
Տիգրան Ավինյանն ամբողջությամբ և ինքնուրույն կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմսի ծախսերը։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետը, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, թե ինչ մեխանիզմով է գումարը հետ վերադարձնելու, պատասխանել է․
«Մեխանիզմը շատ պարզ է, փոխանցման միջոցով եմ իրականացնելու։ Այժմ հասկանում ենք, թե ինչպես գրագետ ձևակերպել։ Մյուս հարցերի պատասխաններն իմ հայտարարագրում տրված են»։ Դեկտեմբերի 18-ին Հայկ Մարության Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ հայտնի էր դարձել, որ Ավինյանի Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 20 000 ԱՄՆ դոլար)։
Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի տոմսերին, ապա Տիգրան Ավինյանը միասնական տոմսային համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանի թվային փոխակերպման կարևոր բաղադրիչ է համարում:
2025 թվականի հունվարի 1-ից բոլոր մասնավոր ավտոբուսները դուրս կգան երթուղիներից և կփոխարինվեն 171 նոր ավտոբուսներով: Ինչ վերաբերում է մասնավոր գծերի վարորդների աշխատանքը կորցնելու խնդրին, ապա Ավինյանը նշեց, որ բոլոր վարորդները, որոնք ունեն D կարգ և երկու տարվա փորձ և կանցնեն, այսպես ասած, քննությունը «Երևանի ավտոբուս» կամ «էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ներում, կարող են հավակնել այդ աշխատատեղերին:
2024-ին «Երևան Ավտոբուս» ընկերության սեփական եկամուտները կազմել են 8 մլրդ դրամ, քաղաքապետարանը սուբսիդավորել է ևս 8․5 մլրդ դրամով։ Քաղաքապետն ակնկալում է, որ 2025–ին ընկերության սեփական եկամուտները կավելանան 5 մլրդ դրամով, բայց դարձյալ սուբսիդավորման կարիք կլինի։




