ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փարաքարը՝ առանց  համայնքապետի, համայնքի 5 բնակավայրերը՝ առանց վարչական ղեկավարների

Արմավիրի մարզի Փարաքար համայնքն արդեն մեկ ամիս չունի համայնքի ղեկավար: Դեկտեմբերի 11-ի նիստում ավագանու երեք խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել: ՏԻՄ օրենքի համաձայն՝ երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում ավագանին վաղաժամկետ լուծարվում է, և վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Փարաքար և Բաղրամյան համայնքների 5 բնակավայրերը ևս տևական ժամանակ չունեն վարչական ղեկավարներ:

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը նոյեմբերի 18-ին հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից մի վիճաբանությանը ներկա լինելու պատճառով, որն ավարտվել էր սպանությամբ:

Գյուլնազարյանը 2021թ․ դեկտեմբերի 5-ի ընտրություններին գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը, որը ստացել էր 6 քվե: Ընտրություններից հետո, համաձայնության գալով «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինք խմբակցության հետ, որոշում կայացվեց կիսել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը․ առաջին 2.5 տարիներին համայնքը ղեկավարեց Դավիթ Մինասյանը, այս տարվա մայիսից պաշտոնավարումը ստանձնեց Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Վերջինի հրաժարականից հետո արդեն մեկ ամիս Փարաքար համայնքը զրկված է որևէ գործառույթ իրականացնելու հնարավորությունից: Արմավիրի նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանն է բացատրում իրավիճակը։

«Քաղաքացիների սպասարկման, փաստաթղթաշրջանառության ապահովման հետ կապված մենք այս պահին ունենք խնդիր, որովհետև, ըստ օրենքի, համանքի ղեկավարին փոխարինում է առաջին տեղակալը: Մենք չունենք առաջին տեղակալ,  համայնքի ղեկավարի մյուս տեղակալն օրենքով սահմանված այդ իրավունքը չունի: Հետևաբար, բոլոր այն ծառայությունների մասով, որոնք համայնքապետարանը պարտավոր է օրենքով մատուցել, այս պահին խնդիր է առաջացել»:

Դեկտեմբերի 11-ի նիստում ավագանու երեք խմբակցություններն էլ թեկնածու չեն առաջադրել: Արմավիրի թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանն է մեկնաբանում:

«Եթե երկշաբաթյա ժամկետում ավագանու խմբակցությունները չեն ներկայացնում համայնքի ղեկավարի թեկնածու, ապա ավագանու լիզորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Դա  ՏԻՄ օրենքի 69 հոդվածի 2-րդ մասն է, որտեղ հստակ ասվում է՝ ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե Ընտրական օրենսգրքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում»:

ՏԻՄ օրենքի համաձայն՝ մինչև դեկտեմբերի 25-ը Փարաքարի ավագանին պետք է համայնքի ղեկավար ընտրի։ Հակառակ դեպքում կառավարությունը համայնքում կնշանակի ավագանու արտահերթ ընտրություններ: Գոռ Հովհաննիսյանն է մանրամասնում.

«Համայնքի աշխատակազմի քարտուղարը ավագանու նիստի վերաբերյալ կազմում է արձանագրություն, փաստատթղթեր են կազմվում և ուղարկվում կառավարություն: Կառավարությունը օրենքով սահմանված կարգով ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է և նշանակում է նոր ընտրություններ»:

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի երեք բնակավայրերն էլ՝ Մերձավանը, Պտղունքն ու Նորակերտը, տևական ժամանակ է չունեն վարչական ղեկավարներ: Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի հետ անցնում է նույն քրեական գործով, որը կապված է գույքի աճուրդի իրականացման հետ, Պտղունքի վարչական ղեկավարը ֆիզիոլոգիական արձակուրդում է, իսկ Նորակերտի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանը նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հասմիկ Գարսևանյան.

«Ես հիմա այդ պարտականությունները չեմ կատարում, չնայած հիմա հետևում եմ ամեն ինչին, որովհետև կիսատ գործեր են մնացել»:       

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում ևս երկու բնակավայր չունի վարչական ղեկավար՝ Շենիկի վարչական ղեկավար Կորյուն Մինասյանը մահացել է մարտի 15-ին, Արևադաշտ գյուղի վարչական ղեկավար Հովսեփ Օհանյանն աշխատանքից ազատվել է մարտի 6-ին: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյան.

«Օհանյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, բայց այս ընթացքում կնշանակենք: Հիմա պարտականությունները դրված են մեկ ուրիշ բնակավայրի վարչական ղեկավարի վրա, բայց մինչև նոր տարի, ամենուշը՝ հունվարի 10-ը, երկու վարչական տարածքներն էլ կունենան վարաչական ղեկավար»:

Շենիկում վարչական ղեկավարի պարտականություններն արդեն 9 ամիս իրականացնում է Քարակերտի վարչական ղեկավարը, իսկ Արևադաշտում՝ Հուշակերտինը:         

Կարդացեք նաև

Back to top button