
Պաշտպանության նախարարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին օրենսդրական նախագիծը։ Գործադիրն առաջարկում է լուծարել աշխարհազորը, փոխարինել այն տեղական պաշտպանության ուժերով, որոնք կգործեն բանակային կորպուսի հրամանատարի ներքո ու կհամալրվեն տվյալ համայնքում հաշվառված պահեստազորով։ Ընդ որում համալրումը կիրականացվի կամավորության սկզբունքով։ Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել նախագծին, այն կընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգ։
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվում է ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Պաշտպանության փոխնախարար Արմեն Սարգսյանը մանրամասնում է՝ նախագծով տեղական պաշտպանության ուժերը փոխարինելու են աշխարհազորին։ Նոր ուժերի ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը։ Դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմ՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։
«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստոզորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով` կամավորության սկզբունքով, անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր»,– մանրամասնում է Արմեն Սարգսյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը միջամտում է․ այս օրերին իրեն բազմաթիվ աշխարհազորայիններ են դիմել՝ հետաքրքրվել, թե ինչպիսին է լինելու իրենց ճակատագիրը։ Հարցին զեկուցող փոխնախարարն այսպես է պատասխանում․
«Իրենց համար սա որևէ կերպ վատթարացում չի համարվելու, և իրենք նույն տրամաբանությամբ աշխարհազորայիններից անցում են կատարելու կամավորության հիմունքներով ռեժիմին ու, նոր պայմանագրեր կնքելու միջոցով, հանդիսանալու են ոչ թե աշխարհազորային, այլ տեղական պաշտպանության ուժերը համալրողներ»։
Աշխարհազորի մասին կարգավորումը 2020թ հոկտեմբերին է ընդունվել, ընդդիմադիր պատգամավորը վերապահումներ ունի։ Նա կարծում է, որ անցած 4 տարում կառավարությունը ձախողել է աշխարհազորի համակարգը։

«Եկել հասել ենք 2024թ, պաշտպանության փոխնախարարին ասում ենք՝ կառավարության պարտականությունը՝ 2021-24թթ աշխարհազորի ձևավորման համար օրենքով նախատեսված պաշտոնյաներ՝ փոխմարզպետ, փոխքաղաքապետ նշանակվել է, ասում են՝ ոչ։ Կառավարությունը 2024թ եկել, ասում է՝ սիրելի հայ ժողովուրդ, այս մեխանիզմը չի գործում։ Արձանագրում ենք մի բան՝ 2020թ ընդունված օրենքը, 2021թ կառավարության ծրագրում հաստատված ուղղությունը 2024թ չի գործել, ի՞նչ կոպեկի արժեք ուներ այս օրենքը»,– ասում է Գեղամ Մանուկյանը։
Այս օրենսդրական նախաձեռնությունը դրական փոփոխություն է բերելու համակարգին՝ վստահ են համահեղինակները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն է արձագանքում․
«Այս օրենքը ընդունված է եղել 2020թ հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակահատվածում, և այն ժամանակվա դրությամբ սրա ընդունումը խիստ անհրաժեշտ է եղել։ Դրանից հետո եղել է իրադրության խիստ փոփոխություն, իսկ իրադրության փոփոխությունը իրավական փոփոխություններ անելու ամենակարևոր հիմքերից մեկն է»։

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին մտահոգում է նաև կարգավորման այն դրույթը որը սահմանում է, որ տեղական պաշտպանության ուժերը կարող են կազմվել միայն տվյալ համայնքում գրանցում ունեցող անձանցից։ Ըստ պատգամավորի, ՀՀ–ում բնակչությունը անհամաչափ է տեղաբաշխված, ու դա որոշակի սահմանափակումների պատճառ կդառնա ուժերը համալրելիս։ Հարցնում է՝ արդյո՞ք ավելի նպատակահարմար չէ, որ հաշվառման պահանջը ֆիքսված չլինի։
«Սրանով մենք փորձել ենք ավելի կանոնակարգել զինկոմիսարիատների և, առհասարակ, այդ ռեսուրսի հետ տարվող աշխատանքը, բայց, եթե ձեր փաստերն ու փաստարկները համոզիչ լինեն, հնարավոր է մենք մտածենք դրա շուրջ»,– արձագանքում է փոխնախարարը։
Վիլեն Գաբրիելյանը նաև համաձայն չէ այն պնդմանը, որ նախագիծը շատ կարևոր է․ «սա ոչ թե շատ կարևոր, այլ անչափ կարևոր փոփոխություն է»,– պնդում է պատգամավորը։
«Այս նախագծի հիմնական փիլիսոփայությունը՝ տարածքային պաշտպանության համակարգի հիմնական փիլիսոփայությունը, պիտի լինի այն, որ յուրաքանչյուր ոք, որը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, կամավորության այլ ոչ թե պարտադրանքի սկզբունքով իրավունք ունի մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը»։
Չնայած վերապահումներին ու դիտարկումներին, ոլորտային հանձնաժողովը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նախագծին։ Այն կընդգրկվի նաև առաջիկա լիագումար նիստի օրակարգ։




