Վերնատուն

Ջնջել արվեստի սահմանները՝ Յոզեֆ Բոյսի միջոցով․ «Վերնատուն»

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում տեղի է ունենալու «Լիտուրգիա Բոյս » հնչյունային ինստալացիան կամ՝ էկոպոետիկ հոսքը, որը հղում է անում  20-րդ դարի գերմանացի արվեստագետ, կոնցեպտուալիստ Յոզեֆ Բոյսին։

Միջոցառման կազմակերպիչ, երաժշտագետ, հնչյունային արտիստ Շուշան Հյուսնունցը և արվեստագետ, պերֆորմեր Հասմիկ Թանգյանը խոսում են միջոցառման, Յոզեֆ Բոյսի կերպարի ու արվեստի, հնչյունի հետ նրա հարաբերության և առօրյան արվեստ բերելու փորձառության մասին։

Սա տարազգացական միջոցառումների շարք է, որի մտահղացման հեղինականերն են Շուշան Հյուսնունցը և երաժշտագետ Լեոպոլդո Սիանոն։

Միասին ստեղծել են  Բոյսին նվիրված հնչյունային ինստալացիա, ուսումնասիրել են նրա արվեստը, փորձել են ստեղծել նոր հնչյուններ՝ կապված նրա կենսագրության դրվագների ու պոետիկայի հետ։ Ինստալացիան հրապարակվել է և ներկայացվել Քյոլն և Նեապոլ քաղաքներում։

Շուշան Հյուսնունցն ասում է, որ  Յոզեֆ Բոյսը ֆլուկսուս արվեստագետ է և նրա արվեստի սահմանները ջնջվել են, իր պերֆորմանսների ընթացքում շատ է համագործակցել երաժիշտների հետ, խոսքը եղել է հագեցած հնչյունային տերմինոլոգիայով և խոսել է հոգևոր ակուստիկայի մասին։

«Բոյսը սոցիալական քանդակի կամ պլաստիկայի հիմնադիրն է։ Իր արվեստը սկսվում է կավից, ավարտում է հասարակության հետ աշխատանքով։ Այն, որ արվեստի միջոցով կարող ես փոխել հասարակությունը դա բոլոր ժամանակների ակտուալ թեման է»,-նշում է Շուշան Հյուսնունցը։

«Բոյսին ուսունասիրելը խաղ գտնելու ճանապարհ է, -ասում է Հասմիկ Թանգյանը,- միշտ ուսումնասիրել եմ խաղը, խաղի մեջ խոսակցության այլ մակարդակներ եմ տեսնում, որտեղ մենք ներկա ենք բնազդներով, բնական ենք ու աուտենտիկ, չկա մրցակցություն թե ով է հաղթելու»։

Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 26 -ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում, ժամը 19։00-ին։

Կարդացեք նաև

Back to top button