Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմում պատահական եմ ողջ մնացել․ Վարդան Պետրոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Վարդան Պետրոսյանը ծնվել է 1985 թվականին Երևանում, արմատներով Արցախից է։ Հայրը արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Ավարտելով  Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետը 2007 թվականին Վարդանը ժամկետային զինծառայության է անցել Արմավիրի ուսումնական զորամասում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտում։

Այժմ  աշխատում է Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամում որպես  էներգետիկ փորձագետ, միաժամանակ, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։  44-օրյային մասնակցել է որպես կամավորական, եղել է հիմնականում Ակնայում, Քարինտակում, Շուշիի մատույցներում։

«Պատերազմում պատահական եմ ողջ մնացել»,-ասում է Վարդանը, քանի որ հենց պատերազմի օրերին է գիտակցել , որ լուրջ բաց ունեն ոչ միայն զենքի տիրապետման, անգամ առաջին բուժօգնության, անվտանգության կանոնների պահպանման տարրական գիտելիքների մասով։ Ասում է՝ միայն սրտանց ուզելով չես կարող լավ գործ անել, ամեն ինչի տակ պետք է նաև գիտելիք ու հմտություն լինի։

Պատերազմից հետո որոշեց լրացնել բացը՝ սովորելով ու նաև սովորեցնելով։  Այժմ  նախնական զինվորական պատրաստություն է դասավանդում  Շիրակացու ճեմարանում,  «Ազատազէն» հրաձգարանում հրահանգիչ է։ Համոզված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշակի տարիքից սկսած առնվազն մեկ զենքի պետք է տիրապետի, քանի որ, ինչպես ասում է, որքան ուժեղ է լինում որևէ հանրույթ, այնքան ավելի երկար է մտածում հավանական թշնամին հարձակվելուց առաջ։ Վարդան Պետրոսյանը մասնակցել է նաև 2022-ի սեպտեմբերին Ջերմուկում տեղի ունեցած  ռազմական գործողություններին, մարտական հերթապահություն է իրականացրել 2023-ի Սոթքի հրետակոծության օրերին։

Կարդացեք նաև

Back to top button