
2024-ին Ֆինանսների նախարարության աշխատանքը ոլորտի պատասխանատուն հաջողված է համարում։ Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ նախանշված ծրագրեր ունեն, որոնք ընթացքի մեջ են։ 2024-ին բյուջեի եկամուտների գծով 200 մլրդ դրամի թերակատարում են ունենալու։ 2024-ին բյուջեյի պահուստային ֆոնդը 130 մլրդ դրամ է կազմել։
Գումարի մի մասը Արցախից տեղահանվածների բնակարանային ծախսերը հոգալուն են ուղղել, 50 մլրդ դրամ էլ ֆիսկալ բուֆերներն են՝ ռիսկերը չեզոքացնելու համար։
Ֆինանսների նախարարությունում քննարկել են առաջնային շուկայից բնակարան գնելիս վերադարձվող եկամտային հարկը եկամտային հարկով հարկելու հարցը։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հաստատեց մամուլի հրապարակումները։ Հստակեցրեց՝ եկամտահարկի հարկման նախագիծը իրենք ոչ թե դրել էին շրջանառության մեջ, այլ ուղարկել էին գործընկեր կառույցներին` կարծիքներ իմանալու համար․
«Բոլորս գիտենք, որ նախագծի հետ կապված աղմուկ եղավ։ Եկամտահարկի վերադարձի մեխանիզմը մեծապես ռեգրեսիվ է, քանի որ ստացվում է` ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներն ավելի շատ են արտոնություններից օգտվում»։
Քննարկել են, հետևել են մամուլի հրապարակումներին ու հասկացել՝ դեռ ժամանակը չէ, չնայած, որ այս ուղղությամբ բյուջեի ծախսերը 80 մլրդ դրամի են հասել․
«Գործընկերների հետ էլ քննարկելուց հասկացանք, որ այս ուղղությամբ դեռ քայլ չենք անելու։ Կարծում եմ՝ 2025-ին այս ուղղությամբ քայլ չենք անելու»։
Ֆինանսների նախարարը 2025 թվականից Երևանում հիփոթեքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո պետական բյուջե հավաքվող եկամուտների մեծ փոփոխություն չի սպասում, հույս է հայտնում, որ մայրաքաղաքում նկատված շինարարության տեմպը կտեղափոխվի մարզեր: Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը վստահ է՝ առաջիկա երկու տարում Երևանում իրականացվող շինարարությունը կշարունակվի․
«Նոր նախագծերը, նոր շինարարական աշխատանքները կսկսեն թուլանալ, բայց մարզերում սպասվում է, որ տեմպը նույնը կմնա, կամ կարագանա»։
Պարտքի միջնաժամկետ ռազմավարությունում նշված է, որ 2025-ին եվրոբոնդ է թողարկվելու։ Նախարարը, անդրադառնալով «Ռադիոլուրի» հարցին, արձագանքում է՝ անցյալ տարի վերաֆինանսավորման ռիսկը նվազել է, մարվող եվրոբոնդի մի մասը հետ են գնել․
«Բեռը, որ ունենք հաջորդ տարի վճարելու, էականորեն թեթևացրել ենք։ Այո, պլանավորում ենք գնալ այս ուղղությամբ, նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում, հավելյալ ժամկետներ մասին կտեղեկացնենք»։

2024-ին պահուստային ֆոնդը 130 մլրդ դրամ է կազմել։ Գումարը հիմնականում ծախսվել է երկու ուղղությամբ։ Նախ՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծախսերը հոգալու համար, 50 մլրդ դրամ էլ ֆիսկալ բուֆերներն են ռիսկերը չեզոքացնելու համար։ Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներին անդրադառնալով, նախարարն ասաց, որ մի մասը պլանավորվում են ֆինանսավորել եվրոբոնդեր թողարկելով, մի մասը՝ բյուջետային աջակցության վարկերով, մյուս մասը՝ տեղական պարտատոմսեր թողարկելով: 2025-ին Հայաստանը մտադիր է ավելի շատ դոլարային պարտք վերցնել, քան այս տարի։
«2025 թվականից մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, մոտ 780 մլն դոլարի՝ սպասարկում։ Եթե վերջին տարիներին մենք մեծացրել էինք մեր դրամային պարտքի կշիռը, որը մոտավորապես հասել է 48 տոկոսի, ապա մյուս տարի այն մի փոքր նվազելու է՝ կախված կանխիկի պահանջարկից: Այսինքն, արտարժութային կարիքներից ելնելով, մենք որոշել ենք, որ մյուս տարի ավելի շատ ենք դոլարային պարտք վերցնելու, քան այս տարի»:
2024-ին բյուջեի եկամուտների գծով 200 մլրդ դրամի թերակատարում են ունենալու։ Սա նախարարը մի քանի գործոնով է բացատրում․ տնտեսական աճն ու գնաճը թիրախավորվածից ցածր են եղել։ Տնտեսությունը գտնվում է աճի դանդաղման փուլում՝ հարկեր-ՀՆԱ բարելավման հնարավորությունները կրճատվում են։
2025-ի բյուջեի կատարման ռիսկերում նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված մտահոգություններն են։ Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար վարկ ներգրավելու համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը:
«Հանքի շահագործումը կարևոր դեր է խաղալու հաջորդ տարվա և ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում: Կառավարությունն աճի իր կանխատեսումներն անելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարվա կեսերից Ամուլսարի հանքն արդեն պետք է գործարկվի»:
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Եվրասիական զարգացման բանկի կողմից (ԵԱԶԲ) Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման հայտը մերժվելուց հետո քննարկումներ են ընթանում Հայաստանում գործող առևտրային բանկերի հետ։




