ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ամենածանրն Ալբերտի զոհվելու օրն էր․ Հրայր Բախշյան․ «Կյանքին ասել այո՛»

«Կիթառով տղան», որի «Զինվորի երգը» պատերազմի պայթյունների աղմուկի մեջ հույսի ձայնն էր, հույս, որ առաջնագծում ոչ միայն կռիվ ու մահ է, այլև երգ։ Հրայրի երգը պատերազմական լրահոսում գուցե շատերի համար էր սփոփանք,  բայց ոչ հարազատ ծնողների։

«Ծնողներս հեռուստատեսությամբ պատահական են տեսել տեսանյութը, որը հպարտությունից բացի շատ մեծ ցավ է պատճառել։ Այդ օրերին ձևավորվել էր կարծիք՝ բոլոր այն տղաները, որոնց տեսանյութերը տարածվում են համացանցում, չեն վերադառնում, որովհետև թշնամին ավելի նպատակային փորձում է հենց նրանց ոչնչացնել»,-ասում է Հրայրը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ամենածանրը մտերիմ  ընկերոջ՝ Ալբերտի զոհվելու օրն էր՝  հոկտեմբերի ութը։ Հրայրի ընկերը դիմադրության խորհրդանիշ դարձած  հայտնի  հրետանավորն է՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ Հրայրը հետո՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ու հատկապես 2023-ի սեպտեմբերին էր բացահայտելու, որ ընկերների կորստից ոչ պակաս ցավոտ Արցախի կորուստն է լինելու։

Հրայր Բախշյանը ծնվել է 2001 թվականին Սիսիան քաղաքում։ Պատանեկան տարիներին հայրն է կիթառ նվագել սովորեցրել։ Մանկուց նաև սպորտով է զբաղվել։ Դպրոցն ավարտելուց հետո 2019-ին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ։ «Տնտեսագիտություն» ֆակուլտետում կես տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ։ Ծառայել է Լուսակերտի ուսումնական, ապա՝ Արցախի Ջրականի շրջանի զորամասերում։ 2020-ի սեպտեմբերին հրետանավոր Հրայր Բախշյանը ութ ամսվա զինծառայող էր, երբ ստիպված եղավ սեփական մաշկով զգալ պատերազմը։ Պատերազմից հետո ծառայությունը շարունակել է  Խոջալուի, ապա՝  Ստեփանակերտի քաղաքային զորամասերում։ Զորացրվել է 2022-ի հունվարի 19-ին ու շարունակել ուսումը։ 2024-ի հուլիսին նշանադրվել է։

Կարդացեք նաև

Back to top button