ԿարևորՄիջազգային

Բաքու-Գրոզնի ինքնաթիռի աղետի երեք վարկած կա, մեկը՝ ռուսական ՀՕՊ-ով հարվածը

Մինչ Ղազախստանի իշխանությունները քննություն են անցկացնում նախօրեին «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու- Գրոզնի չվերթի ինքնաթիռի աղետի պատճառները պարզելու համար, լրատվամիջոցներն ու փորձագետները քննարկում են աղետի երեք պատճառ՝ բախում թռչունների երամի հետ, հնարավոր արտաքին  հարված եւ տեխնիկական խնդիր։

BBC-ին քննարկել է բոլոր այս վարկածները։

«Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն հայտարարել է, որ, ըստ նախնական տվյալների, թռչունների երամի հետ բախումից հետո ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել «այլընտրանքային» օդանավակայանում՝ ընտրելով ղազախական «Ակտաուն»։

Բայց այդ դեպքում, ըստ լրատվամիջոցի, սա չի բացատրում ինքնաթիռի իրանի վրա նկատվող անցքերի պատճառը։

Հենց այս բազմաթիվ անցքերը, որոնք տեսանելի են ինքնաթիռի վթարից հետո ինտերնետում հայտնված տարբեր տեսանյութերից, աղետի մեկ այլ վարկածի առիթ է դարձել՝ արտաքին պայթյունը։

RT ռուսական պետական հեռուստաընկերությանը ավիաաղետից փրկվածները հայտնել են Գրոզնիում լսած պայթյունների մասին։ Մասնավորապես՝ փրկվածներից Սուբխոնկուլ Ռահիմովը ասել է, որ օդաչուները երեք անգամ փորձել են վայրէջք կատարել Գրոզնիում։ «Պայթյուն եղավ, չեմ ասի, որ ինքնաթիռի ներսում էր»,- ասել է նա։

Արտաքին հարվածի վարկածի օգտին է խոսում այն հանգամանքը, որ ինքնաթիռում արտակարգ իրավիճակի ժամանակ ռուսական ՀՕՊ- երը ուկրաինական ԱԹՍ-ների հարվածն էին հետ մղում։

Մի շարք փորձագետներ նշում են, որ կործանված ինքնաթիռի վրա նկատված անցքերը կարող են եղած լինել վայրէջքին հաջորդած պայթյունի հետեւանքով։ Ու այստեղից առաջ է քաշվում երրորդ՝ տեխնիկական վարկածը։

Աղետից հետո ռուսական արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ առաջնային վարկածը «հիմնական համակարգի մասերից մեկի խափանումն» է։

Կարդացեք նաև

Back to top button