ԿարևորՀասարակությունՄշակույթ

Կշեռքը միջնադարից մինչեւ 20-րդ դարակես. ցուցադրություն Ռուսական արվեստի թանգարանում

Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) վաղը՝ դեկտեմբերի 27-ին կբացվի «ԿՇԵՌՔ» պատմագեղարվեստական ցուցահանդեսը։ Միջնադարից սկսած մինչև  20-րդ դարի  կեսերի կշեռքները կցուցադրվեն մեկ վայրում։

Այս ցուցահանդեսը  միջթանգարանային համագործակցության օրինակ է, որտեղ  ներկայացվում են կշեռքներ  Հայաստանի պատմության թանգարանի,  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, Միջին Արևելքի թանգարանի, Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի,  Նարեկ Վան Աշուղաթոյանի, Հակոբ Մոմջյանի,  Գալամքերյանների   և Հրազդան Թոքմաջյանի  մասնավոր հավաքածուներից։

«Կշեռքի խորհուրդը կներկայացվի միջնադրայան  մանրանկարչության, քանդակագործության օրինակներով, իսկ Սերգեյ Փարաջանովի և Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները յուրովի կմեկնաբանեն  կշեռքի գեղարվեստական իմաստաբանությունը»,- ասում են կազմակերպիչները։

Ցուցահանդեսը կտևի մինչեւ 2025թ. ապրիլի 1-ը ներառյալ։

Առաջին կշեռքները հայտնի են մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջից։ Կշեռքի կիրառման ամենավաղ կենտրոնները Միջագետքը, Եգիպտոսը, Փոքր Ասիան ու Հնդկաստանն են։

Կշեռքի հիմքում մարդու անատոմիան: Մարդն առաջին անգամ երկու ձեռքի ափը օգտագործեց՝ հասկանալու ապրանքի քաշը, «ծանր ու թեթև արեց» այն՝ գնահատելու և փոխանակելու համար։ Կշեռքի նժարները երբեմն անվանում են նաև թաթ, որը ուղղակիորեն առնչվում է ձեռքին։

Կշեռքի գյուտը տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում, երբ առևտրական կապերը ընդարձակվում են։ Առևտուրը ձեռք է բերում  միջազգային նշանակություն, որի արդյունքում ստեղծվում են մեզ արդեն ծանոթ կշեռքն ու կշռաքարերը։

Հայոց մեջ Անահիտ աստվածուհին է համարվել Արդարության անձնավորում, իսկ կշեռքը նաեւ արդարության խորհրդանիշն էր։

Միջնադարյան հայ ձեռագրարվեստում կշեռքի պատկերներ հանդիպում են Ահեղ դատաստանը պատկերող մանրանկարներում։

Կարդացեք նաև

Back to top button