
Արվեստի հետազոտող, թատրոնի մեկնաբան, թատերագիտության ծանր հրետանի․ այս ձևակերպումներով է մեկնարկում Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 17-րդ նստաշրջանը։ Ե՛վ նստաշրջանը, և՛ որակումները նվիրված են ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախկին տնօրեն, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Լևոն Հախվերդյանին։ Տարին թատերագետի համար հոբելյանական է․ լրանում է ծննդյան 100-ամյակը։ Նրա հետ մեկ անգամ շփվող արվեստագետն էլ առաջվանը չէ՛ր լինում՝ ասում է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Եվ նաև սա է պատճառը, որ երիտասարդ արվեստաբաններին այսօր առաջարկվել է համախմբվել հենց նրա անվան շուրջ։

«Հզոր երևույթ էր, հզոր։ Թատերագիտության ներկայացուցիչները երբեք մեծաքանակ չեն եղել, նկատի ունեմ էն ամենասկզբունքային, ամենահեղինակավոր մարդկանց։ Լևոն Հախվերդյանի մի բացասական հոդվածը որևէ ներկայացման մասին կարող էր արժենալ էդ թատրոնի գլխավոր ռեժիսորի կամ տնօրենի աշխատանքից ազատումը։ Հզոր մարդիկ էին, հզոր զենք էր խոսքը։ Չէինք նեղանում նրանից, դա մի ուրիշ տեսակ քննադատություն էր վիրավորել չկար, թթու խոսք ասել չկար։ Կարդում էիր, զգում էիր, որ սա մասնագիտական վերլուծություն է և էդ վերլուծությունը մտորումների առիթ էր տալիս, միայն մտորումների առիթ»։
Երիտասարդ արվեստաբանները գիտաժողովի ընթացքում մտորումերի երկու ուղղություն են ունեցել։ Առաջին հատվածն ամբողջովին նվիրված էր թատերագետին, երկրորդ մասում երիտասարդ արվեստաբան-գիտնականները ներկայացրին իրենց հետազոտությունները՝ ցույց տալով, որ արվեստը կարող է և՛ բարձր ու վեհ, և՛ առօրյա-կիրառելի լինել։ Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանի ուսումնասիրությունը, օրինակ, մայրաքաղաքի այգիների մասին է։
«Նախորդ 2 տարիների ընթացքում աշխատել եմ Երևան քաղաքի այգիների վերակառուցման և արդիականացման թեմայի շուրջ և այդ զեկույցի հակիրճ տարբերակն եմ ներկայացնելու հաշվետվության տեսքով։ Արվեստաբանության մեջ է մտնում նաև տեսական դիզայնը, իսկ այգիների ճարտարապետությունը և դիզայնը տեսական դիզայնի մի մաս է։ Ուսումնասիրությունը սկսեցինք այն նկատառումներով, որ պետք է ուսումնասիրենք Երևան քաղաքի բոլոր այգիները, վեր հանենք խնդիրները և դրանց լուծում առաջարկենք, բայց առաջին 6 ամիսը ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ այգիների 99 %–ը ամբողջովին խնդրահարույց էին, կազմեցինք տեսական ձեռնարկ, որպեսզի փոխանցենք նաև հետագայում ուսանողներին կամ Երևանի քաղաքապետարանին, որ հետագայում այգիներ կառուցելու համար դիտարկեն էդ մեթոդները»։

Իրարից խիստ տարբեր, սակայն անխուսափելիորեն արվեստի հետ կապ ունեցող ոլորտներով ուսումնասիրությունները հանրայնացնելու և քննարկման առարկա դարձնելու այսպիսի հնարավորություն երիտասարդ արվեստաբաններն ունեն դեռ 2005-ից։ Այդ թվականին է գումարվել առաջին գիտաժողովը։ Գիտությունների Ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը «Ռադիոլուրին» պատմում է գիտաժողովի անհրաժեշտության մասին․
«Արվեստի ինստիտուտը բազմապրոֆիլ ինստիտուտ է և ընդգրկում է արվեստի բոլոր ճյուղերը, իսկ մեր արվեստի բուհերը ամեն մեկը մի ուղղվածություն ունի, մենք համախմբում ենք բոլորին, և երիտասարդ հետազոտողները նախ՝ իմանում են, թե նույն դաշտի մյուս կառույցում ինչ աշխատանքներ են անում։ Եվ մի առանձնահատկություն էլ կա․ բոլորը իրենց թեկնածուական ատենախոսությունները պաշտպանում են Արվեստի ինստիտուտում, արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանը մեր ինստիտուտում են բոլորը ստանում և թեկնածուական որակավորման քննությունը մասնագիտությունից էլի մեր ինստիտուտում են հանձնում, ու հիմա ստացվում է՝ ինչ այդ ժամանակ էդ երեխաները արվեստի բուհերից գալիս են Արվեստի ինստիտուտ՝ որպես արդեն լիարժեք բարեկամի իրավունքով, ոչ թե գալիս են մի անծանոթ տեղ»։
Մյուս կողմից ինստիտուտի համար պարզ ու հասկանալի է դառնում արվեստագետների դաշտը։ Հնարավոր է լինում ճանաչել գիտական ներուժը, մասնագետները ցանց են ստեղծում և ընդհանուր միջավայրում են լինում գիտության մեջ առաջին քայլերն անելու պահից։
Գիտաժողովում ներկայացված բոլոր զեկույցները, արդեն ավանդույթի ուժով, հրատարակվելու են ու հասանելի են դառնալու հանրության լայն շերտերին։




