ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը՝ օրակարգում․ գնահատվում են ռիսկերն ու արժեքները

Հայաստանն ու Թուրքիան մոտենում են գործակցության նոր փուլի՝ համաձայնելով համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը։

Ըստ գնահատումների՝ Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն ուղղված է տարածաշրջանում կայունության և փոխկապակցվածության ապահովմանը, ստանում է նոր գործնական հիմք:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր առաջընթաց է գրանցվել․ գնահատումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանինն է, ում փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման տեխնիկական պահանջները։ Միրզոյանն այս մասին հայտարարել է ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը՝ ընդգծելով, որ սա առնչվում է նաև Ադրբեջանին։

«Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք  երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և անվտանգության երկու լրացուցիչ մեխանիզմ ապահովելու եղանակներ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք, մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին»:

Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման տեխնիկական պահանջները գնահատելու հայ-թուրքական համաձայնության մասին մոտ մեկ ամիս առաջ խոսել էր նաև հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝  պարզաբանելով.   

«Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ՝ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջգերատեսչական հանդիպում կլինի, որպեսզի այս պայմանավորվածությունն իրագործենք։  Նկատի ունեմ՝ գնահատել պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար»։

Գյումրի-Կարս երկաթուղին, որը դադարել է գործել 1993 թվականից, ըստ փորձագիտական գնահատումների, կարող է էական դեր խաղալ տարածաշրջանային հաղորդակցության և տնտեսական կապերի վերականգնման գործում։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում այս նախագծի իրականացումը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգման վրա։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ այն արդեն արժանացել է միջազգային բազմաթիվ գործընկերների դրական արձագանքներին։ Միրզոյանի վստահեցմամբ՝ շարունակվելու են նախագծի իրականացման ջանքերը։  Այնուամենայնիվ, արտգործնախարարը նաև զգուշավոր լավատեսությամբ է խոսում այս մասին։ 

«Զգուշավոր լավատեսություն կհայտնեմ և, թերևս, այս անգամ մի փոքր պակաս  զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն։ Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում և դրական բովանդակություն ունի։ Հույսս կրկին այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, նոր և հետո էլի՝ նոր շոշափելի ձեռքբերումներ»։   

Տնտեսագետների և քաղաքական վերլուծաբանների շրջանում, սակայն, նախագծի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Մի կողմից որոշ մասնագետներ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը համարում են առևտրային և տնտեսական կապերի հնարավոր խթան։ Այդպիսի դիտարկման է նաև տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։  

«Դա, ըստ էության, տնտեսության շնչառությունն ավելացնելու միջոց է։ Երկրորդը, մենք բոլորս լավ հասկանում ենք, որ այն ուղիները, որոնցով մենք համաշխարհային շուկա և տարածաշրջան ենք դուրս գալիս,  սահմանափակ են։ Սա հանգամանք է, որ մենք չպետք է մոռանանք։ Հետևաբար, կա տրանսպորտային միջոցների դիվերսիֆիկացման կամ բազմազանեցման անհրաժեշտություն։ Եթե մենք խոսենք Գյումրի-Կարսի հնարավորությունների մասին, դրանով մենք էականորեն կնվազեցնենք բեռնափոխադրումների ինքնարժեքը, ինչը  կարող է բերել հայկական ապրանքների մրցունակության ավելացմանը։ Սա մի կողմից։ Ակնհայտ է՝ եթե ԵՄ-ի հետ ենք մենք համեմատում, մոտավորապես 20 անգամ մեր տրանսպորտային ծախսերն ավելի բարձր են»։  

Այնուամենայնիվ, կան նաև մտահոգություններ, ըստ որոնց՝ նախագծի տնտեսական նպատակահարմարությունը դեռ պետք է մանրակրկիտ գնահատվի՝ հաշվի առնելով տարածաշրջանային քաղաքական և տնտեսական իրողությունները։

Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը նկատում է. «Ավանդաբար, բոլոր այն դեպքերում կամ գրեթե բոլոր այն դեպքերում, երբ  հայ-թուրքական բանակցությունները հասել են ինչ-որ տրամաբանական վերջնակետի, որը կարող էր առաջընթաց համարվել, վերջին պահին միշտ դրանք սաբոտաժի են ենթարկվել՝ ադրբեջանական նախապայմանների պատճառով, Ադրբեջանի կողմից թուրքական արտաքին քաղաքականության մեջ ներթափանցելու և հայ-թուրքական կարգավորումը կանխելու պատճառով»։

Աշոտ Մարկոսյանը միաժամանակ նկատում է, որ Թուրքիայում խոշոր երկրաշարժից հետո երկաթուղին վերաբացելու գործընթացն արագացնելու ձգտում կա, և դա հիմնավոր պատճառ ունի՝ դեպի Միջին Ասիա ու Չինաստան դուրս գալու կարիք կա։

«Թուրքիայի տնտեսությունը մանավանդ  վերջին մեկ-երկու տարիների ընթացքում բավականին ծանր վիճակում է՝ բարձր գնաճ և այլն, բնականաբար, թուրքերը նույնպես շահագրգռված են ունենալ արդյունավետ տնտեսական կապեր՝ նոր շուկաներ և, բնականաբար, այդ շուկաներ դուրս գալու նոր կապուղիներ»։

Ինչպիսին կլինեն զարգացումները՝ կանխատեսումները զգուշավոր լավատեսական են։ Ամեն դեպքում, Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների օրակարգում է առաջիկա հանդիպումը՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման տեխնիկական պայմանները։  Ռուբեն Ռուբինյանն ակնկալիքների մասին խոսելիս նշում է նախ վստահության ամրապնդումը։ 

«Մենք ակնկալում ենք, որ մեր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները կիրագործվեն և, ընդհանուր առմամբ, մենք ակնկալիք ունենք, որ կարգավորման գործընթացը կավարտվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։ Մենք պատրաստ են դա անել հենց վաղը»։

Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, սակայն, իր հերթին նկատում է, որ Թուրքիան չի շտապում, քանի որ այնտեղ դեռ պատրաստ չէ երկաթգծի 240 կիլոմետրանոց այն հատվածը, որը պետք է Թուրքիայի երկաթգիծը կապի Նախիջևանի հետ։ Միայն վերջերս է դրա մրցույթը հայտարարվել, իսկ շինարարության ավարտը հայտարարված է 2028 թվականին։  

«Թուրքիան ժամանակ ունի, մինչև դա պատրաստ լինի։  Այս ընթացքում որոշ քայլեր կանի Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումից հետո, բայց որոշ բաներ, որ կարողանա Հայաստանին էլի հարկադրել, իր հարկադրման քաղաքականությունը անցկացնել, կպահի, որ հետագայում ստանա, ինչպես իրենք են ասում, «Զանգեզուրի միջանցք», այսինքն՝ էքստրատերիտորիալ իրավունք։ Ես կարծում եմ, որ դրանով պայմանավորված կլինի, որ Թուրքիան միանգամից ամեն ինչ չի կարգավորի Հայաստանի հետ»։  

Գյումրի-Կարս երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման աշխատանքները դեռ 2022-ի գնահատումներով կարժենան մոտ 17 մլն դոլար․ սա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դիտարկումն է, ըստ որի՝ Գյումրի-Կարս երկաթգծի ՀՀ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի երկաթուղու վերագործարկումը հնարավոր կլինի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման դեպքում։ Նշված գումարը կարող է փոփոխվել նախագծահաշվարկային և հետազոտական աշխատանքների իրականացումից հետո։ Փորձագետները շեշտում են՝ նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական և տնտեսական գործոնները։

Կարդացեք նաև

Back to top button