
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումն արցախյան հիմնախնդրի բանակցային ընթացքի մասին ներքաղաքական ողջ դաշտում բուռն քննարկումներ է առաջացրել։ Նախկին ու ներկա քաղաքական գործիչներից մինչև վերլուծաբաններ քննարկում են վարչապետի հայտարարությունը սեփական, իր ձևակերպմամբ, «մեծ սխալի» մասին։ Գրառման մեջ վարչապետն անդրադարձել է բանակցային գործընթացին ու գրել՝ 2018-ին ես գործել եմ մի մեծ սխալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառման միջոցով պնդել է, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել՝ գրել է վարչապետը՝ հավելելով, որ ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
«Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին, բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ, հետեւաբար, այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»:
Վարչապետի գրառմանն առաջին արձագանքողներից է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նա իշխանություններին մեղադրել է արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները ոչ միայն չհաղթահարելու, այլև խորացնելու համար՝ շեշտելով՝ 2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։
Վարչապետ Փաշինյանի գրառմանը սուր են արձագանքել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները։ Նրանք նույնպես ընտրել են սոցցանցում գրառում անելու ձևաչափը։
Բանակցային գործընթացում Ռոբերտ Քոչարյանի դիրքերը պաշտպանող ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն իր անհամաձայնությունը վարչապետի գրառման հետ առաջարկում է դիտարկել ոչ թե փաստաթղթերով, այլ տրամաբանորեն։ Մեջբերում․
«Բա եթե հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչո՞ւ խաղաղության համաձայնագիր չկնքվեց։ Լևոն Տեր-Պետրոսյանի լիսաբոնյան տապալումից հետո 1998-ին արդեն Ադրբեջանում հայկական ինքնավարության առաջարկ չի եղել։ 2001-ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին։ Ու վերջապես 2006-ին մշակված Հիմնարար կամ «մադրիդյան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քվեարկությամբ որոշելու իրավունք»։
Մեղրիի միջանցքը կամ ճանապարհը բոլորովին այլ ենթատեքստով է հիշել նաև կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ իր գրառման մեջ նշելով․
«Եթե Լեռնային Ղարաբաղն իրոք անկախ էր, ինչու՞ Հայաստանը պաշտոնապես չէր ճանաչում ԼՂ անկախությունը: Եթե Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղը ոչ անկախ էր, ոչ էլ Հայաստանի մաս էր, ապա ի՞նչ էր: Եթե Լեռնային Ղարաբաղն իրոք անկախ էր, ինչու՞ էր քննարկվում Մեղրիի տարածաշրջանի հետ Լեռնային Ղարաբաղի փոխանակման հարցը: Իսկ իրականում առաջին պատերազմից հետո Հայաստանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղը պետք էր իշխանությունը պահելու ու թալանը կոծկելու համար՝ իրենց թալանի վրա ժողովրդի աչքերն ու բերանը փակելու համար»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակից, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր հերթին արձանագրել է, որ, ըստ վարչապետի հայտարարության, նախկին արտգործնախարարները, փաստորեն, երկար տարիներ բանակցել են, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեն» Ադրբեջանին և 28 տարի շարունակ չե՞ն կարողացել լուծել այդ պարզ խնդիրը: Հանրապետական գործիչը պնդում է, որ այդ խնդիրը լուծվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում:
Վերլուծաբաններն այս համատեքստում վերհիշում են վարչապետ Փաշինյանի նախորդ ձևակերպումներից մեկը, մեջբերում․ «Ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավորը չեմ»։ Վարչապետը նշել էր, որ 1995-ից հետո ՀՀ-ն որևէ դիվանագիտական հաջողություն չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և որ բանակցային գործընթացը տարվել է այնպես, որ 7 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին։
Բանակցային թեմայով ընդդիմադիրների հակափաստարկներին ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեցնում է հետպատերազմյան օրերին Արցախի բանակցություններին վերաբերող քննարկումները․
