ԿարևորՏնտեսական

Պետություն-մասնավոր գործակցությունը ազդակ է ներդրողների համար․ փորձագետներն արդարացված են համարում բաժնետոմսերի նվիրաբերումները կառավարությանը

Հայաստանում խոշոր ընկերություններից մի քանիսն իրենց բաժնետոմսերի մի մասը կամ արդեն նվիրաբերել է կառավարությանը, կամ նման խոստում է տվել։ Հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն տրամադրել կառավարության շահաբաժինը։ Այս մասին նախ՝ ֆեյսբուքում, ապա նաև կառավարության  նիստում տեղեկացրել է վարչապետ Փաշինյանը։ Փորձագիտական դաշտում կարևորում են պետություն–մասնավոր հատված երկխոսությունը , նշում են՝ սա կարևոր ազդակ է նոր ներդրողների համար։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է փոխանցել պետական բյուջե՝ որպես Հայաստանի կառավարության շահաբաժին։ Այս մասին ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան գրառումով էր հայտնել։ Այս հարցին նա անդրադարձավ նաև կառավարության նիստում։ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ այդ գումարը կոմբինատի վճարած հարկերը չի ներառում․

«Այս տարի արդեն նա վճարել է 73 միլիարդ 800 միլիոն դրամի հարկ, և գոնե տեսանելի հորիզոնում սա նույնպես, կարծես, թե առնվազն շատ մեծ թիվ է նախորդ շրջանում մեկ տարվա վճարած հարկերի համեմատությամբ»:

Հարկերի ու շահաբաժնի ավելացումը միայն մեկ գործոնով չէ պայմանավորված՝ հստակեցնում է Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ համաշխարհային շուկայում պղնձի գների ու վաճառքի ծավալների աճը պետական բյուջե 107 մլրդ դրամի մուտք են ապահովել։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան․ «2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր շահաբաժինը կազմել է ավելի քան 294 միլիարդ դրամ, որից վճարվել է 152 միլիարդ դրամ: Կառավարության մասնաբաժնով  ՀՀ բյուջե է վճարվել 33 միլիարդ 249 միլիոն դրամ: Ավելացնեմ, որ դեռևս կա չվճարված 142 միլիարդ դրամի շահաբաժին, որից կրկին պետական բյուջեին կվճարվի մեր մասնաբաժնի համապատասխան»:

Հայաստանում մի քանի խոշոր ընկերություններ իրենց բաժնետոմսերի մի մասն արդեն նվիրաբել են կառավարությանը։ Գործադիրի՝ 2024թ հունվարի 18-ի նիստում էլ հայտարարվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը էլ իր բաժնետոմսերի 12․5 տոկոսն է նվիրաբերում։ Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերութուններից էլ «ՄՏՍ Արմենիա»-ն նույնպես տարեսկզբին իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերեց կառավարությանը։

«Նեքսուս ինթելեկտ» հետազոտական կենտրոնի օպերացիոն տնօրեն, տնտեսագետ Համլետ Մկրտչյանը կարծում է, որ բալանսավորված քաղաքականության դեպքում արդարացված են այդ քայլերը։ Կարևոր է, նաև, թե որ ոլորտների ընկերություններն են մասնաբաժին տրամադրում։

«Հանքագործական արդյունաբերությունը յուրահատուկ ոլորտ է, հաշվի առնելով այն, որ ընդերքը ժողովրդին է պատկանում՝ պետությանը։ Արդարության զգացողություն կա, որ ժողովուրդը և պետությունը պետք է ուղիղ ստանան դիվիդենտները»։

Հայաստանի կառավարությունը որդեգրել է Բաց Բաժնետիրական ընկերությունների  զարգացման քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է․

«Պետք է կարողանանք այդպես անել, որպեսզի այո, անհատները հնարավորություն ունենան իրենց խնայողությունները մի բաժնետոմսով հինգ տասնամյակի ընթացքում այդպես աշխատեցնել»։

ԲԲԸ ինստիտուտի կայացումը կարևոր է՝ ասում է տնտեսագետ Համլետ Մկրտչյանը։ Բացատրում է՝ Հայաստանում բիզնես սկսելիս մարդը կամ պետք է սեփական միջոցները օգտագործի, կամ վարկ վերցնի։ Այլընտրանքային ֆոնդեր ու հնարավորություններ չկան՝ ասում է․ «Այստեղ պետությունը մեծ անելիք ունի կապիտալի շուկայի զարգացման համար։ Պետք է կարողանա խրախուսել, ինստիտուցիոնալ միջավայր ստեղծել, որպեսզի մարդիկ վստահեն  ու բացեն իրենց բաժնետոմսերը։ Բաժնետոմսերի 51 տոկոսը, իհարկե, պետք է պահեն, կկառավարի իր բիզինեսը, իսկ 49 տոկոսը կկարողանա վաճառել ու գումարները կկարողանա ն ներդնել ու ընդլայնել իր բիզնեսը, որը ավելի շատ շահույթ կբերի։ Իսկ այդ շահույթը դիվիդնետի տեսքով կտրամադրի այն մարդկանց, ովքեր ձեռք են բերել բաժնետոմսերը»։

Հայաստանում այս ինստիտուտը չի կայանում, քանի որ ավելի շատ մշակութային խնդիր է, հայկական բիզնեսի փոքր մասն է պատրաստ իր ընկերության արժեթղթերը կիսել այլ անձանց հետ՝ ասում է փորձագետը։ Նշում է՝ պետություն–մասնավոր հատված երկխոսությունը վերածվում է համագործակցության, իսկ սա կարևոր ազդակ է նոր ներդրողների համար։

Կարդացեք նաև

Back to top button