
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Զրույցում նշվել է, որ ադրբեջանական օդանավը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների և ռուսական ՀՕՊ գործողությունների ժամանակ։ «Ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում: Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,– ասվում է հաղորդագրությունում։
Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում։ Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ «Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար և ևս մեկ անգամ խորը և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցը կայացել է ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ։
Ինչպես նշում է Կրեմլը, «ներկայումս Ադրբեջանի Գլխավոր դատախազության երկու աշխատակիցներ գտնվում են Գրոզնիում, որտեղ աշխատում են ՌԴ Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ»։ Փոխգործակցություն կա նաև Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Ղազախստանի համապատասխան գերատեսչությունների միջև։