«Այն, ինչ դուք լսեցիք մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, 2023 թվականին գրեթե նույնական տեքստեր լսում էին Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները Լեռնային Ղարաբաղի դաշնակցական, քոչարյանական, սերժական պատգամավորների կողմից, այն դեպքում, երբ մենք կամ մեզ հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող ուժերը խոսում էին այնտեղ բանակցությունների գնալու մասին, դրա անհրաժեշտության մասին։ Այս մարդիկ պնդում էին, որ բանակցել չի կարելի, դա ապազգային է։ Արդյունքում Լեռնային Ղարաբաղում մնաց ընդամենը 20 հայ։ Գնալով այն ճանապարհով, որի մասին խոսում է մեր ընդդիմությունը, մի քանի տարի հետո ընդամենը մենք աշխարհի չգիտեմ որ ծայրում պետք է խոսենք հայերի Հայաստանի Հանրապետության վերադարձի իրավունքի մասին։ Իսկ մեր առաջարկած ճանապարհով մենք շարժվում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, Հայաստանի ինքնիշխան ու անկախ հանրապետություն ունենալու ու դրա զարգացման ճանապարհով»։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը քաղաքական այս բանավեճից առանձնացնում է նախ ներքաղաքական հարցերը։ Նա գրառումը դիտարկում է առավելապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, քանի որ նախընտրական շրջանում հանրությունը նաև այս թեմաներով հարցեր է ունենալու վարչապետին։ Ամեն դեպքում, անցած բոլոր տարիների արտաքին քաղաքականությունը սխալ համարելով՝ քաղաքագետը գտնում է, որ Հայաստանն առավելապես սպասարկել է Ռուսաստանի և ոչ թե իր շահերը։ Որպես օրինակ բերում է 2008 թվականին Կոսովոյի հարցը, որի ճանաչումը բխում էր Հայաստանի շահերից, բայց դա չարվեց Ռուսաստանի պատճառով։
«Այնպես չէ, որ ներկայիս խորհրդարանական ընդդիմության դիրքերը այս առումով շատ ուժեղ են: Հանրությունը նրանց էլ կարող է հարցեր տալ։ Նույն Սերժ Սարգսյանը երբ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էր, ասում էր՝ գալիս է, որ հողերը տա, դա ինքը հող չտվողի դիրքերից էր հանդես գալիս: Պատերազմից հետո, հիշում եք, «ԱրմՆյուզ»–ում հարցազրույց տվեց, ասաց՝ ես գնում էի երրորդ ժամկետ, որպեսզի «Լավրովի պլանը» իրագործեի: Կներեք, բա ինչո՞ւ չէիք Փաշինյանի նման ժողովրդին ասում՝ տարբերակ չկա, պետք է գնանք «Լավրովի պլանը» իրագործելու: Ինչու՞ չես հանրության հետ պարզ խոսել: Այնպես որ այս հարցում միայն Նիկոլ Փաշինյանը չէ մեղավոր։ Հայաստանի երեք ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը մեղավոր են՝ բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, որն ամենաազնիվն է եղել ժողովրդի հետ և պարզ ասել է այն, ինչ կա»։
Եթե դիմենք բանակցվող փաստաթղթերի օգնությանը՝ ըստ քննարկումների մասին հայտնի տեղեկությունների, ապա մինչև 2020-ի պատերազմը արցախյան հիմնախնդրով բանակցային սեղանին դրվել են կարգավորման 7 հիմնական տարբերակներ, որոնք ընդունված է անվանել փաթեթային, փուլային, ընդհանուր պետոություն, Քի Ուեսթյան, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան պլան և Լավրովի պլան:
Ամենաշրջանառվող և քննարկված տարբերակը, թերևս, «Մադրիդյան սկզբունքներն» էին։ Հաջորդեց Կազանյան պլանը։ «Մադրիդյան սկզբունքներով» էր, որ առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց Արցախի վերջնական կարգավիճակի հարցը հանրաքվեով որոշելու գաղափարը, սակայն հստակեցվում էր` ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերն այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը՝ 1988 թվականին:
Կազանյան փաստաթղթից պարզ է դառնում, որ Կազանում քննարկված սկզբունքները Ղարաբաղի կարգավիճակի մասով առանձնապես չէին տարբերվում 2007-ի Մադրիդյան տարբերակից, դարձյալ նախատեսվում էր Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ 2 փուլով` սկզբում 5 շրջան, հետո՝ ևս երկուսը, դարձյալ միջանկյալ կարգավիճակ ու հանրաքվե, որի մանրամասները դեռ պետք է որոշվեին` ապագա բանակցություններում:
Ադրբեջանն այս առաջարկը Կազանում մերժել էր վերջին պահին ավելի քան 10 առարկություններ ներկայացնելով։ Դրանից հետո՝ 2011-ից սկսած, Ադրբեջանը կտրուկ ավելացրեց ռազմական ծախսերը։ Հինգ տարի շարունակ Ադրբեջանն ունեցել է ավելի քան 3 միլիարդ դոլարի ռազմական բյուջե, որի մեծ մասը ծախսվում էր նոր զինատեսակներ ու ռազմական տեխնիկա ձեռք բերելու վրա:
Ադրբեջանն, ի դեպ, շարունակում է զինվել նաև այսօր՝ խաղաղության բանակցություններին զուգահեռ։




