շուրջ աշխատանքները շարունակվում են։

Բաքվից շարունակվեցին նոր պահանջները, որոնք հակադրվում էին Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը և առաջացնում նոր հարցեր։ Վերջին հայտարարությունները վերաբերում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ նշելով խաղաղության գործընթացի և կողմերի տարաձայնությունները։

Բաքուն, բացի Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջից, ընդգծեց նաև 300,000 ադրբեջանցիների վերադարձի և հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերման պահանջները։ Վարչապետ Փաշինյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հստակեցրեց դիտորդական առաքելության հետագա գործունեությունը։

 «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ։ Ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այնտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»։

ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը լրանում է 2025-ի փետրվարին։ Դրանից հետո որոշում պետք է կայացվի նրանց հետագա աշխատանքի վերաբերյալ։ Եթե Հայաստանի առաջարկն ընդունի Ադրբեջանը, ապա սահմանազատված հատվածները ԵՄ դիտորդները այլևս չեն դիտարկի։

Կարդացեք նաև

Back to top button